Մատչելիության հղումներ

Կառավարությունն անօրինական է որակում րոպեավճարի կիրառումը





Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը այսօր նորից հայտարարեց, որ րոպեավճարը չի գործում, քանի որ, «ԱրմենՏել»-ին տրված արտոնագրի համաձայն, այն կիրառելու թույլտվության բացառիկ իրավունքը վերապահված է միայն ու միայն կառավարության լիազոր մարմնին՝ տրանսպորտի եւ կապի նախարարությանը, իսկ ինքը՝ որպես այդ կառույցի ղեկավար, նման թույլտվություն չի տվել:

«Եթե նրանք կիրառեն, կառավարությունը կարող է պատասխանատվության կանչել «ԱրմենՏել»-ին, քանի որ նրանք խախտել են օրենքը, արտոնագրի պահանջները: Սա պետություն է, որի մեջ գործում են օրենքներ: Օրենքները պետք է հարգեն բոլորը», - ասաց Անդրանիկ Մանուկյանը:

Ըստ նախարարի, րոպեավճար ներդնելուց 60 օր առաջ «ԱրմենՏել»-ը պարտավոր է դիմել լիազոր մարմնին, եւ եթե վերջինս 30 օրվա ընթացքում չի արձագանքում, ապա համարվում է, որ լիազորը համաձայն է առաջարկvած սակագներին։ Իսկ եթե լիազոր մարմինը մերժում, ապա կապի օպերատորը պարտավոր է սակագների նոր առաջարկ անել։ Անդրանիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ րոպեավճար ներդնելու առաջարկով «ԱրմենՏել»-ը դիմել է տրանսպորտի եւ կապի նախարարությանը երկու անգամ՝ «մեկ անգամ ներկայացրել է մայիս ամսին, ստացել է բացասական պատասխան: Երկրորդ անգամ ներկայացրել է օգոստոսի 17-ին անգլերեն լեզվով: Դիմումը վերադարձվել է, որպեսզի ներկայացվի հայերեն՝ չի ներկայացվել»:

Ի՞նչ կարելի է ասել հետագա ընթացքների մասին։ Բնականաբար, հոկտեմբերի մեկին «ԱրմենՏել»-ն իր բաժանորդներին կներկայացնի հաշվեվճարների ծանուցագրերը, որոնք, սակայն, սոսկ տեղեկատվական դեր կունենան. ամեն բաժանորդ կիմանա, թե իրականում ինչքան է խոսել ու ինչքան պետք է վճարի, ինչը երկուստեք կարեւոր է։

Չվճարելու դեպքում «ԱրմենՏել»-ն իրավունք չունի անջատել հեռախոսները, քանզի սակագինը հաստատված չէ լիազոր մարմնի կողմից։ Իսկ եթե, այնուամենայնիվ, որոշի անջատել հեռախոսները, ապա դժվար թե դատարանում կարողանա ապացուցել իր ճշմարտությունը։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը այսօր առավել հավանական համարեց հարցը դատական կարգով լուծելու հնարավորությունը:

Փաստարկելով րոպեավճարի ներդնումը, «ԱրմենՏել»-ը հայտարարել էր, որ րոպեավճարը կիրառվում է աշխարհի 126 երկրներում։ Սակայն, խնդիրը ոչ թե րոպեավճարի կիրառումն է, այլ վարձավճարի չափը։

Ռուսաստանի Դաշնությունում, օրինակ, անվճար խոսակցության համար բաժանորդին ամսական տրվում է հինգ անգամ ավելի ժամանակ, քան առաջարկում է «ԱրմենՏել»-ը։ Առանց որեւէ բաժանորդային վարձի 613 րոպե ձրի խոսելուց հետո հավելյալ յուրաքանչյուր րոպեի դիմաց բաժանորդը Ռուսաստանում վճարում է 11 կոպեկ (2 դրամ), իսկ «ԱրմենՏել»-ն առաջարկում է 4 դրամ ու միաժամանակ պահպանում 900 դրամի բաժանորդավճարը։ Եվ դա այն դեպքում, երբ միջին ռուսաստանցու կենսամակարդակը առնվազն երկու անգամ բարձր է միջին հայաստանցու կենսամակարդակից։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG