Մատչելիության հղումներ

Խորհրդարանը քննարկում է տեղական ինքնակառավարման մասին օրենքի նոր նախագիծը


Ազգային Ժողովն այսօր սկսեց քննարկել տեղական ինքնակառավարման մասին նոր օրենքի նախագիծը, ըստ որի շոշափելիորեն ընդլայնվելու են համայնքների իրավունքներն ու գործառույթները: Նման օրենքի ընդունումը Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության պայմաններից մեկն էր:

Օրինագծի մշակմանը մասնակցած գերմանական «Ջի-Թի-Զեթ» ծրագրի խորհրդական Մկրտիչ Գիմիշանի խոսքերով, առաջարկվող օրինագծում ամրագրվում է, որ համայնքի հիմնադիրը ժողովուրդն է՝ որպես իրավաբանական անձ, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ եթե գործող օրենքով (որն Ազգային ժողովն ընդունել է 1996 թվականին), քաղաքացին չէր կարող պատասխանատվության կանչել համայքին, ապա նոր օրինագծով դա միանգամայն հնարավոր կդառնա:

Ըստ ներկայացված օրինագծի, համայնքն է դառնում հողի սեփականության սուբյեկտ, ինչը նշանակում է, որ այն կարող է ոչ միայն շինարարություն կատարելու թույլտվություն տալ, այլեւ՝ հող հատկացնել: Համայնքները իրավունք կունենան նաեւ գրանցել եւ դուրս գրել քաղաքացիներին, իրականացնել որոշ նոտարական ծառայություններ:

Շարքային քաղաքացիներին ձեռնտու դրույթների շարքում Գիմիշյանը նշեց նաեւ, որ համայնքի բյուջեի 30 տոկոսը պարտադիր կերպով պետք է կազմի ֆոնդային մասը՝ բարեկարգում, վերանորոգում եւ այլն:

Նոր օրինագծով, ավելացված արժեքի հարկի 2 տոկոսը, ինչպես նաեւ շահութահարկի 30 եւ եկամտահարկի 15 տոկոսն ուղղվելու է համայնքներին:

2002 թվականի պետական բյուջեի նախագծում Հայաստանի բոլոր համայնքների համար նախատեսված է 7 միլիարդ 600 մլն դրամ, այս օրենքն ընդունվելու դեպքում՝ անհրաժեշտ կլինի 9 միլիարդ 600 միլիոն դրամ:

«Տեղական ինքնակառավարման մասին օրենքը մի քայլ առաջ է, քան գործող օրենքը, բայց հեռու է բավարար լինելուց», - այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը:

Այսօրվա ասուլիսում հնչեցրած նրա գժգոհությունները մասամբ կրկնությունն էին նախորդ քաղաքապետերի հնչեցրածների՝ միջոցները սուղ են, լծակներ չկան: Ռոբերտ Նազարյանի կարծիքով, թերություններն ու սխալները շատ են հատկապես օրենսդրական դաշտում, եւ ելքը ինքը տեսնում է միայն սահմանադրական փոփոխություններ կատարելու մեջ:

Զարգացած քաղաք լինելու համար հարկավոր է, որ Երեւանն ունենա իր բյուջեն, ինչը, ի դեպ, նախատեսված է տեղական ինքնակառավարման մասին խորհրդարանում քննարկվող օրինագծով: Անհրաժեշտ է, որ Երեւանն ունենա հատուկ կարգավիճակ եւ ընդունվի հատուկ օրենք Երեւանի մասին: Ռոբերտ Նազարյանը համոզված է՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնը պետք է ընտրովի լինի:

«Ես, օրինակ, ինձ շատ վստահ կզգայի, շատ ավելի ուժեղ կլինեի, եթե ընտրված լինեի, ունենայի իմ բյուջեն: Բնականաբար իմ քայլերի մեջ ավելի համարձակ կլինեի, եթե ունենայի ժողովրդի վստահության քվեն», - ասաց Երեւանի քաղաքապետը:


Ռուզան Խաչատրյան եւ Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG