Մատչելիության հղումներ

Ալիեւը պնդում է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համաձայնեցված սկզբունքներ չկան




Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը կրկին հերքել է Երեւանի հայտարարությունները, թե ինքն ու Հայաստանի նախահագ Ռոբերտ Քոչարյանը այս տարի Փարիզում եւ Քի Ուեսթում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ համաձայնության էին եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ: Ուրբաթ օրը Բաքվի օդանավակայանում Ալիեւը լրագրողներին ասել է, թե ինքը հետ չի կանգնել իր որեւէ խոսքից, ինչպես ակնարկում են հայկական կողմի ղեկավարները:

«Մենք ոչինչ չենք խախտել: Փարիզում մենք պարզապես քննարկել էինք մի քանի տարբերակներ, որեւէ հստակ որոշման, սակայն, չէինք հանգել», - ադրբեջանական հեռուստատեսության հաղորման համաձայն, ասել է Ալիեւը Սոչիում կայացած ԱՊՀ գագաթնաժողովից վերադառնալուց հետո:

«Հայաստանը հետ է կանգնել քննարկված մի շարք տարբերակներից: Ավելի ուշ ես ինքս անընդունելի համարեցի դրանցից մի քանիսը: Դա է պատճառը, որ ես լավագույնը չեմ համարում փարիզյան հանդիպումները: Ինչ վերաբերում է Քի Ուեսթի բանակցություններին, նրանք այնտեղ բացատրել են իրենց դիրքորոշումը, ես՝ մերը», - ասել է Ալիեւն առանց մանրամասնելու: - «Մենք որեւէ համաձայնության այնտեղ չենք եկել: Սա գործընթաց է: Հասնում եք ինչ-որ համաձայնության, հետո նրանք մերժում են այն: Նրանք մեկ համաձայնում են իմ առաջարկությանը, մեկ ուրիշ անգամ՝ անհամաձայնություն հայտնում դրան»:

Հայաստանի պաշտոնատարներն ու ԵԱՀԿ հովանու ներքո գործող միջազգային միջնորդներն ասում են, որ կողմերը նշանակալի առաջընթացի էին հասել ընթացիկ տարվա մարտին Փարիզում եւ ապրիլին Քի Ուեսթում կայացած հանդիպումների ժամանակ: Ֆրանսիացի, ռուսաստանցի եւ ամերիկացի միջնորդներն այն ժամանակ նախաձեռնեցին Ալիեւի եւ Քոչարյանի միջեւ ձեռք բերված համաձայնությունների հիման վրա խաղաղ կարգավորման նոր ծրագրի նախագծի մշակումը: Այն պետք է ներկայացվեր երկու երկրների ղեկավարներին հունիսին Ժնեւում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլում: Ժնեւյան հանդիպման անսպասելի հետաձգումը կանգնեցրեց խաղաղ գործընթացը:

Ըստ պաշտոնական Երեւանի, այդ համաձայնությունների հիմքում հակամարտության կարգավորման Փարիզում համաձայնեցված առանցքային սկզբունքներն էին:

Այդուհանդերձ, Ալիեւը պնդում էր, թե կողմերը համաձայնության չեն եկել խաղաղության որոշակի բանաձեւի հարցում: Նա ասում էր, թե հայկական կողմն է հրաժարվել 1999 թվականի վերջին հայ-ադրբեջանական սահմանին երկու նախագահների ձեռքբերած համաձայնություններից:

Մեկ այլ արտահայտությամբ, սակայն, Ադրբեջանի ղեկավարը ակնարկել էր, որ վերջին ժամանակներում Բաքվի դիրքորոշումը փոփոխության է ենթարկվել: Նա ասել էր. - «Եղել են նաեւ այնպիսի հարցեր, որ ես սկզբում ասել եմ, թե ընդունելի են, սակայն հիմա ասում եմ, որ ընդունելի չեն: Սա գործընթաց է, եւ որեւէ սկզբունքներ չկան՝ ոչ փարիզյան, ոչ քիուեսթյան...»:

Ալիեւն ու Քոչարյանը հանդիպում էին ունեցել Սոչիի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում: Կանգ առած խաղաղ գործընթացում որեւէ առաջընթացի մասին նրանցից ոչ մեկը չի խոսել:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG