Մատչելիության հղումներ

Ռամսֆելդի հանդիպումը Հայաստանի պաշտպանության նախարարի հետ


Չորեքշաբթի օրը Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Պենտագոնում հանդիպել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմական ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Պենտագոնի ներկայացուցիչը ասել է, որ բանակցություններում կենտրոնական են եղել երկկողմ անվտանգության հարցերը, այդ թվում՝ երկու երկրների ռազմական գործընկերության ամրապնդումը: Ըստ Պենտագոնի ներկայացուցչի, Միացյալ Նահանգների եւ Հայաստանի համագործակցությունը մտնում է նոր դարաշրջան:

Ռամսֆելդը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ հակաահաբեկչական պատերազմին աջակցելու համար: Անցած դեկտեմբերին Ռամսֆելդը այցելել էր Հայաստան: Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը քննարկվել է աշխատանքային խմբերում՝ Պենտագոնի եւ Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնատարների մասնակցությամբ:

Պենտագոնի նեկայացուցիչը ասաց նաեւ, որ Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Փոլ Վոլֆովիցի համատեղ ասուլիսը չի կայացել՝ վերջինիս ժամանակացույցի փոփոխության պատճառով:

Նույն օրը Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցալ նաեւ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթեյջի եւ Ռազմաքաղաքական հարցերի գծով պետքարտուղարի օգնական Լինկոլն Բլումֆիլդի հետ: Ըստ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան, Սարգսյանը նաեւ ներկա է եղել ընդունելության՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսում, որը կազմակերպել էին Կոնգրեսի հայկական հարցերով պատգամավորական խումբը եւ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը: Ընդունելությանը պաշտպանության նախարարին ուղեկցում էին Հայաստանի փոխարտգործնախարար Թաթուլ Մարգարյանը եւ ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարը ուրբաթ օրը առանձին հանդիպում կունենա Ազգային անվտանգության խորհրդի փոխտնօրեն Սթեֆան Հեդլիի հետ: Ծրագրված է նաեւ նրա այցելությունը Վաշինգտոնի Ազգային պաշտպանության համալսարան:


Ֆրենկ Ցոնգոս, Վաշինգտոն եւ Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG