Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Մուշեղը դատապարտվեց 7 տարի ազատազրկման: Իսկ քանի՞ տարի կնստեն «27»-ի կազմակերպման մեջ կասկածվողները, երբ ժամանակները փոխվեն», - հեռագծում է «Առավոտ» թերթը, ներկայացնելով նաեւ «Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը. «Ռոբերտ Քոչարյանը եւս մեկ անգամ փաստեց, որ քաղաքական պատասխանատվություն է կրում «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության կազմակերպման համար», - նշված է դրանում: - «Կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարում է իր զորակցությունը քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանին՝ պնդելով, որ գործող իշխանությունը մեղսակից է «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության կազմակերպմանը»։

«Օրրան» թերթի խտացմամբ, Սաղաթելյանը դատապարվեց «27-ի կազմակերպիչների վերաբերյալ իր կասկածները բարձրաձայնելու համար: Ոչ թե կասկածների, այլապես Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մասը պետք է վաղուց նստած լիներ, այլ՝ բարձրաձայնելու»: «Իշխանություններին, չգիտես ինչու, թվում է, թե Մուշեղին նստեցնելով փարատվում են հիշյալ կասկածները, մինչդեռ», - շարունակում է«Օրրան»-ը, - «իրականում հիշյալ կասկածներն ավելի են խորանում: Մեր երկրում հերթական դատական ֆարսն է խաղարկվում, եւ տարօրինակ է, որ «հանդիսատեսը»՝ հասարակությունը, քաղաքական ուժերը եւ, մանավանդ, Մուշեղ Սաղաթելյանի երկրապահ ընկերները, լուռ ու մունջ ներկաների դերում են սոսկ: Յուրաքանչյուրին իր օբյեկտ-սուբյեկտ-գրպանի հարցն ավելի է հուզում, քան հանուրինը, եւ հենց դա է իշխանություններին հնարավորություն տալիս ցանկացած պահի անել ցանկացած բան եւ, իհարկե՝ ցանկացած ձեւով»:

«Հայոց Աշխարհ» թերթը հիմնովին հաստատված է համարում, որ գործ ունենք պարզապես հերթական քրեական հանցագործի հետ, եւ հասարակությանը դիմազրկելու, անբարո վարքագծի դրսեւորում է որակում բանտապետին «քաղբանտարկյալ» ներկայացնելու համառումները: Ամեն դեպքում, ըստ «Հայոց Աշխարհ»-ի, «բանտապետական այս սարքված գործընթաց-շոուն ոչ մի ներգործություն չունեցավ հասարակության վրա»:

Ինչ վերաբերում է երկրում քրեական իրավիճակին, «Հայոց Աշխարհ»-ում կարդում ենք. «Գնալով ավելի հաճախ ենք ստիպված լինում հայոց աշխարհը համեմատել Սիցիլիայի հետ: Մասնավորապես, վերջին շաբաթվա ընթացքում գրեթե ամեն օր սպանություն է լինում՝ մեկը մեկից զարհուրելի ու սահմռկեցուցիչ»: Անցած գիշեր ավտոմատի կրակահերթով «Վանատուր» ռեստորանի տեր՝ գործարար Արտավազդ Խանդանյանի ու նրա վարորդի սպանությունը այս շաբաթ յոթերորդն էր:

Շրջանառության մեջ են մնում ակնարկներն ու կասկածները, թե նախագահի դեմ խաղում են եւ նրա թիմակիցները: «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, նախօրեին Ռոբերտ Քոչարյանի վարած կառավարության նիստը անցել է խիստ լարված մթնոլորտում: Նախագահը իրեն ոչ հատուկ կերպով կոշտ արտահայտություններ է արել որոշ նախարարների հասցեին: Սա, ինչպես մեկնաբանված է «Հայկական ժամանակ»-ում, «կարող է նշանակել, որ Քոչարյանն էլ լուրջ է վերաբերվում այն վարկածին, թե իր պաշտոնանկության հարցը ԱԺ օրակարգ չէր մտնի առանց կառավարության որոշ անդամների աջակցության»: Մյուս կողմից, կարծես վերախանդավառվում են ընդդիմադիրները. «13 կուսակցությունները պատրաստվում են հունիսի 10-ին խորհրդարանի շուրջ միտինգ կազմակերպել եւ ճնշում գործադրել պատգամավորների վրա, որպեսզի վերջիններս կողմ քվեարկեն Քոչարյանի պաշտոնանկության հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշման նախագծին»: «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ Սուրենյանցը «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրել է նաեւ հունիսի 7-ին հանրահավաք կազմակերպելու իրենց մտմտուքի մասին:

«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանի գնահատականով, անցած այս ողջ ընթացքում ընդդիմությունից միայն «Հանրապետություն» կուսակցությունն է համեմատաբար ազնիվ խաղացել եւ հավատացել Ազատության հրապարակում առաջ քաշված կարգախոսերին: Մնացյալը ընդամենը փորձել են իրենց համար պտուղներ քաղել նրա ուղղագիծ ակտիվության դաշտում, օգտվել նրա սեւագործ աշխատանքից եւ ճգնաժամային պահերին հետ են քաշվել՝ նրան թողնելով միայնակ:

«Անհրաժեշտ է, որ լինի խելացի, գրագետ, կիրթ, հայացքները սահմանափակ չլինեն, տեսնի, թե ինչ է կատարվում աշխարհում եւ կարողանա Հայաստանը ներգրավել այդ պրոցեսներին մաքսիմում օգուտով՝ թե Հայաստանի, թե աշխարհի համար: Պետք է լինի շատ բարի եւ օրինապաշտ եւ շատ ու շատ սիրի իր ժողովրդին ու իր երկիրը». այսպիսին է տեսնում 2003-ի Հայաստանի նախագահին Վազգեն Մանուկյանը, «Օրրան» թերթում հավաստիացնելով, թե տասնյակ այդպիսի մարդիկ կան Հայաստանում: «ԱԺՄ-ն Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը չի պաշտպանի... Եթե նայենք զուտ ժողովրդի տեսանկյունից, ապա նա շատ չնչին շանսեր ունի», - ասում է Վազգեն Մանուկյանը: - «Բայց կա մեկ այլ հանգամանք եւս. Ռոբերտ Քոչարյանի դիմաց չկա այն հակադրվող ֆիգուրը, որի հետեւից կգնա ժողովուրդը: Այդ ալտերնատիվը պետք է ժողովրդի կողմից նաեւ հոգեբանորեն ընդունելի լինի: Առայժմ այդպիսի ալտերնատիվ թեկնածու չկա: Ու քանի որ այդ հակադրությունը չկա, ժողովուրդն անտարբեր է: Եվ ինչքան ժողովուրդն անտարբեր եղավ, այնքան Ռոբերտ Քոչարյանի շանսերը մեծ են լինելու, որովհետեւ այդ ժամանակ կաշխատեն վարչական-ֆինանսական լծակները, որոնք այս պահին գտնվում են նրա ձեռքում»: «Ռոբերտ Քոչարյանի վարչակարգի ո՞ր սխալներն էին պատճառը, որ նա այսօր չի վայելում ժողովրդի աջակցությունը հարցին» Վազգեն Մանուկյանը պատասխանում է. - «Անկեղծ ասած, սխալներն այնքան շատ են եղել, որ դրանք մասնավորելն անիմաստ է: Խոսեմ մոտեցումների մասին... Անտեսելով արտաքին հարաբերություններում երբեմն թույլ տված ծիծաղելի սխաները՝ ասեմ, որ հիմնական ուղղությունը այդտեղ կարծես թե պահպանվեց: Սակայն նույնը չես ասի ներքին քաղաքականության մասին: Ռոբերտ Քոչարյանին բացառիկ շանս էր տրվել՝ համախմբելու Հայաստանի քաղաքական դաշտը, իսկ ինքը հակառակը՝ փոշիացրեց այն, եւ ամբողջի վրա հենվելու փոխարեն՝ այն մասնատեց, դարձրեց մոզաիկ ու հենվեց այդ պատկերի վրա: Այդ հիմքը պետության համար կայուն լինել չի կարող»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG