Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ» թերթի արձանագրմամբ, «Հայաստանի արտաքին գործոց նախարարությունում Վրաստանի եւ Աբխազիայի տարածքում բնակվող հայերի այսօրվա վիճակի մասին հստակ տեղեկատվություն չունեն, հետեւաբար դեռեւս հայ ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով կոնկրետ միջոցներ չեն ձեռնարկվել»: Միեւնույն ժամանակ, սրվում է մտավախությունը, որ «փորձ է արվում Վրաստանում բնակվող հայերին եւ մասնավորապես ջավախքահայությանը վրաց-աբխազական շարունակ խորացող հակամարտության մեջ ներքաշելու», ինչը Հայաստանին եւս աստիճանաբար կտանի հակամարտության գոտի: «Հայաստանում նկատում են, որ անուղղակի կերպով կառավարությունն արդեն պարտավոր է միջամտել վրաց-աբխազական հակամարտությանը՝ տարածաշրջանի հայ ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու տեսանկյունից միայն», - ի մի է բերել «Ազգ»-ի մեկնաբանը:

Վարչապետի խորհրդական Ստեփան Մարգարյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում դիտարկելով հայ-վրացական լարումների տարբեր դրսեւորումները, ամբողջացնում է՝ «Գործոններից յուրաքանչյուրը գուցե առանձնապես լուրջ չէ, բայց երբ այդ ամենը կուտակվում է, ապա տպավորություն է առաջանում, որ իրականացվում է հստակ խտրական քաղաքականություն»: Վարչապետի խորհրդականը այս շարքում հատկապես առանձնացրել է. «Շատ բացասական հետք է թողել վրացական մամուլում վերջին շրջանում բարձրացված հակահայկական հիստերիան, երբ այս կամ այն պաշտոնյային փաստորեն մեղադրում էին հայ լինելու մեջ: Ցավոք, որեւէ մտավորական կամ հեղինակավոր անձ ելույթ չունեցավ ու չդատապարտեց այդ երեւույթը, չասաց՝ այս ի՞նչ եք անում, ի՞նչ է, հայ լինելը մե՞ղք է»:

Երեկ Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Ռուստամյանը հանդիպում ունեցավ Վրաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Նիկոլոզ Նիլոկոզիշվիլու հետ, եւ «Հայոց Աշխարհ»-ում փոխանցում է. վրացական կողմը եւս անհանգստացած է, որ Աբխազիայում կատարվողը չտեղափոխվի հայ-վրացական հարաբերությունների դաշտ: «Հայաստանը չի կարող անտարբեր մնալ իր հայրենակիցների անվտանգության հարցում, բայց դա պետք է անել այնպես, որ սադրանքները բացառվեն ու լարվածություն չառաջանա երկու երկրների հարաբերություններում», - ասում է Արմեն Ռուստամյանը: - «Քայլեր պետք է կատարել երկու կարեւոր ուղղություններով: Նախ՝ ամեն ինչ անել ստույգ տեղեկատվություն ունենալու համար, երկրորդ՝ պետական մակարդակով պետք է հասնել նրան, որ տվյալ երկիրը, որի քաղաքացիներն են մեր հայրենակիցները, բոլոր հնարավոր միջոցներն իրականացնի հայերի անվտանգությունն ապահովելու համար: Եվ որեւէ խտրականության դրսեւորման պարագայում պետք է շատ խիստ արձագանքել՝ կանխել նման զարգացումները ընդունված բոլոր դիվանագիտական միջոցներով»:

Արմեն Ռուստամյանը քայլերից առայժմ որոշակիացնում է. «Առաջարկել ենք Ազգային ժողովում ձեւավորել մի պատվիրակություն, որը, Վրաստանի եւ Աբխազիայի համապատասխան ատյանների համաձայնությամբ, կայցելի բախումների շրջան, որպեսզի ճշգրիտ տեղեկատվություն ունենանք, եւ այնտեղի մեր հայրենակիցները զգան Հայաստանի աջակցությունը»:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը այսօր առաջ է մղում իր մտահոգ տպավորությունը, որ «թե' Վրաստանում, թե' Հայաստանում քիչ չեն այն հայերը, ովքեր հանուն Ռուսաստանի պատրաստ են զոհասեղանին դնել հայ-վրացական հարաբերությունները եւ, ուղիղն ասած՝ Հայաստանը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը»:

Ներքաղաքական կյանքից էլ «Հայկական ժամանակ»-ը այսօր մտահոգված է Հանրապետական կուսակցության ճակատագրով: Մեկնաբանի պատկերմամբ, «Անդրանիկ Մարգարյանը հասկանում է, որ ՀՀԿ ասածը միայն խորհրդարանական խմբակցությունն է, դրանից դուրս Հանրապետական կուսակցություն գոյություն չունի... դրա համար պետք է ամեն ինչ անել՝ գոնե խմբակցությանը միասնական եւ 100 տոկոսով վերահսկելի դարձնելու համար»:

«Ինչպես յուրաքանչյուր պատգամավոր, հանրապետականներն էլ են ցանկանում վերընտրվել՝ շատ լավ հասկանալով, որ այս անգամ Վազգեն Սարգսյան չկա, եւ իրենց գլխի ճարը իրենք պետք է տեսնեն: Հանրապետականները ցանկանում են ստեղծել ազատական ուժերի դաշինք, ուր կմիավորվեն Քոչարյանին հավատարիմ, իշխանամետ եւ պետականամետ ուժերը: Նրանք, սակայն, այժմ ունեն միայն գործադիր լծակներ եւ ոչ մի լուրջ կառույց՝ տեղերում», - հանրապետականների այս ցավերը շարադրելուց հետո «Հայկական ժամանակ»-ը տալիս է նաեւ այսպիսի դրվագ. - «Նախագահը ինձ խոստացել է, որ մեկ տարի էլ աշխատելու եմ»՝ հանրապետականների մոտ հպարտացել է վարչապետը: Ուղիղ մեկ տարի հետո սկսվելու են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները: Եթե, իրոք, Քոչարյանը նման բան խոստացել է, ապա նա մեկ տարի հետո, հեռացնելով Մարգարյանին վարչապետությունից, երկրիս բոլոր մեղքերը բարդելու է «Միասնության» եւ նրա հիմնական կորիզ հանրապետականների վրա»:

Մամուլում այսօր ակնարկներ կան, թե պաշտոնանկության եզրին են ֆինանսների, էներգետիկայի, կրթության ու գիտության նախարարները, սակայն օրվա ընթացքում լուրերը փաստական հաստատում դեռեւս չունեցան:

Իսկ «Ժամանակ» թերթը սկսել է պարբերաբար խորանալ նաեւ ժողովրդի կողմը եւ այսօր շեշտադրում է. «Ժողովրդին բարոյալքված վիճակից դուրս բերելու ելքեր պետք է որոնել, այլապես, ինչպես անցյալում, մարդկանց ձայնը մի քանի հազար դրամով, ձեթով, բրնձով կամ կոշիկով գնելու երեւույթն ավելի համատարած կդառնա: Այդ պարագայում իշխանության կգան... այն կուսակցությունները, որոնք ընդամենն ունեն շատ փող եւ իշխանության են ձգտում պարզապես այդ փողը տասնապատկելու համար»: Նրանում, որ բնակչությունը անտարբեր է, մինչեւ օրս քաղաքական գիտակցության պատշաճ մակարդակ ձեռք չի բերել, մեկնաբանը հիմնականում մեղադրում է իշխանություններին: Մասնավորապես, մեկնաբանի դեղատոմսով, գոնե հեռուստաեթերով ժողովրդին պիտի գործնականորեն ծանոթացնեն իր իրավունքներին, Սահմանադրության կարեւոր դրույթներին:

«Իր նշանակությամբ մարդահամարը ցանկացած, առավել եւս՝ մեր երկրի համար, շատ ավելի կարեւոր է, քան որեւէ կարգի ընտրություններ», - արժեվորել է «Երկիր» թերթի մեկնաբանը: - «Սակայն հասարակական գիտակցության մեջ դրա արմատավորման համար չարվեցին համապատասխան միջոցառումներ: Հասարակական քաղաքական ուժերը զբաղված են հերթական անգամ ներքաղաքական իրենց դիրքերի ճշգրտմամբ եւ մտահոգ հերթական ընտրություններով, որին դեռ երկու տարի կա: Իշխանություններն էլ, չհաշված վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մի քանի հերթապահ նախադասությունները, ոչինչ չարեցին, որպեսզի մարդահամարի արդարացիության կարեւորությունը տիրապետող դառնա հասարակության մեջ»: Այնինչ մարդահամարի արդյունքները, իրենց հավաստիության աստիճանով, թե սոցիալապես, թե հոգեբանորեն մեր հասարակական վիճակի ու տրամադրությունների առաջնային որոշիչն են դառնալու, - շեշտված է «Երկիր»-ում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG