Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ո՞ւր է մեր բազմակարծությունը», - նայում է այսօր «Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանը՝ արձանագրելով. - «Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում խիստ կրճատվել են այն հեռուստառադիոհաղորդումները, որոնք քիչ թե շատ ծառայում էին կամ կարող էին ծառայել բազմակարծության ապահովմանը, որոնք իրենց մեջ բանավեճի, տեսակետների բախման տարրեր են պարունակել կամ քաղաքական վերլուծություններ»:

«Իրավունք» թերթում էլ մատնանշվում է, որ ավելի ու ավելի խորը ճակատային են դառնում երկու ճամբարի բաժանվող լրատվամիջոցների հարաբերությունները: Ընդհանրապես, «քաղաքական դաշտի բաժանումը նախագահամետ ու հականախագահական հատվածների, ընթանում է բավականին սրընթաց եւ բուռն», - արձանագրված է «Իրավունք»-ի վերլուծականում: - «Գնալով ավելի հաճախ է հնչելու «մեզ հե՞տ, թե՞ մեր դեմ» հարցադրումը, եւ իշխանության «նավակը» ճոճելու գործընթացը ավելի ու ավելի մեծ թափ է հավաքում»:

«Ինչ վերաբերում է նախագահի կողմից այդ գործընթացին վարչական ռեսուրսները հակադրելու մեթոդին, ապա չինովնիկության գերակշիռ մեծամասնությունը բաղկացած է մարդկանցից, ովքեր գերադասում են լինել միշտ ուժեղի թիմից, եւ ընդդիմադիր հզոր բեւեռ ստեղծելու դեպքում նրանցից շատերը կտատանվեն, թե ում կողմը բռնել», - ուրվագծել է մեկնաբանը, ամեն դեպքում արդեն կանխատեսելով, թե աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցնելու են աննախադեպ կոպիտ ու արյունոտ:

Գլխավոր դատախազության դիմաց երեկ ծեծկռտուք էր տեղի ունեցել դատախազության եւ ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Ծեծկռտուքի գլխավոր հերոսներն են ներքին գործերի փոխնախարար Հովհաննես Վարյանը եւ դատախազության քննիչ Արսեն Բեգինյանը: Տվյալ դեպքում կարեւորն այն չէ, թե ով է եղել սխալ: Կարեւորը, «Հայկական ժամանակ»-ի շեշտադրմամբ, հետեւյալն է. «Եթե դատախազության հաստավիզ քննիչը կարող է «չափալախել» ներքին գործերի փոխնախարարին, որը նաեւ գեներալ է, ի՞նչ կանի նա Հայաստանի շարքային քաղաքացու հետ: Ու եթե ոստիկանները կարող են դատախազության քննիչին «քացու տակ» քցել, ի՞նչ կարող են անել նրանք Հայաստանի շարքային քաղաքացու հետ»:

«Այն, որ օրինականությանը հետամուտ լինելու կոչում ունեցող քննիչը հայհոյել ու հարվածել է փոխնախարարին, փաստ է», - արձանագրում է «Երկիր» թերթի մեկնաբանը, իր հերթին հարց դնելով. - «Ո՞վ կարող է երաշխավորել, որ ներքին գործերի փոխնախարարին հարվածող ու հայհոյող քննիչը կծառայի օրենքին եւ նույնպիսի վարքագիծ չի դրսեւորի որեւէ գործով նախաքննություն իրականացնելիս, ինչպիսի «ջերմ» վերաբերմունքի կարժանացնի իր աշխատասենյակում հարցաքննվող վկաներին, կասկածյալներին, մեղադրյալներին»:

«Հայոց Աշխարհ» թերթում էլ, ուր համակրանքն ավելի դատախազության աշխատակցի կողմն է, միջադեպը իմաստավորված է այսպես. «Հովհաննես Վարյանը, անկախ ամեն ինչից, ու մանավանդ փոխնախարար, գեներալ լինելով, պարտավոր էր կարգազանցություն թույլ տված անձին պատասխանատվության ենթարկելու նպատակով միմիայն օրինական քայլեր ձեռնարկել: Ավելին, էլի՝ անկախ ամեն ինչից, պարտավոր էր կանխել ինքնադատաստանի դիմած ենթակա-ոստիկանների գործողությունները: Կամ, եթե, ասենք, դատախազության աշխատակցի փոխարեն մի շարքային քաղաքացի լիներ, ի՞նչ է, տեղում խփել-սպանելո՞ւ էին», - նույն այս հարցադրմամբ է ամփոփում «Հայոց Աշխարհ»-ը:

«Երկիր» թերթի ուշադրությունն այսօր առավելապես սեւեռված է ՀՀՇ-ի ակտիվացող գործունեությանը: «Խաղաղության կուսակցությունը պատերազմ է հայտարարում» վերնագրի տակ նշվում է. - «Մինչեւ օրս առկա խոսակցությունների ու վերլուծությունների թեմատիկան եւ ուղղվածությունը ձեռնտու էր ՀՀՇ-ին: Դա նրանց հնարավորություն էր տալիս հիմնականում ինքնադրսեւորվել հանրության մեջ շրջանառվող թեմաների շուրջ մեկնաբանություններ անելով: Սակայն ներքաղաքական զարգացումների եւ, որ առավել էական է, տարածաշրջանային գործընթացների տրամաբանությունը ՀՀՇ-ից պահանջում է հստակեցնել մի շարք հարցերի կապակցությամբ իր դիրքորոշումը»:

Վերլուծաբանի հայացքով, ՀՀՇ-ի գործիչները նախ եւ առաջ ձգտում են մեզ վերադարձնել Տեր-Պետրոսյանի ձեւակերպած «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» բանավեճին: «ԼՂՀ կարգավորման ՀՀՇ-ական տարբերակի հարցադրման վերակենդանացման հայտն ուղղված է ոչ այնքան մեր հանրությանը, որքան արտաքին աշխարհին: Սրանով ՀՀՇ-ն ուզում է ցույց տալ, թե ինքը իշխանության գալու պարագայում Հայաստանի դիրքորոշումն արտաքին ճակատում ընդհանրապես եւ Արցախի հարցում մասնավորապես, պատրաստ է տեղափոխել զիջումների ճանապարհ»:

Ըստ այդմ էլ, «Երկիր»-ում հարց է ուղղվում ներկայիս ընդդիմությանը՝ «Գիտակցո՞ւմ են նրանք, որ ՀՀՇ-ի քաղաքական պայքարի ռեւանշի հիմքը հենց այս հարցադրում-նպատակադրումն է»:

«Դավաճանության ճանապարհը» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանն էլ բանաձեւում է. «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովին առնչող դրսեւորումներով նախկին նախագահի շրջապատը ի լուր աշխարհի կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը: «Ներկայումս», - ընդգծված է անդրադարձում, - «Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման խնդրի վրա կախված գլխավոր սպառնալիքը ներազգային պառակտման եւ գզվռտոցի այն վտանգավոր միտումն է, որ արձանագրվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Այդ միտումի հիմքում ընկած է ցեղասպանության ճանաչման խնդիրը համազգային պայքարի հարթությունից դուրս բերելու, ողջ ազգի ընդհանուր նպատակից՝ նրա մի հատվածը մյուսի դեմ տրամադրելու միջոցի վերածելու եւ այդ ճանապարհով՝ ներազգային ճակատում առկա հակառակորդներին հարվածելու ձգտումը»:

Կրասնոդարի երկրամասում ազգամիջյան թշնամանքի հրահրման գործընթացում առաջնային թուրքական ազդակներ է տեսնում «Ազգ» թերթի մեկնաբանը: Ինչ վերաբերում է հայաստանյան հակազդեցությանը՝ «Ակնհայտ է, որ հարցի արծարծմանը զուգահեռ, քաղաքական ուժերն ըստ էության որեւէ կերպ հարցը կարգավորել չեն կարող։ Գոյություն ունեն համապատասխան պայմանագրեր, եւ դա երկու երկրների կառավարությունների, Կրասնոդարի երկրամասի իշխանությունների բանակցությունների խնդիր է։ Ինչ մակարդակով հարցին կմոտենան հայաստանյան իշխանությունները, այդպիսին էլ կլինի համապատասխան լուծումը»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG