Շաքե Ավոյան, Երեւան
Հայկական սոցիոլոգիական ընկերակցության՝ անցած հոկտեմբերին անցկացրած ուսումնասիրության արդյունքներով, հարցվածների ճնշող մեծամասնությունը, նշելով, որ ազատ են ընտրության գնալ-չգնալու, այս կամ այն թեկնածուին իրենց ձայնը տալ-չտալու առումով, չեն հավատում, թե իրենց ձայները արդարացիորեն հաշվառվելու են:«80 տոկոսը ասում է՝ մենք չենք վստահում ընտրությունների արդյունքներին եւ չենք գնա ընտրություններին, որովհետեւ վստահ չենք, որ մեր ձայնը, իրոք, կհաշվառվի արդարացիորեն», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայկական սոցիոլոգիական ընկերակցության նախագահ Գեւորգ Պողոսյանը: - «Երկկողմանի երեւույթ է. փաստորեն, գնահատում են, որ ազատ կարող են ձայնը սրան կամ նրան տալ, եւ միաժամանակ դժգոհում են, որ հետո այդ ձայնը չի հաշվառվում»:
Անցկացված հարցումը նվիրված էր մարդու իրավունքների վիճակին: Հարցվել է սոցիակալան 8-9 խավ ներկայացնող մոտ 1000 մարդ Հայաստանի տարբեր բնակավայրերից: Պողոսյանի խոսքերով, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «քաղաքական ազատություններից ու իրենց քաղաքական իրավունքների պաշտպանությունից, ապահովումից մարդիկ ավելի գոհ են, քան իրենց տնտեսական եւ սոցիալական իրավունքներից»: Գեւորգ Պողոսյանը դա բացատրում է նրանով, որ մարդկանց «պրետենզիաները» քաղաքական իրավունքների նկատմամբ շատ ավելի համեստ են, քան սոցիալական ու տնտեսական իրենց իրավունքների ու կացության նկատմամբ:
Անցկացված հարցումը վերհանել է, որ երկրում ձեւավորված միջին խավ չկա, եւ տեղափոխությունները մեկ կարգից մյուսը շատ արագ են կատարվում՝ բերելով հոգեբանական լուրջ փոփոխությունների: Լավատեսական տրամադրություններ կան մանր ու միջին սեփականատերերի շրջանում՝ 3-4 տոկոս:
Խոսքի ազատությունը, հանրահավաքների ազատությունը նույնպես, ըստ հարցվածների, առկա է, եւ այդ իրավունքը չի ոտնահարվում: Բայց, ըստ էության՝ չի էլ օգտագործվում. մարդիկ այսօր իրենց մասնակցությունը քաղաքական գործընթացներին նեղացրել-հասցրել են միայն ընտրություններին քվեարկել-չքվեարկելով: «Դա գալիս է, մի կողմից, հիասթափությունից [իշխանություններից եւ քաղաքական կուսակցություններից]», - բացատրեց Գեւորգ Պողոսյանը՝ որպես երկրորդ պատճառ նշելով մարդկանց տնտեսական վիճակը, որ ժամանակ չի թողնում ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու համար: