Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կասկածում է, որ Հայաստանի իր գործընկերները կկարողանան վերակողմնորոշվել այլ շուկաներում։
«Ըստ ամենայնի՝ ոչ։ Իհարկե, նրանց որոշակի, ոչ մեծ աջակցություն ցուցաբերվել է, սակայն դա ոչ մի կերպ չի կարող համեմատվել այն մեծ շուկայի հետ, որ Ռուսաստանի շուկան է նրանց համար։ Եվ մենք նույնպես սովոր ենք այդ արտադրանքին», - ասել է Օվերչուկը՝ «Вести»-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք հաջողություն են ունեցել Հայաստանը դեպի այլ շուկաներ վերակողմնորոշելու փորձերը։
Օվերչուկն ընդգծել է, որ «ստեղծված իրավիճակը պահանջում է, որ մենք պաշտպանենք մեր շուկան։ Եվ մենք մեր հայ գործընկերներին առաջարկում ենք մեզ հետ աշխատել այս ուղղությամբ»:
Ռուսաստանը մայիսից սկսեց փուլ առ փուլ արգելել Հայաստանից տարբեր ապրանքների, այդ թվում գյուղմթերքի, ձկնամթերքի, խմիչքների, կաթնամթերքի և ծաղիկների ներմուծումը։Այս սահմանափակումները հաջորդեցին Երևանում անցկացված Եվրոպական երկու գագաթնաժողովներին, որոնցից մեկին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահը։
Մինչ Ռուսաստանն առայժմ փակ է պահում իր շուկան հայկական գյուղմթերքի համար, Հայաստանի կառավարությունը տարբեր կարճաժամկետ ծրագրերով աջակցում է արտահանողներին և հայտարարում շուկաների դիվերսիֆիկացման մասին։ Աջակցություն է տրամադրել նաև Եվրամիությունը՝ ավելի քան 50 միլիոն եվրոյի փաթեթով։