Մատչելիության հղումներ

Պուտինը պարտավորվել է արդիականացնել Ադրբեջանի ռազմաօդային ուժերը եւ հակաօդային պաշտպանության համակարգը





Ռուսաստանյան մամուլը շարունակում է քննարկել ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումը՝ այն որակելով իբրեւ բեկում երկու երկրների փոխհարաբերություններում: Ընդ որում, Պուտին-Ալիեւ հունվարյան պայմանավորվածությունները դիտվում են իբրեւ Հարավային Կովկասում արեւմտյան տերությունների ուժեղացող ներկայությանը հակակշռելու ուղղությամբ Մոսկվայի կողմից կատարված չափազանց կարեւոր քայլ:

Այս իմաստով ուշագրավ է հատկապես Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնաթերթ «Կրասնայա Զվեզդա»-յի երեքշաբթի օրվա հրապարակումը «Անդրկովկասյան պասյանս» վերտառությամբ:

«Ալիեւի եւ Պուտին միջեւ հանդիպման արդյունքում առաջին անգամ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ «ռազմավարական հարաբերություններ» արտահայտությունը կոնկրետ բովանդակություն ստացավ», - գրում է օրաթերթը: - «Ռուսաստանը հնարավորություն ստացավ 10 տարով օգտագործել Գաբալայի ռադակարային կայանքը, որն առանցքային նշանակություն ունի Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգի արդյունավետ գործունեության համար»:

Գաբալան առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերել հատկապես այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս եկավ հակահռթիրային պաշտպանության պայմանագրից: Այդ ռադարային կայանն այժմ Ալիեւ-Պուտին պայմանավորվածությունների համաձայն, տեղեկատվական վերլուծական կենտրոնի կարգավիճակ է ստանում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնաթերթը հայտնում է, որ Գաբալայի գործարքը կարեւոր է Ադրբեջանի համար ոչ միայն դրամական փոխհատուցման առումով: Ռուսաստանը, ինչպես հայտնի է, համաձայնել է տարեկան 7 միլիոն դոլար վճարել կայանի վարձակալության համար: Ինչպես հայտնում է «Կրասնայա Զվեզդա»-ն, Ռուսաստանը պարտավորվել է արդիականացնել հակաօդային պաշտպանության համակարգը:

Թերթի հաղորդագրությունից պարզվում է, որ Գաբալայի կայանի պաշտպանությունը օդային տարածքում իրականացնելու է Ադրբեջանը: Ռուսաստանը տեխնիկապես վերազինելու եւ արդիականացնելու է ոչ միայն Ադրբեջանի հակաօդային պաշտպանությունը, այլ նաեւ այդ երկրի ռազմաօդային ուժերը:

Նշելով, թե Ռուսաստանն այժմ Անրդկովկասում երկու ռազմավարական գործընկեր ունի, թերթը գրում է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների որակական նոր մակարդակը ամենեւին ձեռք չի բերվել Անդրկովկասում Մոսկվայի հավատարիմ դաշնակցի հաշվին: Հայաստանը եղել է եւ շարունակում է մնալ տարածաշրջանում Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցներից մեկը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG