Մատչելիության հղումներ

Թուրքիան բողոք է ներկայացնում Վատիկանին


Անկարա, 2-ը հոկտեմբերի («Ֆրանս Պրես» գործակալություն). - Երեքշաբթի օրը Թուրքիան բողոք է ներկայացրել Վատիկանին՝ Հովհաննես Պողոս Երկրորդ պապի կողմից անցած դարասկզբին Օսմանյան կայսրության տիրապետության տակ հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն որակելու առիթով, ասել է թուրքական մի դիվանագետ:

Թուրքական կառավարությունը արտգործնախարարություն է կանչել Անկարայում Վատիկանի դեսպան Լուիջի Կոնտիին եւ բանավոր հիասթափություն է հայտնել Պապի խոսքերի կապակցությամբ, որոնք հնչել են Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի եւ Հովհաննես Պողոս Երկրորդի համատեղ հայտարարության մեջ, ասել է դիվանագետը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը:

«Մենք դեսպանի ուշադրությունը հրավիրեցինք Թուրքիային տված Պապի հավաստիացումների եւ նրա այցի արդյունքների միջեւ հակասությունների վրա», - ավելացրել է դիվանագետը:

Հայաստան այցից առաջ Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերին ուղղված իր նամակում Հովհաննես Պողոս Երկրորդը գրել էր, թե իր ուղեւորությամբ կապակցությամբ Թուրքիան «անհանգստանալու ոչինչ չունի»:

Նամակը գրվել էր ի պատասխան Անկարայի՝ Վատիկանին ուղղված նամակի, որում ասվում էր, թե Պապի այցը Հայաստան «չպետք է վարկաբեկի թուրքերին եւ նրանց պատմությունը»:

Հայաստանը ճնշում էր գործադրում Վատիկանի վրա, որպեսզի վերջինս որպես ցեղասպանություն ճանաչի դարասկզբին՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայերի զանգվածային սպանությունները:

Թուրքերը կտրականապես հերքում են ցեղասպանությունը, ասելով, թե մոտ 300 հազար հայեր եւ հազարավոր թուրքեր զոհվել են մարտերում, երբ այն ժամանակ Օսմանյան կայսրության հպատակ հանդիսացող հայերը միացել էին ներխուժած ռուսական զորքին՝ հույս ունենալով անկախ պետություն ստեղծել Արեւելյան Անատոլիայում:

Հայաստանն, այդուհանդերձ, պնդում է, որ ծրագրված զարդերի ընթացքում սպանվել է 1.5 միլիոն մարդ:

Անկարան հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, քանի դեռ վերջինս չի հրաժարվել ցեղասպանության միջազգային ճանաչման քարոզչությունից եւ քանի դեռ չի լուծվել հակամարտությունը Թուրքիայի մերձավոր դաշնակից Ադրբեջանի տարածքում հայկական անկլավի՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG