Վերջապես, իրավաբանորեն ձեւակերպվեց 98 միլիոն դոլար պարտքի դիմաց հայկական 4 ձեռնարկությունները Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու գործարքը: Համաձայնագիրը այսօր առավոտյան ստորագրեցին հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Իլյա Կլեբանովը եւ Սերժ Սարգսյանը։ Ըստ այդմ՝ իբրեւ լիարժեք սեփականություն ռուսական կողմին են անցնում Հրազդանի ջերմաէլեկտրակայանը եւ էլեկտրոնային արդյունաբերության երեք ձեռնարկություններ։
Իլյա Կլեբանովի մատուցմամբ, հայկական ձեռնարկությունները հավատարմագրային կառավարման են հանձնվելու ռուսաստանյան ընկերություններին՝ Հրազդանի ՋԷԿ-ը՝ ՌԱՈ ԵԷՍ-ին, իսկ Էլեկտրոնային ձեռնարկությունները՝ Ռուսաստանի համակարգային կառավարման դաշնային գործակալությանը։ Այդուհանդերձ, ըստ Իլյա Կլեբանովի, փոխանցվող ձեռնարկությունների վերջնական ցանկը կճշտվի ուրբաթ օրը՝ Ռուսաստանի կառավարության նիստում։
Ստորագրված փաստաթղթում հանձնվող ձեռնարկությունների նկատմամբ ռուսական կողմի ներդրումային պարտավորությունները հատուկ ամրագրված չեն, սակայն, ըստ հայկական կողմի՝ ենթադրվում են եւ նույնիսկ կան ներդումային նախագծեր։
Իհարկե, ենթադրվելը ամենեւին չի նշանակում, թե Ռուսաստանի կառավարությունը կամ ՌԱՈ ԵԷՍ-ը ամպայման ներդրումներ կանեն: Ռուսաստանյան այս ընկերությունը, ըստ էության, սնանկ վիճակում է եւ վերջերս դիմել էր Եվրոբանկին՝ 100 միլիոն եվրոյի վարկավորում ստանալու նպատակով։
Նկատենք, որ նույնիսկ գույքի փոխանցման վերջնական համաձայնագրի ստորագրումից հետո հստակ չի նշվում ո'չ փոխանցվող օբյեկտների գինը, ո'չ էլ անգամ այդ ձեռնարկությունների ցանկը։
Ըստ երեւույթին, պատճառը փոխանցվող օբյեկտների գների վերաբերյալ կողմերի միջեւ եղած լուրջ տարաձայնություններն են: Իր վերջին ասուլիսներից մեկում Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը հայտարարել էր, թե հայկական կողմը ձգտում է ռուսական պարտքը փակել միայն Հրազդանի ՋԷԿ-ի միջոցով, ընդ որում՝ առանց 5-րդ կիսակառույց էներգաբլոկի։ Մինչդեռ, ինչպես երեւում է այսօր ստորագրված համաձայնագրից, ռուսական կողմը դեմ է դրան։ Ավելին, անհրաժեշտություն է առաջացել դիմել միջազգային հեղինակավոր աուդիտորական ընկերությունների, որպեսզի նրանք գնահատեն ՋԷԿ-ը ու փոխանցման ենթակա մյուս ձեռնարկությունները։
Եվ այսպես, ռուսական պարտքի դիմաց գույքի փոխանցման գործարքը, թեկուզ նախնական ձեւով, կարելի է կայացած համարել։
Ակնհայտ է, որ այս գործարքով Ռուսաստանը ավելի շուտ լուծում է ոչ թե տնտեսական, այլ զուտ քաղաքական խնդիրներ. 100 միլիոն դոլարը Ռուսաստանի նման հզոր երկրի համար չնչին գումար է, մինչդեռ, տիրանալով հայկական օբյեկտներին, Ռուսաստանն ամրապնդում է դիրքերը ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում։ Տեղին է հիշել, որ այդ երկրին է պատկանում Հայաստանի գազամատակարարման համակարգի բաժնետոմսերի վերահսկիչ ծրարը։ Մեծամորի ատոմակայանի բաժնետոմսերի քառորդ մասը եւս գրավադրված է ռուսաստանյան ընկերություններում։
Հայաստանի ներկայիս կառավարության համար այս գործարքը զուտ ֆինանսաբյուջետային խնդիրների տեսանկյունից խիստ շահեկան է: Ռուսական 98 միլիոն դոլարի պարտքը մեր ավելի քան 900 միլիոն դոլար արտաքին պարտքի «ամենաթանկ» հատվածն է. դրա սպասարկումը բյուջեի վրա մեկուկես անգամ ավելի թանկ է նստում, քան մնացած 800 միլիոն դոլարի սպասարկումը։ Այդ պատճառով էլ իր բյուջեում խրոնիկ ճեղքվածք ունեցող Անդրանիկ Մարգարյանի կաբինետը ավելի քան մեկ տարի ձգտում էր ձերբազատվել այդ պարտքից, թեկուզ՝ առանցքային էներգետիկ օբյեկտը հանձնելու գնով։ Մյուս կողմից, լավ չէ, իհարկե, որ անվճարունակ կառավարությունը այլ երկրի է զիջում իր էնեգետիկ համակարգի առանցքային օբյեկտը:
Ատոմ Մարգարյան, Երեւան