Մատչելիության հղումներ

Հայաստանը, Հունաստանը եւ Իրանը քննարկում են էներգետիկայի ոլորտում համագործակցության ծրագրեր


Հայաստանի, Հունաստանի եւ Իրանի միջեւ կնքված եռակողմ համագործակցության ծրագրի շրջանակներում այսօր կայացավ գործադիր կոմիտեի 6-րդ նիստը՝ երեք երկրների փոխարտգործնախարարների մակարդակով: Օրակարգում կենտրոնական տեղ էր զբացեղնում Իրան-Հայաստան գազամուղի շինարարության հարցը:

Ըստ Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Մարտիրոսյանի, Հունաստանի կառավարությունը ինչպես նաեւ բազմաթիվ այլ Եվրոպական երկրներ որոշակի հետաքրքրություն են ցուցաբերում այս ծրագիր իրագործման հարցում:

«Այդ նախագծի ֆինանսատեխնիկական ուսումնասիրությունը իրականացվել է Հունաստանի «Ասպրոֆոս» ձեռնարկության միջոցներով եւ մասնակցությամբ», -ասաց փոխնախարարը, ավելացնելով, որ կատարված ուսումնասիրությունը հիմք է ծառայում, որպեսզի նախագիծը ներկայացվի դոնոր կազմակերպություններին:

Արմեն Մարտիրոսյանը ասաց նաեւ, որ գազամուղի շինարարության համար անհրաժեշտ կլինի մոտ 120 մլն դոլար:

«Էներգետիկ բնագավառում համագործակցության մի քանի եզրեր ենք մենք տեսնում: Բացի գազամուղից, դա էլեկտրակայանների կառուցումն է: Մեկը՝ սահմանային Արաքս գետի վրա կառուցվելիք հիդրոէլեկտրակայանն է, մյուսը Իրանի տարածքում կառուցվելիք ջերմաէլեկտրակայանը», - լրագրողներին ասաց Հայաստանի փոխարտգործնախարարը:

Մարտիրոսյանը խուսափեց պատասխանել գազամուղի շինարարությունը սկսելու ժամկետներին վերաբերող հարցին: Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ադելին նույն հարցին ի պատասխան ասաց. «Ես հուսով եմ, որ բոլոր համապատասխան փաստաթղթերը ստորագրելուց հետո այս տարվա ընթացքում կան բոլոր հնարավորությունը գազատարի շինարարությունը սկսելու համար»:

Հունաստանը գազամուղի կառուցման հարցով, փաստորեն, ներկայացնում է Եվրամիությանը: Ըստ Արմեն Մարտիրոսյանի, Եվրամիությունը, ներկայացնելով Մեծամորի ատոմակայանը փակելու պահանջը, փորձում է աջակցել այն համարժեք հզորություններով փոխարինելուն:

Ինչ վերաբերում է գազի գնին, ապա այն, Ադելիի խոսքերով, երկու երկրների նավթի եւ էներգետիկայի նախարարների իրավասության շրջանակներում է:

Հունաստանի արտաքին գործերի նախարարության Գլխավոր քարտուղար Գեորգիոս Սավաիդիսը ասաց, որ նախագծի ֆինանսատեխնիկական ուսումնասիրությունը իրականացրած «Ասպրոֆոս» հունական ընկերությունը հետաքրքրված է գազամուղի շինարարության աշխատանքներին մասնակցելու մեջ եւ, կողմերի ցանկության դեպքում, պատրաստ է աջակցել:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG