Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մանուկյանը «չի սիրում» «ԱրմենՏել»-ին


Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը այսօր լրագրողներին ասաց, որ Կառավարություն - «ԱրմենՏել» 60-օրյա բանակցությունների արդյունքում, վերջինիս առաջարկած պայմանները «կրկնակի անգամ» մեղմացել են: Այդուհանդերձ, նախարարը հայտարարեց, թե «չի սիրում» «ԱրմենՏել»-ին:

«Չգիտեմ, դուք ինչքան եք սիրում «ԱրմենՏել»-ին, ես չեմ սիրում», - ասաց Անդրանիկ Մանուկյանը: - «Օրենսդրորեն, մասնավոր, որպես նախարար, որպես մարդ, որպես Անդրանիկ Մանուկյան, ինչ հնարավոր լինի՝ կանեմ «ԱրմենՏել»-ի դեմ»:

Նախարարն ավելացրեց, միաժամանակ, որ հարկավոր է զգույշ լինել, քանի որ «ԱրմենՏել»-ն էլ մեզ չի սիրում, եւ, Մանուկյանի ունեցած տեղեկություններով, դավեր է նյութում՝ փորձելով գտնել մի սխալ քայլ մեր կառավարության կողմից, որպեսզի «հայտարարած ներդրումները եւ վճարած գումարը վերցնեն-գնան»: Իսկ պատճառն էլ, ըստ նախարարի, այն է, որ «Հայաստանը «փող լվանալու» երկիր չէ»:

«ԱրմենՏել»-ի հետ կառավարության անունից բանակցություններ վարած արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ակնհայտորեն դժգոհ էր իր գործընկերոջ տված գնահատականից եւ շատ ավելի զուսպ էր իր մեկնաբանություններում:

«Ներդրումների ուռճացումը, ասենք, ոչ ամենաժամանակակից կամ օգտագործված սարքավորումների գնումը կամ գների ավելի բարձր ցույց տալը այլ երեւույթներ են, որ չեն կոչվում փող լվանալ», - ասաց Դավիթ Հարությունյանը: - Այդ երեւույթները «հնարավոր է առկա են, հնարավոր է՝ ոչ»:

Հայաստանում հեռախոսակապի մենատեր «ԱրմենՏել» ընկերության որոշումը 2001 թվականի սեպտեմբերի 1-ից հանրապետությունում թվայնացված հեռախոսակայանների բաժանորդների նկատմամբ րոպեավճար կիրառելու մասին խիստ դժգոհությամբ էր ընդունվել ինչպես հանրության, այնպես էլ կառավարության կողմից: Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը բազմիցս հորդորել էր ժողովրդին չմուծել րոպեավճարի հաշիվները՝ պնդելով, որ րոպեավճարը չի կիրառվում:

Հունվարի 25-ին Հայաստանի կառավարությունն ու «ԱրմենՏել»-ը, կառավարության նախաձեռնությամբ անցկացված 60-օրյա բանակցությունների արդյունքում, ստորագրեցին համաձայնագիր, ըստ որի փոփոխված պայմաններով եւ ավելի ցածր սակագներով րոպեավճարն, այնուամենայնիվ, կիրառվելու է փետրվարի 1-ից:


Շաքե Ավոյան , Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG