Մատչելիության հղումներ

Կոմկուսի ղեկավարը նախագահ Քոչարյանին մեղադրում է կուսակցությունը պառակտելու մեջ





Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) կենտրոնական կոմիտեն երեքշաբթի օրը տարածած հայտարարությամբ քննադատում է երկրի ներկա իշխանություններին՝ շեշտելով համակարգային լուրջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: ՀԿԿ առաջին քարտուղարը հայտատարեց նաեւ, որ նախընտրական շրջանում իրենք համագործակցելու են արմատական ընդդիմության՝ «Հանրապետություն» կուսակցության, «Ազգային միաբանության» եւ ՀԺԿ-ի (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) հետ:

Հայտարարությունն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հրապարակեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը, բավական մեծ անդրադարձ կատարելով նաեւ Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությանը (ՀՆԿԿ), որի քաղաքական խորհրդի անդամներին հուլիսի 11-ին ընդունել նախագահ Քոչարյանը:

Հայաստանում ներկայումս գործող 7 կոմունիստական կուսակցություններից ՀՆԿԿ-ն ամենաուշն է տրոհվել կոմկուսից՝ ղեկավարության միջեւ ծագած տարաձայնությունների հետեւանքով, երբ Աժ պատգամավորներ, ՀԿԿ ղեկավար անդամներ Հրանտ Ոսկանյանը եւ Յուրի Մանուկյանը վտարվեցին կուսակցությունից: Իսկ գարնանը նրանց նախաձեռնությամբ ստեղծվեց ՀՆԿԿ-ն:

«Նախագահի կառքին լծված «նորացվածներին» ասենք, որ հանրապետության նախագահի հետ նկարվելով ու նկարահանվելով՝ վերջնականապես բաժանվեցիք ժողովրդից, մնալով ժողովրդից վաղուց բաժանված նախագահի հետ», - իրենց հայտարարությունից մեջբերեց Դարբինյանը՝ գնահատելով նաեւ ՀՆԿԿ-ի ղեկավարների հետ հանդիպելու նախագահ Քոչարյանի որոշումը. - «Նախագահի քայլի մեջ բացակայում էր խորը պետական մտածողությունը եւ իմաստնությունը»:

Նրա խոսքերով, երկրում հարկավոր է ուժեղ ընդդիմություն ունենալ եւ ոչ թե քայքայել կուսակցությունnերը՝ ընտրություններից առաջ նրանց ընտրազանգվածին ապակողմնորոշելու նպատակով:

Ի պատասխան լրագրողների հարցին, թե քաղաքական ո՞ր ուժերի հետ է համագործակցելու ՀԿԿ-ն առաջիկա նախընտրական շրջանում, Դարբինյանը անվանեց ՀԺԿ, «Հանրապետություն» եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունները:

«Մենք բանակցությունների մեջ ենք, եւ մոտ ժամանակներս դա հայտնի կդառնա նաեւ ձեզ», - ասաց Վլադիմիր Դարբինյանը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ նախագահական ընտրություններում ՀԿԿ-ի թեկնածուի հարցը քննարկվելու է աշնանը կայանալիք արտահերթ համագումարում:

Հայտարարության մեջ ՀԿԿ-ն անդրադարձել է նաեւ «Հոկտեմբերի 27»-ի դատավարությանը, նշելով, որ «ստեղծված կասկածամտության մթնոլորտը՝ իր ավերիչ հետեւանքներով սպառնում է երկրի անվտանգությանը»:

«Կարելի է գործը բացահայտել ամբողջովին եւ վերացնել այս կասկածամտության մթնոլորտը», - ասաց Դարբինյանը: - «Խանգարիչ հանգամանքներ շատ կան: Արտաքին ճնշում կարող է լինել դատական մարմինների վրա, նախաքննության մարմինների վրա: Նախաքննության մարմինները շահագրգռված չեն գործը մինչեւ վերջ բացահայտելու»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG