Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Եթե հհշականները իշխանության գան, քաղաքացիական պատերազմ կլինի», - «Հայոց Աշխարհ» թերթում այսօր կրկին պնդում է պատգամավոր Գուրգեն Եղիազարյանը: Վերջիններիս սկիզբ առած միավորումը նա բացատրում է այսպես. «1998-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ոչ ոք չպատժվեց: Բնականաբար այդ մարդիկ դադարեցին վախենալուց, եւ վերամիավորվելու ձգտումը արթնացավ: Ի՞նչ կա որ, մեկ էլ տեսար եկան իշխանության»:

Եղիազարյանի հայացքով, այսօր արդեն նկատելի են մի մեծ, «լիբերալ» միավորման ստեղծման ուրվագծերը: Ինչ վերաբերում է ռեզերվներին՝ «Հետխորհրդային առաջին յոթ տարիների ընթացքում ՀՀՇ-ի ներդրած կադրերը դեռ նստած են պետական համակարգում, գործող բանկերի եւ ունեւոր մարդկանց մեծ մասը իրենց կապիտալներով նրանց են պարտական: Հայտարարելով լիբերալ ուղղվածության մասին, ՀՀՇ-ն արդեն իսկ սիրաշահում է Արեւմուտքին եւ իր «ազատականության» դիմաց ամենայն հավանականությամբ օժանդակություն կստանա»:

Եթե ժամանակին թալանված գումարների մի չնչին մասն էլ ասպարեզ նետեն, ընտրությունների ժամանակ շատ բան կարող է փոխվել, - ընդգծում է պատգամավորը՝ հնարավոր թեկնածուի առումով էլ նշելով. «ՀՀՇ-ն սկզբունքորեն ոչ մեկի վրա մինչեւ վերջ չի հենվի: Ընտրապայքարում հաղթելու համար կընտրվի անցումային թեկնածու, չեմ կարող ասել՝ թե ո՞վ: Բայց այդ մարդը ի հայտ կգա ընտրություններին նախորդող վերջին ամսվա ընթացքում... Ժամանակի սահմանափակությունը հակառակ թեւին թույլ չի տա արդյունավետ հակադարձել: Եթե այդ թեկնածուն դառնա նախագահ, ապա որոշ ժամանակ անց կհիվանդանա ու կհեռանա: Հետո կգա իսկական տերը, որը հավանաբար կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանը»:

Գուրգեն Եղիազարյանն այսօր էլ մեղադրում է նախագահի շրջապատին, թե բացարձակապես իրատեսորեն չեն գնահատում իրավիճակը, անհրաժեշտ քայլեր չեն անում: Վերջերս Մոսկվայում լինելուց հետո Եղիազարյանը տպավորվել է նաեւ, որ հհշականները Ռուսաստանում էլ իրենց կապերն ակտիվորեն օգտագործելով պլանավորված աշխատում են վարկաբեկել նախագահին, իշխանություններին եւ երկիրը:

«Հավանաբար, այսօր, մեր աչքի առաջ ծնվում է նոր Սերժ Ջիլավյան կամ գուցե Արկադի Վարդանյան: Ռուսաստանյան անծայրածիր տարածքներում հարստանալով՝ նրանք մի պահ որոշում են, թե խոշոր քաղաքական գործիչներ են եւ պարզապես պարտավոր են փրկել իրենց հեռավոր, բայց շատ սիրելի հայրենիքը։ Մալիշկա գյուղից սերված Արա Աբրահամյանի բախտն էլ է բերել. իր բիզնեսը տեղափոխելով Մոսկվա, նա հաջողացրել է դառնալ երեւացող ռուսաստանցի բիզնեսմեն։ Սակայն այսքանը նրան քիչ թվաց։ Այժմ պրն Աբրահամյանը տենդագին զբաղված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ», - օրերս վերջինիս հեռուստաելույթին է անդրադառնում «Առավոտ»-ը, ըստ որի, Նյու Յորքում Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում նա հանդիպել Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ, «կոչ է արել Ալիեւին՝ հակամարտությունը լուծել՝ ելնելով այն փաստից, որ Ղարաբաղը Հայաստանի մի մասն է եւ երբեք չի պատկանել Ադրբեջանին»։ Ալիեւն էլ խոստացել է մտածել:

«Մտածելու բան էլ ուներ՝ Ռուսաստանցի հայերի միության նախագահը Ալիեւին լիարժեք օժանդակության խոստում է տվել (ոչ այն է՝ ռուսաստանցի, ոչ այն է՝ համայն հայության անունից)։ Այնպիսի օժանդակություն, որպիսին ցուցաբերում է եւ ցուցաբերելու է Քոչարյանին», - ավելացնում է «Առավոտ»-ը ամփոփելով. - «Նման կարկառուն գործիչը, Ադրբեջանի նախագահի հետ հավասարի պես զրույց անող եւ ղարաբաղյան հարցը քննարկող մարդն արժանի է, որ հայրենիքում իրեն մեծարեն: Եվ ոչ միայն։ Այդ հիմա է նա Քոչարյանին պաշտպանում։ Չէ՞ որ Ջիլավյանի ու Վարդանյանի մեջ էլ ոչ միանգամից արթնացավ նախագահ դառնալու հավակնությունը»:

«Ազգ» թերթի մեկնաբանը ի մի է բերել, որ թուրքական, ադրբեջանական պետական, քաղաքական գործիչները, լրատվամիջոցներն արդեն մեկ շաբաթ հիստերիայի մեջ են՝ կապված փետրվարի 28-ին Եվրախորհրդարանի հաստատած «Կովկասյան զեկուցագրի» հետ, բայց թե' այնտեղ եւ թե' Հայաստանում սեւեռված են միայն զեկուցագրի երկու փոքր հատվածների վրա: «Մինչդեռ զեկույցում եւ նրան կից «Բացատրական հաղորդագրության» մեջ քիչ չեն թուրքանպաստ հոդվածները: Քիչ չեն նաեւ ադրբեջանանպաստ հոդվածները: Օրինակ, 14-րդ հոդվածում, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, նշվում է. Եվրախորհրդարանը «կոչ է անում Հայաստանին խուսափել ադրբեջանական գրավյալ տարածքներում բոլոր այն միջոցառումներից, որոնք կարող են մեկնաբանվել որպես հայկական վերահսկողությունը մշտական դարձնելու նպատակ»:

«Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հետ զրույցում կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը տեղեկացրել է, որ այս ամսվա ընթացքում իրենց դատարան կներկայացնեն «ԱրմենՏել» ընկերության չարաշահումներին վերաբերող նյութերը: Հայտնաբերված խախտումներն ակնհայտ են, - նշում է նա: - «Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի հաշվարկներով, այդ չարաշահումների ընդհանուր գումարը մոտ 23,5 միլիոն դոլար է կազմում», որից Հայաստանի կրած մոտ 2,5 միլիոն դոլար վնասը փոխհատուցելու նպատակ է հետապնդում այս գործընթացը:

«Եթե «ԱրմենՏել»-ը որեւէ կերպ չի արձագանքում, ապա կարող ենք ենթադրել, որ իրենք համաձայն են տեղեկանքում ներկայացված չարաշահումների այդ փաստերին», - ավելացրել է Անդրանիկ Մանուկյանը, ընդհանուր առմամբ շեշտելով, որ երբ փաստերն ապացուցվեն, «կառավարությունն արդեն պարտավոր է բանակցություններ սկսել մենաշնորհից, թիվ 60 լիցենզիայից զրկելու եւ այլ խնդիրների շուրջ: Ամենագլխավորը մենաշնորհը վերանայելու խնդիրն է: Քանզի որտեղ կա մենաշնորհ, այնտեղ չկա զարգացում»:

«Հայոց Աշխարհ»-ը այսօր տեղեկացնում է «Ադանա» բանկի կառավարչի, «Ատլաս» ՍՊԸ փայատերերի եւ գլխավոր հաշվապահի, ինչպեսեւ «Արդշինբանկ»-ի Կենտրոն մասնաճյուղի վարկային բաժնի ավագ տնտեսագետի ձերբակալությունների մասին, որոնք մեղադրվում են պաշտոնեական կեղծիքի, դիրքը չարաշահելու միջոցով առանձնապես խոշոր չափերի հափշտակումներ կատարելու մեջ: «Մեղադրանքները քննվում են «Արդշինբանկ»-ի Կենտրոն մասնաճյուղի տնօրեն եւ նույն հոդվածներով հետախուզման մեջ գտնվող Գագիկ Ստեփանյանի գործով տարվող նախաքննության շրջանակներում»:

«Հայկական ժամանակ»-ի լրատվությամբ, «Արդշինբանկ»-ի Կենտրոն մասնաճյուղի տնօրենը, որը գտնվում է փախուստի մեջ, զանգահարել է իր ղեկավարած մասնաճյուղ եւ զրույց ունեցել որոշ աշխատակիցների հետ, «ասել է, թե Հայաստանից հեռացել է, քանի որ կարծում է, որ իր ֆիզիկական անվտանգությունը երաշխավորված չէ, եւ կվերադառնա միայն համապատասխան երաշխիքներ լինելու դեպքում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG