Մատչելիության հղումներ

Գարեգին Բ Կաթողիկոսը անհանգստացած է Բեթղեհեմի հոգեւորականության ճակատագրով





Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը մտահոգություն է արտահայտել «վերջին օրերին ռազմական գործողությունների շրջագծում հայտնված» Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան սրբատեղիների քրիստոնյա հոգեւորականության անվտանգության կապակցությամբ:

Նկատի առնելով, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ի դեմս Երուսաղեմի Հայոց Պատրիարքության, քրիստոնյա քույր եկեղեցիների հետ դարեր ի վեր իր սպասավորությունն է բերում համաքրիստոնեական սրբավայրերում եւ սրբատեղիների պահպանության եւ հոգածության երաշխավորներից մեկն է՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է արել հակամարտող կողմերին «գործադրել ամեն միջոց, որպեսզի Բեթղեհեմյան սրբատեղիները զերծ մնան պղծումներից ու ավերածություններից»:

Վեհափառ Հայրապետը ապրիլի 5-ին ուղերձ-նամակներ է հղել Իսրայելի վարչապետ Արիել Շարոնին եւ Պաղեստինյան իշխանության առաջնորդ Յասեր Արաֆաթին՝ անհանգստություն հայտնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի համար:

«Մեծապես անհանգստացած ենք, որ վերջին օրերին ռազմական գործողությունների շրջագծում են հայտնվել Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան սրբատեղիները, ուր զինյալ խմբավորումների ներկայությունը լուրջ սպառնալիք է ստեղծել համաքրիստոնեական այդ սրբավայրերի անվտանգությանը», - գրել է Գարեգին Բ Կաթողիկոսը:

Երեքշաբթի օրը 200-ից ավելի պաղեստինցի զինյալներ շրջափակվել են այստեղ իսրայելական զորքերի կողմից եւ մերժում են իսրայելցիների՝ հանձնվելու առաջարկները:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG