Ապրիլի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից իր կապուղուց զրկված «Ա1+» անկախ հեռուստաընկերության աշխատակազմը երեկ ուշ երեկոյան որոշում է ընդունել հրաժարվել նախագահ Քոչարյանի՝ իրենց հետ հանդիպելու առաջարկից:
«Որովհետեւ չենք գտնում զրույցի թեմա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը, ավելացնելով, թե երեկ «Զվարթնոց» օդանավակայանում Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունից հետո տպավորություն ստեղծվեց, թե «Ա1+»-ն է խնդրում անպայման հանդիպել եւ ինչ-որ օգնություն է սպասում նախագահից:
Նախագահ Քոչարյանը երեկ ասել էր. - «Ինչպիսի խոսակցություն կլինի, ես չգիտեմ, որովհետեւ չգիտեմ ինչպիսի ակնկալիքներ կան»:
Հանդիպման մասին ապրիլի 2-ի առավոտյան՝ մինչեւ հանձնաժողովի քվեարկության արդյունքների հրապարակումը խոսել էր նախագահը, ասելով, թե պատրաստ է հանդիպել «Ա1+»-ի աշխատակազմի հետ եւ «միասին քննարկել, թե ինչ կարելի է անել»:
Մեսրոպ Մովսիսյանը ասաց, որ թեեւ մինչեւ մրցույթի արդյունքները հրապարակելը նախագահը «Ա1+»-ի մասին արդեն խոսում էր անցյալ ժամանակով, բայց իրենք դա լեզվի սայթաքում էին համարել, եւ երբ նախագահի աշխատակազմից հանդիպման հրավեր էին ստացել, որոշել էին ընդունել այն:
Իսկ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությունից հետո «մենք հասկացանք, որ ինքը մեզ հետ զրուցելու բան չունի, ամեն ինչ կայացել է», - ասաց «Ա1+»-ի նախագահը: Ուստի ուշ երեկոյան զանգահարել են նախագահի աշխատակազմ եւ հայտնել, որ հրաժարվում են հանդիպումից:
Մեսրոպ Մովսեսյանի կանխատեսմամբ, հանդիպումը արդյունք չէր ունենա: Միակ արդյունքը, ըստ նրա, կլիներ այն, թե «Ա+»-ը իրեն պարտված է ճանաչել եւ եկել է դասավորելու իր հետագա կյանքը:
«Մենք ո'չ պարտվել ենք, ո'չ էլ կորցրել ենք ինչ-որ բան», - ասաց հեռուստաընկերության նախագահը: - «Մենք պայքարում ենք, եւ հույս ունեմ, որ դատարանի վրա կողմնակի ազդեցություն չի լինի, եւ ճիշտ որոշում կկայացվի, քանի որ մենք գտել ենք խախտումների կետերը եւ ապացուցել ենք այդ խախտումները»:
Մրցույթը օրինախախտումներով անցկացնելու վերաբերյալ «Ա1+»-ի հայցը տնտեսական դատարանը լսելու է ապրիլի 16-ին:
Մեսրոպ Մովսեսյանի խոսքերով, «Ա1+»-ին ուրիշ ալիքներ են առաջարկում՝ նույնիսկ առանց մրցույթի, բայց իրենք մտադիր են իրավական դաշտում մինչեւ վերջ պաշտպանել իրենց շահերը:
«Կան շատ առաջարկներ ուրիշ ալիքների, բայց մենք ունենք մեր ալիքը եւ չենք ուզում հրաժարվել դրանից: Դա արդեն սկզբունքային խնդիր է, եւ մենք չենք ուզում զիջել», - ասաց նա:
Ինչ վերաբերում է «Ա1+»-ի առիթով շիկացող քաղաքական մթնոլորտին, Մովսեսյանը կրկնեց, որ անկախ դիրքորոշումը պահպանելու համար իրենք «իրավունք չունեն» խառնվել քաղաքականությանը: Նա միայն շնորհակալություն հայտնեց քաղաքական ուժերին ցուցաբերած մեծ աջակցության համար: Նրա կարծիքով, երեկվա հանրահավաքը եւ ընդհանրապես բողոքի նման ձեւերը ապարդյուն չեն:
«Իշխանությունները կսկսեն մտածել այն մասին, որ ճիշտ ուղղությամբ է հարկավոր տանել այս գործընթացը: Եթե օրենքը թերի է՝ եկեք քննարկենք նորից: Եթե կան ինչ-որ խախտումներ՝ եկեք պարզենք նորից», - ասաց Մեսրոպ Մովսեսյանը:
Հրաչ Մելքումյան, Երեւան