Հայաստանի Միացյալ Նահանգների դեսպանության կազմակերպած «Սեպտեմբերի 11-ից հետո. պատկերներ «Թիրախային գոտուց»» խորագրով ցուցահանդեսը այսօր տեղափոխվեց Հայաստանի մշակույթի նախարարության ցուցասրահ: Հուլիսի 15-ին Երեւանի Մոսկվա կինոթատրոնի նախասրահում պաշտոնապես բացված այս ցուցահանդեսը ընդգրկում է ամերիկացի հանրահայտ լուսանկարիչ Ջոել Մեյերովիցի 28 մեծադիր լուսանկարներ:
Միացյալ Նահանգների պետքարտուղարության գիտության եւ մշակույթի գործերով բյուրոյի պատվերով Մեյերովիցը, Նյու Յորքի քաղաքային թանգարանի համատեղ, պատրաստում է ավելի քան 5000 լուսանկար ահաբեկչության ավերածությունները եւ դրանց վերականգմանն ուղղված ջանքերի վերաբերյալ: Աշխարհի խոշորագույն քաղաքներում ցուցադրելու համար պատրաստված այս ցուցահանդեսը նպատակ ունի հիշեցնել ահաբեկչության պատճառած ավերածությունների մասին, փաստագրել դրանք ու ցուցադրել, թե ինչպիսի սպառնալիք է ահաբեկչությունը մեծ քաղաքների համար:
«Իմ կարծիքով, առանց լուսանկարի չկա պատմություն: Ահա թե ինչու ես որոշեցի պատրաստել լուսանկարչական արխիվ նվիրված Նյու Յորքին: Թիրախային գոտում աշխատելը մեծ առավելություն էր: Այս վայրը հոգեկան մեծ ազդեցություն է ունեցել այստեղ աշխատող յուրաքանչյուր անհատի վրա», - ասել է Մեյերովիցը՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո միակ լուսանկարիչը, որ իրավունք է ստացել աշխատել այդ գոտում:
«Սա (սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը) մեկ ժողովրդի դեմ ուղղված չէր», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ցուցահանդեսի կազմակերպիչներից Մշակույթի բարեգործական հիմնադրամի տնօրեն Սամվել Մեսրոպյանը: - «Ձեռնոց է նետված ամբողջ մարդկությանը, եւ մենք էլ կամեցանք մեր աջակցությունը հայտնել: Մարդկության դեմ ուղղված այդ չարագործությանը մենք մեր «ոչ»-ը պետք է ասեինք, եւ սա երեւի ասելու ձեւերից մեկն է»:
Ցուցահանդեսը արդեն ցուցադրվել է Փարիզում, Լոնդոնում, Մոսկվայում, Ստամբուլում, Տաշքենդում ու Բաքվում: Երեւանում ցուցահանդեսը կգործի մինչեւ օոգոստոսի 3-ը:
Գայանե Դանիելյան, Երեւան