Երեւանի օպերայի շենքի շրջակա պուրակի տարածքները վարձակալության տված մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը, քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության ներկայացուցիչները կիսում են մտավորականության վրդովմունքն ու մտահոգությունը, սակայն տարածքների տրամադրումը բացատրում են դրանք բարեկարգելու անհրաժեշտությամբ:
Անցած շաբաթ Հայաստանի ստեղծագործական միությունները մտահոգություն էին արտահայտել Երեւանի կենտրոնում ծավալված շինարարական աշխատանքների կապակցությամբ, որոնք խաթարում են պատմականորեն ձեւավորված ճարտապետական միջավայրը եւ աղճատում մայրաքաղաքի կերպարը:
«Ընդամենը մի քանի տարի առաջ չէինք կարող պատկերացնել, որ քաղաքի խորհրդանիշ հանդիսացող Օպերայի շենքը», - նշված էր հայտարարության մեջ, - «որն իր շրջակա միջավայրով ունի բացառիկ արժեք եւ կապվում է ժողովրդական հիշողության թանկ էջերի հետ, այսօր իր կանաչապատ տարածքներով հանդերձ ենթարկվում է զուտ կոմերցիոն նպատակներով իրականացվող շինարարական գրոհի»:
Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հրավերով, ստեղծագործական միությունների ներկայացուցիչները այսօր քաղաքապետարանի ճարտարապետական ղեկավարության հետ քննարկում էին խնդիրը, լսում նրանց բացատրությունները:
Հայաստանի գրողների միության քարտուղար Դավիթ Մուրադյանը անընդունելի համարեց մոտեցումը, երբ քաղաքի հոգեւոր կազմակերպման կենտրոնի, «ազգ համախմբող», «ազգ բարձրացնող» կոթողի շուրջը ստեղծվում է «տոտալ կոմերցիոն միջավայր»:
Հանդիպման մասնակիցներից շատերը հոռետես էին, թե հանդիպումը կարող է որեւէ դրական արդյունքի հանգեցնել: Սիլվա Կապուտիկյանը վրդովված մեջբերեց Կոմիտասի այգում գտնվող հայ մեծերի Պանթեոնի հարեւանությամբ կառուցված սրճարանի տիրոջ խոսքը, թե ավելի շուտ Պանթեոնը կքանդեն, քան իր սրճարանը:
Միակ հույսն այն էր, թե Օպերայի շրջակայքում համատարած շինարարությունների գոնե մի մասն ապօրինի է, եւ, քաղաքապետի վճռով դրանց շինարարությունը հնարավորինս արագ կկասեցվի: Պարզվեց, սակայն, որ կառուցվող բոլոր շինությունները՝ հիմնականում սրճարանները, օրինական են, եւ հողահատկացումները կատարել է նույն քաղաքապետարանը՝ վարձակալության է տվել Օպերայի շրջակա տարածքը:
Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը չկարողացավ հիշել, թե քանի տարով են այդ տարածքները տրվել վարձակալության, կարողացավ փաստարկել, սակայն, թե դա արվել է զուտ տարածքը բարեկարգելու նպատակով: Պուրակների տեղում սրճարան կառուցելը, եթե հետեւենք Սարգսյանի տրամաբանությունը, պուրակների բարեկարգում է նշանակում:
Կիսելով, այդուհանդերձ, մտավորականների վրդովմունքը, Նարեկ Սարգսյանը խոստացավ առաջիկա երկու շաբաթների ընթացքում կառավարություն ներկայացնել որոշման նախագիծ, որով Օպերային թատրոնի շենքը եւ նրա շրջակայքը կհամարվի պատմամշակութային գոտի եւ կարգելվի այդտեղ նոր շինությունների կառուցումը: Որոշման նախագիծն, անշուշտ, լավն է, թեեւ ճշմարտության դեմ չմեղանչելու համար, հարկ է նշել, որ արդեն տեղ էլ չկա (եթե, իհարկե, բացառենք օպերայի շենքը քանդելն ու փոխարենը սրճարաններ կառուցելը):
Գայանե Դանիելյան, Երեւան