Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդհանուր պարտքը Հայաստանին 24 միլիոն դոլար է


Ինչպես այսօր Հայաստան-Վրաստան միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքներն ամփոփող ասուլիսում ասաց Հայաստանի կողմից հանձնաժողովի համանախագահ, տրանսպորտի եւ կապի նախարար Երվանդ Զախարյանը, Հայաստանին Վրաստանի պարտքը կազմում է 24 միլիոն դոլար, որից 4 միլիոն 400 հազար դոլարը էլեկտրաէներգիայի պարտքն է:

Երվանդ Զախարյանի խոսքերով, էլեկտրաէներգիայի պարքտը մարելու համար որոշվել է վերականգնել վճարումների գրաֆիկը, իսկ պետական պարտքի մասով՝ երկու երկրների ֆինանսների նախարարություններին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում քննարկել պարտքի վերակազմավորման հնարավորությունը եւ առաջարկներ ներկայացնել կառավարություններին: Նախարարի կարծիքով, հուլիսի վերջերին այս հարցում որոշակի հստակություն կլինի:

Վրաստանի պետնախարարի տեղակալ (փաստորեն՝ փոխվարչապետ, քանի որ Վրաստանում վարչապետի գործունեությունը իրականացնում է պետնախարարը) Կոբա Վենետաձեի բացատրություններով, Վրաստանը, միանալով Արժույթի միջազգային հիմադրամի ծրագրերից մեկին, «Փարիզի ակումբի» միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել վերակազմավորել Վրաստանի արտաքին բոլոր, այդ թվում՝ Հայաստանի, պարտքերը:

Որոշվել է մինչեւ հունվարի 1-ը պահպանել երկաթուղային բեռնափոխադրումների գործող սակագները: Հայաստան ներկրվող նավթամթերքը վրացական Փոթի նավահանգստից մինչեւ հայկական Այրում կայարանը բերելու համար 1 տոննայից 24 դոլար է գանձում: Մյուս ապրանքների համար Վրաստանը 1 տոննայից 17 դոլար է գանձում: Ըստ Երվանդ Զախարյանի, այդ սակագները բարձր են:

Ադրբեջանի համար Վրաստանը ավելի ցածր սակագներ է կիրառում: Վրացական կողմը դա բացատրում է նրանով, որ Ադրբեջանը ավելի մեծ ծավալներով է ապրանքներ ներկրում: Հայաստանը հույս ունի, որ 2002 թվականից Հայաստանից գանձվող սակագները կիջեվնեն: Եվրամիության կողմից հովանավորվող «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի՝ դեռեւս 1998-ին Բաքվում կայացած համաժողում ստորագրված փաստաթղթերը ենթադրում են տարանցիկ բեռնափոխադրումների սակագների իջեցում՝ 50 տոկոսով: Ընթացիկ տարվա սեպտեմբերին «ՏՐԱՍԵԿԱ»-յի շրջանակներում հանդիպում է անցկացվելու, ուր Հայաստանը մտադիր է անդրադառնալ նաեւ սակագների իջեցման հարցին:

Երեւանում ակցկացված նիստը Հայաստան-Վրաստան միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի երկրորդ նիստն էր: Առաջինն անցկացվել էր Թբիլիսիում՝ 1998 թվականին:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG