Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ը Հայաստանում ավանդաբար նշվում է Թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբախշությամբ, որի շնորհիվ տարբեր անվանակարգերում հայտնի են դառնում տարվա լավագույն թատերական գործիչները:
Արդեն իսկ քիչ առաջ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում մեկնարկել է մրցանակաբախշության հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է հայ թատերական աշխարհի մեծամասնությունը։
Մինչ հայտնի կդառնան մրցանակակիրները՝ նշենք, որ այսօր տոնական մթնոլորտ էր բնականաբար բոլոր թատրոններում: Իսկ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը նախարարության կողմից պարգևներ հանձնեց մի շարք թատերական գործիչների:
Տոնական մթնոլորտը ոգևորել էր բոլոր ներկաներին և, ինչպես հանդիսության սկզբում շեշտեց Սունդուկյանի թատրոնի գեղարվեստակա ղեկավար Արմեն Էլբակյանը, թատրոնի մարդիկ նվիրյալներ են և հայ ժամանակակից թատրոնի ընթացքը նրանք են կերտում․ - «Այդ բոլոր մարդկանց համար այսօր տոն է: Այսօր թատրոնի օրն է: Առանց թատրոնի, առանց մշակույթի շատ դժվար է ապրելը: Ես միշտ ասել եմ և պիտի ասեմ, որ թատրոնը էս աշխարհի փոքր մոդելն է: Եվ ինչպիսի գեղեցկությամբ որ Աստված ստեղծել է այս աշխարհը, այս փոքր մոդելն էլ նույն գեղեցկությամբ, նույն սիրով ներկայացնի այս աշխարհը, որպեսզի վաղվա օրը դառնա ավելի գեղեցիկ և ավելի լուսավոր»:
Մեր թատերական գործիչները, թատրոններն ու թատերախմբերը, անշուշտ, հրատապ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ, բայց հարկ է նշել, որ տոնական այս օրը նրանք չեն սիրում խոսել խնդիրներից՝ ի սրտե վայելելով իրենց տոնը:
Նրանց ցանկություններն ու պահանջներն էլ նույնիսկ այսօր բավական համեստ են:
«Ազատության» հարցին, թե ինչ է պետք հայ թատրոնին և հայ ժամանակակից թատրոնի մարդուն, թատերագիր Կարինե Խոդիկյանը պատասխանեց․ - «Քանի որ ի սկզբանե բանն էր, առաջինը՝ ոչ միայն լավ պիեսներ, այլև լավ պիեսների նկատմամբ լավ ուշադրություն»:
Նույն հարցին, ռեժիսոր Ռուբեն Բաբայանն արձագանքեց․ - «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է հաշտվի մի մտքի հետ, որ թատրոնը անմահ է»: