Ուկրաինական կողմի հաղորդմամբ, մարտի 20-ի ուշ երեկոյան Օդեսան ԱԹՍ զանգվածային հարձակման է ենթարկվել։
Քաղաքապետ Գենադի Տրուխանովը գրել է, որ քաղաքի հարավային հատվածներում պայթյուններ են լսվել։
Ուկրաինական լրատվամիջոցները նշում են ավելի քան 15 պայթյունի մասին։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Ռուսաստանը կրկին քաղաքացիական ենթակառուցվածքներ է թիրախավորել՝ նշելով՝ կան տուժածներ։
Ավելի ուշ մարզային ռազմական ղեկավարը հայտնել է առնվազն երեք վիրավորի ու մի քանի խոշոր հրդեհների մասին։
Երկրի Արտակարգ իրավիճակների ծառայությունը հաղորդում է նաև Զապորոժիեի բնակեցված տարածքներին ռուսական կառավարվող հրթիռներով հարվածների մասին, վեց մարդ վիրավորվել է։ Վիրավորների թվում երեխա կա։
Մեկ զոհ և երեք վիրավոր կա Խերսոնի շրջանում ռուսական հարվածների հետևանքով, հայտնում է ռազմական վարչությունը՝ նշելով, որ հարվածներից 37 բնակավայր է տուժել։
Մոսկվան պատերազմի մեկնարկից ի վեր հերքում է ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքները դիտավորյալ թիրախավորելու Կիևի մեղադրանքները:
Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Պուտինը համաձայնել է 30 օրով դադարեցնել հարվածները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին և բանակցություններ սկսել Սև ծովի անվտանգության և ծովում կրակը դադարեցնելու հարցով։ Կողմերը վերահաստատել են՝ հավատարիմ են Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության ջանքերին։
Հեռախոսազրույցից ժամեր անց, սակայն, Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց մեղադրել են էներգետիկ ենթակառուցվածքներին 30 օր չհարվածելու պայմանավորվածությունը խախտելու մեջ: