Մատչելիության հղումներ

Հայաստանը բավարարված է 907 բանաձեւի կասեցման պայմաններով


Հայաստանի պաշտոնատարները ուրբաթ օրը ողջունեցին «Ազատության աջակցման ակտի» 907 բանաձեւի կասեցման մասին որոշման մեջ Միացյալ Նահանգների Կոնգրեսի եւ Սենատի համաձայնեցման հանձնախմբի կատարած փոփոխությունները, որոնց համաձայն Ադրբեջանին հատկացվող որեւէ օգնություն չի կարող օգտագործվել ագրեսիվ նպատակներով Հարավային Կովկասի հայկական համայնքների դեմ եւ 9Օ7 բանաձեւի կոնգրեսական որեւէ վերանայում պետք է հաշվի առնի նաեւ Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցություններում:

1992 թվականից գործող այդ բանաձեւը արգելում էր ամերիկյան կառավարությանը օգնություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը: Նախագահ Բուշը, վկայակոչելով ազգային շահերը, պահանջել էր Սենատից վերանայել այդ բանաձեւը, որպեսզի Միացյալ Նահանգները կարողանա ռազմական համագործակցություն հաստատել Ադրբեջանի հետ՝ հակաահաբեկչական պատերազմում: Հոկտեմբերի 24-ին ԱՄՆ Սենատը ընդունել էր 907 բանաձեւի լրամշակում, ըստ որի այն կասեցվում էր՝ որոշակի պայմաններով: Հայաստանի քաղաքական գործիչների շրջանում մտահոգություն էր առաջացել, թե Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը կարող է օգտագործվել Ղարաբաղի դեմ:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հեռախոսային հարցազրույցում, անդրադառնալով սրան, ասաց, որ լրամշակման մեջ «ամենահստակ ձեւակերպում գտած մասը, այդ անվտանգության մասն է»:

«Ասվում է, որ ցանկացած օգնություն, որ Ադրբեջանը ստանում է ահաբեկչության դեմ պայքարի նպատակով... չի կարող խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացը... եւ չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ», - ասաց Վարդան Օսկայանը: - «Մենք մեզ ապահովագրել ենք»:

Շաբաթվա սկզբին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, ինչպես նաեւ Ազգային ժողովի պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը հայտարարել էին, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի բացառումը պետք է տեղ գտնի 907 բանաձեւի լրամշակման տեքսում:

«Եթե ամերիկյան Կոնգրեսի 907 բանաձեւի լրամշակման տեքստում Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի բացառումը տեղ չգտնի, ապա մենք այլ կերպ չենք կարող դա դիտել, քան որպես հնարավոր ագրեսիայի հովանավորչություն», - ասել էր Վահան Հովհաննիսյանը:

«Չեմ կարող ասել, թե հարյուր տոկոսով բավարարված եմ», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հովհաննես Հովհաննիսյանը, նշելով, որ իրենց հանձնաժողովի ուղերձը, ամերիկահայ համայնքի գործունեությունը, այնուամենայնիվ, արդյունավետ եղան: Նա բնական համարեց, որ Կոնգրեսի եւ Սենատի համաձայնեցման հանձնախումբը փոխզիջումային որոշում է կայացրել: - «Կարող եմ ասել, որ մինչեւ անգամ բավարարված եմ ինձ ձգում այն առումով, որ ամրագրվել է, որ օգնությունը չի կարող օգտագործվել «Կովկասում հայկական համայնքների դեմ» եւ չի կարող խոչընդոտել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»:

Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով, այս ձեւակերպումներից հասկանում ենք, որ ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներին վտանգ չի սպառնում: Ըստ նրա, շատ կարեւոր է նաեւ, որ Համաձայնեցման հանձնախմբի որոշմամբ, վերահսկողությունը դրվում է Կոնգրեսի վրա. «Առաջին որոշմամբ, վերահսկողությունը լիարժեքորեն վստահվում էր Բուշի ադմինիստրացիային: Իսկ երեկ որոշում է ընդունվել, որ Կոնգրեսը պիտի վերահսկի ադմինիստրացիայի գործունեությունը»:

Համաձայնեցման հանձնախումբը որոշել է նաեւ Հայաստանին տրամադրվող օգնության չափը՝ 90 միլիոն դոլար ու եւս 4 միլիոն 300 հազար դոլար՝ ռազմական ծախսերի համար: Թե որքան կտրամադրվի Ադրբեջանին, դեռեւս չկան հստակ թվեր, սակայն, Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով, ըստ որոշ տվյալների, «դրանք այն թվերը չեն, որ էապես տարբերվեն մեզ տրված օգնությունից»:

«Մենք, ուրեմն, մասամբ հաղթեցինք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ազգային ժողովի պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը: Նրա կարծիքով, այժմ մի խնդիր է ծագում ազատագրված տարածքները հայկական համայ՞նք են, թե՞ ոչ: Վահան Հովհաննիսյանը վստահ է՝ այո: Նրա խոսքերով, այնտեղ այն հայերն են բնակվում, որոնք ստիպված, ջարդից փրկվելով փախել են Սումգայիթից, Կիրովաբադից, ադրբեջանական այլ բնակավարերից. - «Ուրեմն այնտեղ կան հայկական համայնքներ, եւ նրանց դեմ եթե Ադրբեջանի ստացված օգնությունը կիրառվի, ուրեմն դա կխախտի ամերիկյան օրինագիծը: Իսկ մենք դրա դեմ կպայքարենք ամենայն խստությամբ»:


Հրաչ Մելքումյան, Երեւան եւ Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG