Տնտեսական դատարանը այսօր մերժեց «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ընկերության՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ապրիլի 2-ի որոշումը անվավեր ճանաչելու մասին հայցը: Ներկաները խիստ դժգոհությամբ ընդունեցին դատավոր Նախշուն Տավարացյանի հրապարակած վճիռը: Անկախ հեռուստաընկերության փաստաբանները վճիռը բողոքարկելու են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատում:
«Մելտեքս»-ի շահերի ներկայացուցիչներից, Հայ իրավաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր֊-Եսայանը առայժմ դժվարացավ գնահատական տալ՝ վճիռն իրավակա՞ն, թե՞ քաղաքական հարթության վրա էր:
«Տեսնենք, թե ինչպես է ձեւակերպելու [դատավորը] իր հրապարակած վճիռը, որով մերժում է մեր հայցը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի շահերը ներկայացնող՝ «Ինտերնեշնլ լիգըլ քընսալտինգ» («Միջազգային իրավական խորհրդատվություն») ընկերության փաստաբանները՝ Խաչատրյանը, Պետրոսյանը եւ Արզումանյանը, դատարանի դահլիճը լքել էին դեռ այն պահին, երբ նախագահողը հեռացել էր վճիռ կայացնելու: Ներկաները դա մեկնաբանեցին, թե նախօրոք գիտեին վճռի բովանդակությունը եւ վախենում էին հավաքվածների հաշվեհարդարից, որոնք, իրոք, խիստ դժգոհությամբ ընդունեցին հրապարակված վճիռը:
Մինչեւ վճռի հրապարակումը «Մելտեքս»-ի շահերի ներկայացուցիչները բազմիցս հայտարարեցին, թե «պատասխանողները հստակ չեն պատասխանում հարցին, եւ ընդհանրապես խուսափում են հղում անել օրենքի հոդվածներին»:
Հանձնաժողովի շահերի ներկայացուցիչն էլ բազմիցս հակադարձեց. -
«Ես պատասխանում եմ ըստ էության: Կարող է պատասխանը ձեզ չբավարարել, դա ձեր գործն է»:
Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքը, օրինակ, պահանջում է, որ արտոնագրի համար մրցույթի դիմումում տեղեկանք լինի ֆինանսական հնարավոր աղբյուրների մասին, հանձնաժողովը, մինչդեռ, տեղեկանքի փոխարեն տեղեկություն է պահանջում: Հանձնաժողովի շահերը պաշտպանող փաստաբաններից Սուրեն Պետրոսյանը բացատրությունը հետեւյալն էր. եթե խոսքը ֆինանսական աղբյուրների մասին է, «տեղեկանքն» ու «տեղեկությունը» նույնն են...
Կամ՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 49-րդ հոդվածում մի շարք խիստ կոնկրետ պահանջներ կան, որոնք պիտի նշվեն մրցութային հայտ ներկայացնողի դիմումում: Սակայն հանձնաժողովը դրանց մի մասն անտեսել է: Սրան ի պատասխան Սուրեն Պետրոսյանը բառացիորեն ասաց. «Եթե անգամ հանձնաժողովի կողմից հաստատված դիմումի ձեւում նման տող չի նախատեսվել լրացնելու համար, դիմումատուն ինքը պետք է ծանոթ լիներ օրենքին եւ ներկայացներ այդ տվյալները»:
Հեռուստառադիոյի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը խոստացել էր դատավարության ավարտից հետո հրապարակել, թե ինչ միջոցներով էին պետբյուջեից ֆինանսավորվող հաձնաժողովի շահերը պաշտպանում «Միջազգային իրավական խորհրդատվություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության երեք փաստաբանները: Այսօր նա «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. - «Ընկերությունն ինքն է դիմել հանձնաժողովին՝ ստանձնելու պաշտպանությունը, եւ պայմանավորվածություն է եղել մեր միջեւ, որ նրանք հանձնաժողովին պաշտպանում են անվճար»:
Իսկ փաստաբան Էդիթ Խաչատրյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե իրենք ելել են ամերիկյան պրակտիկայում հայտնի «բարոյական գործ» սկզբունքից, երբ գործերի մեկ տոկոսը անվճար են պաշտպանում:
Էդիթ Խաչատրյանը ավելացրեց, թե հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ֊-ի դեսպան Ջոն Օրդուեյի հետ, եւ իր տպավորությամբ, «Ա1+»-ի փակման կապակցության խիստ քննադատական հայտարարությունն անելիս դեսպանատանն օրենքը լավ չէին նայել: Հարցին, թե ի՞նչ զգացումներ ունի՝ օգնելով անկախ հեռուստաընկերություն փակելուն, Խաչատրյանը պատասխանեց, որ «արդյունքն իրավաբանի գործը չէ», քանի որ ամեն ինչ օրենքով է եղել:
Իսկ մամուլում հրապարակված տեղեկությունը, թե ինքը նախագահ Քոչարյանի մտերիմներից է, Էդիթ Խաչատրյանը, որը 1994-98 թվականներին Ամերիկայի հայկական համագումարի Երեւանի գրասենյակի տնօրեն է եղել, որակեց «դեղին լրագրության հորինվածք»՝ ասելով, թե դեռ Ղարաբաղից ճանաչում է Ռոբերտ Քոչարյանին, վերջինիս մտերիմներից, սակայն, չէ:
«Ա1+»-ին կապուղուց զրկելուց հետո բողոքի հանրահավաքներ եւ երթեր նախաձեռնած ընդդիմադիր 14 կուսակցությունների ներկայացուցիչները այսօր քննարկեցին վաղվա հանրահավաքի անցկացման հետ կապված հարցերը. հանրահավաքից հետո երթ է լինելու, իսկ ամենավերջում՝ Ազատության հրապարակում տեղադրված էկրանից հանրությանը կներկայացվի «Այբ-Ֆե»-ի լրատվությունը:
«Որոշումը արդեն խոսում է այն մասին, որ դատարանը համոզվեց, որ իրավական տեսակետից «Ա1+»-ի փաստարկները այնքան հզոր են, որ իրենք այլ ճար չունեն, քան ուղղակի հայցը մերժել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ Շավարշ Քոչարյանը, ավելացնելով, որ անհրաժեշտ է շարունակել ճնշումը:
Նախնական հայտարարությունը ստորագրած բոլոր կուսակցությունները համակարծիք են եւ շարունակելու են պայքարել: Պաշտոնապես վաղվա հանրահավաքին չի մասնակցում միայն Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, թեեւ հայտարարությունից չի հրաժարվել:
Ըստ Շավարշ Քոչարյանի, նախաձեռնողների միջեւ կարող են տարբերություններ լինել մարտավարության հարցում, իսկ ընդհանուր առմամբ, ընդդիմությունն այս հարցում միահամուռ է:
Ռուզան Խաչատրյան եւ Շաքե Ավոյան, Երեւան