Մի խումբ հայ մտավորականներ՝ հիմնականում նկարիչներ, այսօր բողոքի ցույց էին կազմակերպել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ՝ իրենց մտահոգությունն արտահայտելու անցած կիրակի մերձմոսկովյան Կրասնոարմեյսկ քաղաքում տեղի ունեցած հայկական ջարդի կապակցությամբ:
Կիրակի երեկոյան Կրասնոարմեյսկում շուրջ հարյուր մահակավոր երիտասարդներ քաղաքով մեկ ծեծել էին հայերին, անգամ՝ մտնելով վերջիններիս տները: Իրադարձությունների պատճառը կենցաղային վեճի ընթացքում Իգոր Սամոյլյուկի դանակահարությունն էր հայացգի Սահյանի կողմից: Արդյունքում, սակայն, միակ ոչ հայ տուժածը հենց Սամոյլյուկն է, իսկ հայերից տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել երկու տասնյակից ավելի մարդ, որոնցից ութը տեղափոխվել են հիվանդանոց: Իրավապահները միջամտել են անկարգությունները սկսվելուց չորս ժամ հետո միայն, երբ ջարդարարների թիվը մոտեցել է հարյուրին: Ձերբակալվել է ընդամենը երկու մարդ:
«Մենք գտնում ենք, որ սա ուղղված է հայ ժողովրդի, ազգութամբ հայերի դեմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց քանդակագործ Արա Շիրազը: - «Կար թուրք խուժան, հիմա էլ կա ռուս խուժան: Եվ նրանք կարող են տուն մտնել, առեւանգել, վառել, ջարդել, փշրել, ինչպես Սումգայիթում»:
Ցուցարարները պահանջում են, որպեսզի Հայաստանի իշխանությունները պաշտպան կանգնեն հայերին: Նրանց խոսքերով, հարկ է նկատի ունենալ, որ ներկայումս միլիոնավոր հայեր են ապրում Ռուսաստանում, առավել եւս, որ Կրասնոարմեյսկում կատարվածը առաջին դեպքը չէ:
«Ես վախենում եմ», - ասաց Արա Շրիազը, - «Ռուսաստանում ապրող իմ եղբոր համար, որին չեմ ճանաչում: Ես մտահոգ եմ, որ մի օր դուռը կջարդեն եւ նրա ընտանիքը կոչնչացնեն, եւ սա կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ»:
Ցուցարարները որեւէ պատասխան չէին ակնկալում: «Մենք՝ մշակույթի մարդիկ ենք եւ եկել ենք մեր մտահոգությունը արտահայտելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նկարիչ Հաղթանակ Շահումյանը:
Հայաստանի արտգործնախարարությունը, մինչդեռ, կատարվածը բնորոշել է որպես «խուլիգանություն», որը էթնիկ կամ քաղաքական բնույթ չի կրում: Իսկ Արա Շիրազի բնորոշմամբ, խուլիգանություն կլիներ, եթե դեպքը կատարվեր սրճարանում, փողոցում, իսկ Կրասնոարմեյսկում մարդիկ ծեծի են ենթարկվել իրենց տներում:
Կրասնոարմեյսկում, մինչդեռ, երեկ չարտոնված ցույց է կազմակերպվել՝ ձերբակալված ջարդարարներին ազատ արձակելու պահանջով:
Մոսկվայի մարզի իշխանություններն ու իրավապահ մարմինները շարունակում են հայերի ջարդը բնութագրել որպես «ընդհարում երիտասարդների միջեւ»: Մարզային վարչակազմի մամուլի եւ լրատվության նախարար Արդրեյ Բարկովսկին «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ նահանգապետը, հետաքննությունը վարող մարզային դատախազությանը վստահելով հանդերձ, անձնական հսկողության տակ է պահում իրավիճակը:
Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Կրասնոարմեյսկում կատարվածը որակեց «առանձին դեպքեր՝ իհարկե շատ ողբերգական եւ շատ տհաճ»: Նա ասաց, որ Սանկտ Պետերբուրգ իր առաջիկա այցի ընթացքում կրկին կբարձրացնի այդ հարցը Ռուսաստանի ղեկավարության առջեւ, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն: «Այս մասնավոր դեպքերը անգամ պետք է բացառել, քանի որ դրանք ստվերում են մեր բարեկամական հարաբերությունները», - ասաց Արմեն Խաչատրյանը:
Շաքե Ավոյան, Հրաչ Մելքումյան, Երեւան եւ Արթուր Տերյան, Մոսկվա