Մատչելիության հղումներ

Ռուսաստանը, հավանաբար, այլ երկրներում էլ կօգտագործի «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւը


Արմեն Քոլոյան, Պրահա
«Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում հայաստանյան մի քանի ձեռնարկությունները Ռուսաստանին փոխանցելու միջոցով շուրջ 100 մլն դոլարի պարտքի մարումը, ինչպես հայտնի է, հակասական գնահատականների է արժանացել Հայաստանում: Իսկ արդյո՞ք Մոսկվան կշարունակի կիրառել Հայաստանում փորձարկած այս բանաձեւը:

Մեր ԱՊՀ-ական բախտակիցներ ղըրղզները, օրինակ, ուսումնասիրում են հայերի փորձը: Այդ մասին վերջերս ասել է Ղըրղզստանի վարչապետ Նիկոլայ Տանաեւը. - «Մենք Ռուսաստանի կառավարությանն առաջարկել ենք մի շարք ձեռարկություններ, որոնց բաժնետոմսերի մի մասը դեռ պետությանն է: Պատրաստ ենք դրանք փոխանցել՝ պարտքը մարելու համար: Հիմա Ռուսաստանի էկոնոմիկայի եւ զարգացման նախարարությունն ուսումնասիրում է փաստաթղթերը: Խոսքը ռազմա-արդյունաբերական համալիրի 4 ձեռնարկությունների մասին է, որոնցից մեկի հիմնական արտադրանքը՝ ավտոմատ ինքնաձիգների փամփուշտներ են»:

Բանաձեւին իր, այսպես ասած, օրհնությունն է տվել Համաշխարհային բանկը, որի փորձագետների համոզմամբ, այն նոր լիցք կհաղորդի պարապուրդի մատնված ձեռնարկություններին:

Բայց կան գործարքի արդյունավետությունը կասկածի տակ առնող մասնագետներ: Ռազմավարական եւ քաղաքական հետազոտությունների ամերիկյան կենտրոնի փորձագետ Վլադիմիր Սոկորը, օրինակ, ենթադրում է, որ Հայաստանը ռուսական կողմին փոխանցել է հին սովետական դարաշրջանի ձեռնարկություններ, որոնց ցածրորակ արտադրանքը մրցունակ չէ միջազգային շուկայում, հետեւաբար, Հայաստանի էկոնոմիկայի նշանակալից մաս կազմող այդ ձեռնարկությունները կհայտնվեն երկրորդ կարգի տնտեսական ասպարեզում:

Վիեննայի միջազգային տնտեսական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Պետր Հավլիկի կարծիքով, գործարքի արդյունքում է'լ ավելի է ծանրանում տվյալ երկրի կախվածությունը Մոսկվայից: «Գաղտնիք չէ, որ Մոսկվան տնտեսական ուժն օգտագործում է ԱՊՀ եւ Բալթյան երկրների վրա ճնշում բանեցնելու համար», - ասել է Հավլիկը: - «Ռուսաստանը փորձում է «Գույք՝ պարտքի դիմաց» եղանակով աշխատել էներգակիրների հարցում կախվածության մեջ գտնվող Ուկրաինայում: Ազդեցության ամրապնդումը կարող է վտանգավոր աստիճանի հասնել»:

Իսկ թե որքանով պարտքի խնդիրը տնտեսականից կարող է վերաճել զուտ քաղաքականի՝ ցույց է տալիս գազի շուրջ սրված ռուս-բելառուսական վեճը: «Գազպրոմ»-ը կիսով չափ կրճատեց մատակարարումը՝ պնդելով, թե Բելառուսը գերազանցել է սպառման լիմիտը եւ չի մարել 200 միլիոն դոլարի հասնող պարտքը: Ալեքսանդր Լուկաշենկոն վրդովված հայտարարեց, թե Մոսկվան անընդունելի պահանջներ է ներկայացնում, ուժ է գործադրում՝ փորձելով տիրանալ Բելառուսի գազատարի օպերատոր «Բելտրանսգազին»: Ի վերջո, վարչապետ Գենադի Նովիցկին ներողություն խնդրեց իր նախագահի զայրացած ելույթի համար, ասաց, որ Մինսկն անպայման կմարի 82 միլիոն դոլարի հասնող այս տարվա պարտքը եւ կարտոնի "Բելտրանսգազի" սեփականաշնորհումը:

ԱՊՀ փոքր երկրները, երեւի, այլընտրանք չունեն: Ի տարբերություն նախկին սոցիալիստական երկրների, նրանք անհրաժեշտ չափով ներդրումներ չեն ստանում Արեւմուտքից: Հնարավոր ելքը՝ պարտքի ներումն է: Արժույթի միջազգային հիմնադրամն ու Համաշխարհային բանկը քննարկում են 7 առավել աղքատ երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղըրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի պարտքերը մասամբ ներելու տարբերակը: Սակայն, երբ ղըրղզները ռուսներին առաջարկեցին բանակցել 100 միլիոն դոլարի պարտքը հետաձգելու հարցի շուրջ, Մոսկվան մերժեց՝ պատճառաբանելով, թե Ղըրղզստանը վճարունակ է, քանի որ Արեւմուտքից զգալի օգնություն է ստացել հակաահաբեկչական պայքարին մասնակցելու համար:

Մինչդեռ, որոշ մեկնաբանների կարծիքով, «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւը կարող է բեռ դառնալ ռուսական կողմի համար, չէ՞ որ հարկ է միջոցներ հայթայթել՝ ֆինանսավորելու այդ ձեռնարկությունները: Ինդիանայի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր Միխայիլ Ալեքսեեւի կարծիքով, Մոսկվան, թերեւս, կգերադասեր մաշված ձեռնարկությունների փոխարեն պարտքը ետ ստանալ: «Դա կարող է նախադեպ դառնալ, այլ երկրներ կփորձեն պարտքի փոխարեն առաջարկել գործարքներ, որոնց կարիքը Ռուսաստանը, ըստ էության, չունի», - ավելացրել է նա:

Ինչեւէ, բանաձեւը շրջանառության մեջ է: ԱՊՀ-ում այս փորձը, հավանաբար, կշարունակվի: Թեկնածուներից մեկը ռուսական էներգակիրներ սպառող Մոլդովան է, որի պարտքը հասել է 800 միլիոն դոլարի: Ընդ որում, 600 միլիոնը՝ անջատողական Մերձդնեստրինն է, ուստի, չի բացառվում, որ «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւը մի օր անուղղակի գործոն դառնա նաեւ ազգամիջյան վեճերի կարգավորման հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG