Մատչելիության հղումներ

Գագիկ Պողոսյանի սպանությունը առայժմ բացահայտված չէ


Հայաստանի գլխավոր դատախազ Արամ Թամազյանը այսօր լրագրողներին ասաց, որ դեռեւս բացահայտված է չէ վարչապետի խորհրդական, վարչապետի վերահսկողության ծառայության պետ Գագիկ Պողոսյանի սպանությունը:

Գագիկ Պողոսյանը իր բնակարանի մուտքի մոտ սպանվել էր սեպտեմբերի 11-ին: Սպանությունից հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանը լրագրողներին կարծիք էր հայտնել, որ Պողոսյանի սպանությունը կապված էր նրա աշխատանքային գործունեության հետ:

Գլխավոր դատախազն ասաց նաեւ, որ կալանավայրերի եւ քրեական պատիժների իրականացման վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի գործի ընթացքը կաշխատեն հնարավորին չափ արագացնել:

«Ես հանձնարարական եմ տվել, ցուցում եմ տվել՝ հնարավորին չափ արագացվի տվյալ գործի նախաքննությունը», - ասաց Արամ Թամազյանը:

Հոկտեմբերի 12-ին ձերբակալված Մուշեղ Սաղաթելյանը մեղադրվում է «Հոկտեմբերի 27»-ի գործի հետ կապված ակնհայտ սուտ մատնություն նախապատրաստելու, կեղծ փաստաթուղթ օգտագործելու, բռնության հետ զուգորդված իշխանազանցության, խուլիգանության եւ պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով:

Պատասխանելով հարցին, թե ինչպես բացատրել, որ «Առագաստ» սրճարանում սեպտեմբերի 25-ին Պողոս Պողոսյանի սպանության գործով մեղադրվող նախագահի թիկնապահ Աղամալ Հարությունյանը ազատության մեջ է, իսկ Մուշեղ Սաղաթելյանը՝ կալանքի տակ, գլխավոր դատախազը պարզաբանեց, որ Մուշեղ Սաղաթելյանին առաջադրել է իշխանազանցության մեղադրանք, ինչը ազատազրկում է նախատեսում, իսկ Աղամալ Հարությունյանին առաջադրված անզգույշ սպանության մեղադրանքը ալտերնատիվ պատիժ նախատեսող հոդված է:

«Այն դեպքում, երբ անձի նկատմամբ դատարանը կարող է եւ' ազատազրկում սահմանել, եւ' ազատազրկման հետ չկապված պատիժներ սահմանել, մենք ավելի շատ գերադասում ենք երկրորդ տարբերակը», - ասաց Արամ Թամազյանը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG