Մատչելիության հղումներ

Ընդլայնվելու է պայմանագրային զինծառայության դաշտը


Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց զինվորական ծառայությանը վերաբերող օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթը:

«Պետք է սահմանազատենք զինապարտությունը ծառայությունից», - փոփոխությունների նպատակը հստակեցրեց պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը:

«Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքով, պարզաբանեց փոխնախարարը, կանոնակարգվելու է ինչպես պարտադիր ժամկետային, այնպես էլ պայմանագրային ծառայությունը:

Պայմանագրային կարգով Հայաստանի բանակի սպայական կազմը համալրվել էր դեռեւս 1992 թվականին: Այն ժամանակ հապճեպ ընդունված փաստաթուղթը, գեներալ Աղաբեկյանի ներկայացմամբ, հիմնարար մշակման է ենթարկվել, իր մեջ ներառելով նաեւ պայմանագրային հիմունքներով շարքային զիմծառայության իրականացնելու հնարավորությունը:

«Մի շարք պաշտոններ, որ զբաղեցնում էին պարտադիր ժամկետային զինծառայողները, դարձրել են պայմանագրային», - ասաց նա, ավելացնելով, որ դա նաեւ քայլ է դեպի պրոֆեսիոնալ բանակ: - «Այսօր ունենք խաղաղապահ գումարտակ, որտեղ շարքային կազմը ամբողջությամբ պայմանագրային զինծառայողներ են: Ականազերծման կենտրոնում էլ շարքային կազմը պայմանագրային զինծառայողներ են»:

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց նաեւ «ՀՀ զինված ուժերի զինծառայողների զինվորական կոչումների մասին» օրենքում առաջարկված փոփոխությունները: Մամուլում անցած մի քանի ամսում հրապարակումներ եղան, թե վերջին 2-3 տարիներին Հայաստանում խիստ շռայլորեն են շնորհվում գեներալական կոչումները: Ըստ ընդունված փոփոխության, հստակեցվում է բարձրագույն սպայական կոչումների շնորհման կարգը:

Փոխնախարարը չհամաձայնեց մամուլի դիտարկումներին, թե բարձր սպայական կոչումների շնորհման գործում կային քաղաքական նկատառումներ: Նրա կարծիքով, գեներալի կոչում են ստացել միայն արժանավորները:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG