Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ազգային ժողովի հերթական նստաշրջանի մեկնարկին դիտորդների զգալի մասը հետեւում է անխուսափելի քաղաքական վերադասավորումներ արձանագրելու ուշադրությամբ: Նաեւ այս առումով, ինչպես առանձնացնել է «Ազգ»-ի մեկնաբանը, «նստաշրջանը տարբերվում է այն կարեւոր առաքելությամբ, որ իր վրա է վերցնելու սահմանադրական նախագիծը (կամ նախագծերը) հանրաքվեի դնել-չդնելու հարցը որոշելու պատասխանատվությունը»:

Մյուս կողմից, մեծ հաշվով, քաղաքական ուժերի կողմնորոշումները պարզ են, եւ ենթադրվում է, որ վերադասավորումներ ասվածը միայն ինչ-որ նրբերանգներ կհստակեցնի:

«Իշխանափոխության չորս տարին գրեթե ոչինչ չտվեց» վերնագրով խմբագրականում «Իրավունք» թերթը համադրում է. «Կլանային համակարգը մնաց իր տեղում՝ օլիգարխների անհատական կազմի աննշան փոփոխություններով, բնակչությունը աղքատության հաղթահարման միտումները այդպես էլ չտեսավ (իսկ տնտեսական աճի մասին գեղեցիկ բլեֆներ մատուցվում էին նաեւ նախորդ ռեժիմի օրոք), օրենքն այսպես էլ չդարձավ շարքային քաղաքացիների պաշտպան՝ մնալով լոկ որպես գործիք իշխանավորների ձեռքում, այդպես էլ վերջ չտրվեց քաղաքական սպանությունների «ավանդույթին»: Ավելին, այժմ էլ երաշխիքներ չկան, որ իշխանությունները չեն ստորագրի ղարաբաղյան «կարգավորման»՝ ազգի եւ պետության շահերի տեսանկյունից անընդունելի տարբերակներ... Ճիշտ է, արգելված կուսակցություններ այսօր չկան, սակայն նոր ռեժիմը մեծագույն հաջողությամբ խարդավանքների միջոցով մասնատում ու ամայացնում է քաղաքական դաշտը, ոստիկանական մահակների միջոցով թերթեր չեն փակվում, բայց մեծ հաջողությամբ ստվերային ու իշխանական լծակների միջոցով զավթում են տեղեկատվական դաշտը», - պատկերում է «Իրավունք»-ը, ի վերջո, իշխանափոխության 4 տարիների դասը ձեւակերպելով այսպես. «Միայն անձերի փոփոխությամբ ոչինչ չի փոխվի, եւ անհրաժեշտ են թեկուզեւ դանդաղ, քայլ առ քայլ, բայց համակարգային փոփոխություններ: Այդ առումով, օրինակ, երկրի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, քչից-շատից մարդավարի տեսքի բերելն ավելին արժե, քան մի քանի իմպիչնեմտները միասին վերցրած»:

«Հայկական ժամանակ» թերթի ընդգծմամբ, «Հայաստանի քաղաքական կյանքում մի նոր եւ չափազանց սկզբունքային հարց է հասունանում: Դա Մարդու իրավունքների՝ Եվրոպական կոնվենցիան մեր խորհրդարանի կողմից վավերացնել-չվավերացնելու հարցն է: Հիմա պատգամավորները բաժանվել են երկու խմբի. մի մասը կարծում է, որ կոնվենցիան պետք է վավերացնել, քանի որ հակառակ դեպքում մենք ԵԽ-ում պրոբլեմներ կունենանք, իսկ մյուս մասը կարծում է, այն չպետք է վավերացնել, քանի որ դրանով, փաստորեն, մեր երկրում մահապատիժը վերացվում է»:

Սահմանագծելով իրավիճակը, «Հայկական ժամանակ»-ը իր կողմից շեշտադրում է. «Ժամանակն է, որ մենք մեր ճանապարհն ընտրենք անկախ անձերից: Մենք, ի վերջո, պետք է որոշենք՝ ինչպիսի երկրում ենք ուզում ապրել. չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանն ու Նաիրի Հունանյանն անցողիկ են, իսկ խոսքը պետության համար հիմնարար նշանակություն ունեցող սկզբունքների որդեգրման մասին է»:

«Դեմ քվեարկողների մոտիվը մեկն է լինելու. նրանք հույս ունեն, թե Հունանյանը՝ տեսնելով, որ Քոչարյանը չի կարողանում իր կյանքը փրկել, ցուցմունքներ կտա կազմակերպիչների մասով». - այս մոտեցումը «Հայկական ժամանակ»-ը անլուրջ է որակում, նշելով, թե «Հունանյանի բերանը փակելու մոտ 1000 «քաղաքականապես ազնիվ» ճանապարհ կա»:

Անդրադառնալով Դաշնակցության ղեկավարներից Վահան Հովհաննիսյանի ձեւակերպմանը, թե «Հայաստանը սահման ունի միայն մեկ պետության հետ, մնացած երկրների հետ մենք ունենք ճակատ», «Առավոտ» թերթը նշում է. «Զարգացած երկրներում հասարակությունը բարձրացել է հասունության այնպիսի մի աստիճանի, որ կարողանում է վանել բոլոր ցնորամիտ գաղափարները եւ մղել դրանք հիմնական քաղաքական հոսանքներից դուրս: Հայաստանում, ցավոք, վիճակն այլ է. նշված քարանձավային մտքերը շարադրում է խորհրդարանի պատգամավորը, ավելին՝ Ազգային ժողովի Պաշտպանության եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը... Կարելի է ենթադրել, որ դա մասնավոր կուսակցական տեսակետ չէ, այլ պետական քաղաքականության դրսեւորում»:

«Այն, ինչը կործանարար էր 100 տարի առաջ, կործանարար է նաեւ այսօր», - ամփոփել է «Առավոտ»-ը: - «Եթե մենք չունենք պետական սահման մեր բոլոր հարեւանների հետ, ուրեմն, չունենք պետություն: Ուրեմն, մենք համայնք ենք՝ անիմաստ հավակնություններով, անիրական տեսլականներով եւ արկածախնդիր ղեկավարներով»:

«Հայոց Աշխարհ» թերթի տեսաբանի մատուցմամբ, «պնդումները, որ աշխարհում ու տարածաշրջանում ընթացող զարգացումները ի վերջո հարկադրելու են Թուրքիային բացելու հայ-թուրքական սահմանադուռը, եւ որ անհրաժեշտ է թույլ չտալ, որպեսզի մինչ այդ վերջինս ծավալի իր հակախաղը հայոց ցեղասպանության ճանաչման եւ այլ հարցերում քաղաքական կոմպրոմիս ձեռք բերելու համար, վերջին օրերին սկսում են հաստատվել նորանոր փաստերով: Եվ դրանց շարքում կարեւորագույն նշանակություն ունի վերջին տարիներին կարծես թե մոռացության տրված Կարս-Ախալքալակ երկաթգծի կառուցման հարցը, որ ներկայումս կրկին մտնում է Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգ»:

Ըստ տեսաբանի, «շտապ կերպով կառուցելով Կարս-Ախալքալակ երկաթուղին, Թուրքիան կարող է հիրավի «ձիով քայլ» անել: Դրանով կթուլանան հայկական խաղագումարները եվրոպական ու ամերիկյան թատերաբեմերում, կբավարարվի Հայաստանը շրջափակված պահելու Ադրբեջանի պահանջը, Թուրքիան տնտեսական ներկայություն կդառնա Ջավախքում՝ ձեռք բերելով նաեւ իր շահերը պաշտպանելու իրավունք, եւ Ջավախքը քառակողմ՝ հայ-վրաց-ռուս-թուրքական հետաքրքրությունների դաշտ տեղափոխելու հնարավորություն»:

«Թուրքիայի կողմից Հայաստանի շուրջ սկսվող նման բարդ ու վտանգավոր խաղի ծավալման պայմաններում, հայկական կողմը պարտավոր է ուժեղացնել իր աշխատանքները եվրոպական ու ամերիկյան թատերաբեմերում՝ մեր երկրի շուտափույթ ապաշրջափակմանը հասնելու համար», - ընդգծել է տեսաբանը: - «Միաժամանակ՝ պետք է փորձել խափանել ֆինանսական ծանր վիճակում գտնվող Թուրքիայի կողմից 800 մլն դոլարանոց այդ նախագծի համար միջոցներ հայթայթելու ջանքերը»:

Անհամեմատ պակաս չափի ֆինանսական խնդիրներ չի կարողանում լուծել «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը, որի սպասարկած չվերթերում երեկ ուղեւորներն ու անձնակազմերը մնացել են արդեն առանց սննդի: Սա, իրոք, նոր խոսք է ավիացիայի պատմության մեջ, եւ, ինչպես ելքը գտել է «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը, կարելի է «մերն ուրիշ է» շարքում շատ ազգաշահ օգտագործել՝ ողջ աշխարհում ծավալելով «Հայկական ավիաուղիներ»-ի չվերթեր՝ ավելորդ քաշից ազատվել ցանակացողների համար:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG