Մատչելիության հղումներ

Օրենսդիրները համարում են, որ Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի բացառումը պետք է տեղ գտնի 907 բանաձեւի լրամշակման տեքստում


«Եթե ամերիկյան Կոնգրեսի 907 բանաձեւի լրամշակման տեքստում Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի բացառումը տեղ չգտնի, ապա մենք այլ կերպ չենք կարող դա դիտել, քան որպես հնարավոր ագրեսիայի հովանավորչություն», - այսօր ասել է Ազգային ժողովի պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, ավելացնելով, որ հատկապես թուրք֊ադրբեջանական լոբբիի ճնշման տակ միտում կա Ղարաբաղին վերաբերող հիշատակումը հանել փաստաթղթից:

Հոկտեմբերի 24-ին Միացյալ Նահանգների Սենատը ընդառաջեց նախագահ Ջորջ Բուշին եւ փոփոխություն մտցրեց «Ազատության աջակցման ակտի» 907 բանաձեւում: 1992 թվականից գործող այդ բանաձեւը արգելում էր ամերիկյան կառավարությանը օգնություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը: Նախագահ Բուշը, վկայակոչելով ազգային շահերը, Սենատից պահանջել էր վերանայել այդ բանաձեւը, որպեսզի Միացյալ Նահանգները կարողանա ռազմական համագործակցություն հաստատել Ադրբեջանի հետ՝ հակաահաբեկչական պատերազմում: Ամերիկյան Սենատի ընդունած այս լրամշակումը դեռեւս հարկ է, որ ընդունի Ներկայացուցիչների պալատը:

Ըստ լրամշակման, մինչեւ 2002 թվականի վերջը նախագահ Բուշը իրավունք է ստանում Ադրբեջանին՝ հակաահաբեկչական պայքարում աջակցելու համար, ռազմական եւ այլ կարգի օգնություն տրամադրել, եթե՝ դա չի ենթադրի հարձակում Հայաստանի դեմ, չի վտանգի Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը եւ անհրաժեշտ է Ադրբեջանի սահմանների պաշտպանության համար:

Ըստ Վահան Հովհաննիսյանի, Հայաստանի դեմ հարձակման արգելքն անիմաստ է առանց Լեռնային Ղարաբաղին վերաբերող կետի: «Քանի որ Ադրբեջանի՝ չնայած սխալ, պատկերացմամբ, Ղարաբաղն իր սահմանների մեջ է, ուրեմն սա կարող է հրավերք կամ դրդում լինի Ադրբեջանի կողմից», - ասաց Վահան Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով, Հայաստանի գործադիր, օրենսդիր իշխանությունները՝ ամերիկյան բարեկամներին հակաահաբեկչական պայքարում չխանգարելու համար չսրեցին հարցը, եւ ըմբռնումով մոտեցան 907 բանաձեւի լրամշակմանը, սակայն հիմա մտահոգությունն առավել մեծացել է: Հովհաննիսյանը, ասելով, որ իր կարծիքը կիսում են իր ղեկավարած հանձնաժողովի գրեթե բոլոր անդամները, ավելացրեց նաեւ, թե ինքը լուրջ հիմքեր ունի ասելու, որ «մեր գործադիր իշխանությունը նույն այս տեսակետին է»:

Առայժմ հրապարակված պաշտոնական Երեւանի տեսակետները 907 բանաձեւի լրամաշակման մասին բացասական երանգ չեն պարունակել: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վահե Գաբրիելյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք գործադիր իշխանությունների տեսակետն այս հարցում փոխվել է, ժխտական պատասխան տվեց:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG