Մատչելիության հղումներ

Ղուկասյանը գոհ է Մինսկի խմբի համանախագահների հետ վարած բանակցություններից


«Իմ կարծիքով, Մինսկի խումբը բավականին կոնստրուկտիվ է աշխատում: Դժբախտաբար ամեն բան չէ, որ Մինսկի խմբից է կախված», - մարտի 10-ին Ստեփանակերտում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահների հետ երկժամյա բանակցություններից հետո ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը:

Ղուկասյանի գնահատմամբ, միջազգային միջնորդները հակամարտության հանգուցալուծումը կառուցում են՝ ելնելով գոյություն ունեցող իրողություններից:

«Կարգավորման պարզ սխեմաներ գործել չեն կարող», - նշեց ԼՂՀ նախագահը: - «Կա հիմնախնդիրների մի լուրջ շրջանակ՝ կապված Արցախի կարգավիճակի, հակամարտ երկու կողմերի զինված ուժերի հսկողության տակ գտնվող առանձին տարածքների, փախստականների եւ այլնի հետ»:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Պերինան «հետաքրքիր եւ օգտական» գնահատեց Արկադի Ղուկասյանի հետ վարած բանակցությունները:

«Մենք առանց ղարաբաղյան կողմի խորհուրդները լսելու ոչինչ չենք ձեռնարկում», - իր հերթին ասաց ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ Դը Սյուրմենը: - «Մենք շարունակում ենք խորհրդակցել, եւ ամեն ինչ ցույց կտա ժամանակը»:

Ղարաբաղյան կողմի՝ բանակցություններին միանալու խնդիրը, ինչպես տեղեկացրեց ֆրանսիացի դիվանագետը, առաջիկայում քննարկվելու է Վիեննայում, երբ ներկա այցի արդյունքները ներկայացվեն ԵԱՀԿ գործող նախագահին:

Լեռնային Ղարաբաղի նախագահը, պատասխանելով նոր առաջարկություններին վերաբերող լրագրողների հարցին, ասաց. «Դժվար է այսօր ներկայացնել նոր առաջարկ: Կան որոշ նոր էլեմենտներ, բայց պրոցեսը ընթացքի մեջ է: Նախատեսվում է Մինսկի խմբի հերթական նիստ, որտեղ կորոշվեն ապագա քայլերը»:

Հարցին, թե Ստեփանակերտում արդյո՞ք խոսվել է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների ֆորմատի փոփոխության մասին, ինչը, ըստ լրատվամիջոցների, շոշափվել է անցած շաբաթ Բաքվում, թե գործընթացին կարող են միանալ Ղարաբաղի հայ եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները, ԼՂՀ նախագահը պատասխանեց. «Դա Բաքվի մշտական դիրքորոշումն է: Բաքուն խուսափում է Ղարաբաղի հետ կոնտակտներից, եւ դա խոչընդոտներից մեկն է: Եվ այն փաստը, որ այսօր կոնֆլիկտը կարգավորված չէ, պայմանավորված է առաջին հերթին Բաքվի դիրքորոշմամբ»:

ԼՂՀ-ի նախագահը ասաց նաեւ, որ Մինսկի խմբի համանախագահները համոզված են, որ առանց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների եւ ժողովրդի հնարավոր չէ այս կարգավորումը եւ ենթադրում են, որ «անպայման Լեռնային Ղարաբաղը մասնակցելու է այս բանակցություններին՝ որպես կոնֆլիկտի կողմ»:

Ղուկասյանը բացառեց, թե Վրաստանի օրինակով, Ղարաբաղյան հակամարտության գոտում եւս կարող են հայտնվել երրորդ երկրի ռազմական ուժեր: Նրա համոզմամբ, միջազգային հանրությունը բարձր է գնահատում այն փաստը, որ այստեղ հավասարակշռությունը պահպանվում է սեփական ուժերով:

«Դրանց ներկա հարաբերակցությունը չի կարելի խախտել», - ընդգծեց Լեռնային Ղարաբաղի նախագահը, Մինսկի խմբի կազմավորման այս ամիս լրացող տասնամյակի կապակցությամբ էլ ավելացնելով, որ դրա գործունեության ամենամեծ ձեռքբերումը «զինադադարի պահպանումն է» եւ այն, որ «այսօր շատ դժվար է պատկերացնել պատերազմի վերսկսումը»:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG