Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել





«Ցավում եւ հպարտ եմ միաժամանակ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու մասին իմ առաջին դիմումից ինը տարի եւ տասնմեկ ամիս անց՝ օգոստոսի 23-ին ստացա անձնագիր», - այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի երրորդ հանրապետության առաջին արտգործնախարար (1991-1992թթ.), 1994 թվականից Երեւանում գործող Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր եւ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ափսոսում եմ միայն, որ պարոն նախագահը այս հարցում ուխտազանց է եղել եւ՝ գոնե իմ առնչությամբ եւ վկայությամբ վաղուց ստանձնած իր հանձնառությունը դրժած», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, շարունակելով. - «նախ պետական կամք դրսեւորեց՝ օրենքի ներքո խոստանալով քաղաքացիություն շնորհել իմ առաջին դիմումի օրով, հետո տեւապես ձգեց, ապաեւ օրենքի չակերտների ետեւում թաքնվեց»:

Նրա խոսքերով, Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահները իր քաղաքացիություն ստանալու դիմումները մշտապես կա'մ անպատասխան են թողել, կա'մ բանավոր խորհուրդ տվել սպասել քաղաքացիության մասին օրենքի ընդումանը:

Քաղաքացիության հարցերի հանձնաժողովի անդամ Ջեմմա Հակոբյանը օգոստոսի 2-ին «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ քաղաքացիություն ստանալու Րաֆֆի Հովհաննիսյանի դեռեւս առաջին՝ 1996 թվականի դիմումին հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել՝ ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվելու պայմանով, ինչին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել էր քաղաքացիություն ստանալու որոշակի երաշխիքների պահանջով:

2001 թվականի ապրիլին Րաֆֆի Հովհաննիսյանը, հրաժարվելով ԱՄՆ քաղաքացիությունից, կրկին դիմել էր ՀՀ նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու խնդրանքով:

Ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նախագահական նստավայր ուղարկված իր դիմումին հաջորդած երկամսյա ժամկետում իր բազմաթիվ հեռախոսազանգերն անպատասխան են մնացել, եւ ինքը ստիպված է եղել մերժել իր մասնագիական գործունեությանն առնչվող բազմաթիվ հրավերներ եւ հնարավորություն չի ունեցել մասնակցելու ԱՄՆ-ում վախճանված հորեղբոր հուղարկավորությանը:

Նախագահի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հասմիկ Պետրոսյանը օգոստոսի 2-ին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էր, որ ապրիլի 25-ին, այսինքն դիմումը ստանալու իսկ օրը, քաղաքացիության հարցերի հանձնաժողովը նիստ էր գումարել եւ որոշել էր բավարարել Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը: Ըստ Հասմիկ Պետրոսյանի, Հովհաննիսյանի եւ հանձնաժողովի տարաձայնությունների պառճառը քաղաքացիության շնորհման ժամկետն է եղել: Հովհաննիսյանը պնդում էր, թե իրեն պետք է քաղաքացիություն շնորհվի հետին թվով՝ 1991 թվականից՝ փաստարկելով, որ ինքը Հայաստանում բնակվում 1989 թվականից: Հանձնաժողովի անդամները, սակայն, անօրինական են համարել այդ պահանջը. Րաֆֆի Հովհաննիսյանը մինչեւ 2001 թվականի ապրիլը փաստացի եղել է ԱՄՆ քաղաքացի:

Օգոստոսի 23-ից ՀՀ քաղաքցիություն ստացած Րաֆֆի Հովհաննիսյանը իրեն ՀՀ քաղաքացի է համարում «Հայաստանի Հանրապետության ստեղծման առաջին օրվանից ի վեր»: Նրա խոսքերով, Հայաստանում բնակվել է 1989 թվականից, մասնակցել է պետության ձեւավորմանը, այս երկրի համար օրենք է գրել:

«Իմ հետագա մասնակցությունը Հայաստանի Հանրապետությունում լինելու է հանրային ոլորտում», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, ավելացնելով, որ ՀՀ քաղաքացու իր լիիրավ պարտքն է համարելու ձեռնամուխ լինել Հայաստանի պետական համակարգի բարելավմանը:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG