100 տարի առաջ` Հայոց ցեղասպանության ընթացքում հայերից բռնագրավված Սիսի կաթողիկոսության նստավայրը վերադարձնելու` Թուրքիային ներկայացված դատական հայցը առաջին իրավական քայլն է հայերին այդ երկրում պատկանող ողջ ունեցվածքը հետ ստանալու ճանապարհին: Ամերիկյան The New York Times-ին տված հարցազրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը:
«Դա մեր եկեղեցու նստավայրն էր: Իրավական առաջին քայլին պետք է հետևի բոլոր եկեղեցիները, վանքերը, եկեղեցուն առնչվող մյուս ունեցվածքը վերադարձնելու պահանջը: Դրան էլ, իր հերթին, կհաջորդի նաև անձնական գույքը վերադարձնելու պահանջը: Մենք պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք», - պնդում է Արամ առաջին կաթողիկոսը:
Նրա խոսքով՝ եթե Թուրքիայի Սահմանադրական դատարանը, այնուհանդերձ, մերժի Կիլիկիո կաթողիկոսության պահանջը, ապա դա «է՛լ ավելի կխորացնի այն անջրպետը, որ առկա է Թուրքիայի և 10-միլիոնանոց հայկական Սփյուռքի միջև»:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին The New York Times-ի թղթակից Ռիք Գլադսթոնը հանդիպել է հովվապետի` ԱՄՆ-ի հյուսիսարևելյան նահանգներ կատարած այցի ընթացքում:
Հարցազրույցում Արամ առաջինը չի շրջանցում նաև Ցեղասպանության խնդրում ամերիկյան քաղաքականության` մասնավորաբար Սպիտակ տան դիրքորոշման թեման: «Ես համոզված եմ, որ հոգու խորքում նախագահ Օբաման վստահ է` տեղի ունեցածը Ցեղասպանություն էր», - նշում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:
The New York Times-ին տված հարցազրույցում Արամ առաջինը բավական մանրամասնորեն ներկայացնում է Սիսի կաթողիկոսության պատմությունը` նշելով, որ Թուրքիայի Սահմանադրական դատարան դիմելու որոշմանը հանգել է մոտ երեք տասնյակ իրավաբանների հետ անցկացված խորհրդակցություններից հետո: «Այժմ, [ցեղասպանությունից] 100 տարի անց հիմնական շեշտը փոխհատուցման վրա դնելու ճիշտ պահն է», - ամերիկացի լրագրողին ասել է նա:
«Պատկանելության հարցը շատ հստակ է: Այդ ողջ ունեցվածքը հայկական է: Որևէ մեկը չի կարող կասկածի տակ առնել այդ գույքի ո'չ ծագումը, ո'չ պատկանելությունը և ո'չ էլ պատմությունը», - նշում է հովվապետը:
Այս հրապարակումը պատրաստելու ընթացքում The New York Times-ի թղթակիցը զրուցել է նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության շահերը ներկայացնող առաջատար իրավաբաններից մեկի` Կանադայում գտնվող ՄըքԳիլի համալսարանի պրոֆեսոր, ցեղասպանագետ Փայամ Ախավանի հետ:
«Սա շատ պրագմատիկ հայց է: Մենք դատարան ենք դիմել ունեցվածքի վերադարձի պահանջով: Դրանով մենք չենք պահանջում, որպեսզի ճանաչեն Հայոց ցեղասպանությունը», - նշել է Ախավանը` հավելելով, որ եթե թուրքական դատարանը մերժի հայցը, ապա դրա քննությունը կտեղափոխվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ամերիկյան հեղինակավոր պարբերականի թղթակիցը նաև նկատում է, որ թուրքական կողմը հեշտորեն հանձնվել չի պատրաստվում: Գլադսթոնը հիշեցնում է, որ Սիսի կաթողիկոսության տարածքը այժմ գտնվում Ադանայի նահանգի Քոզան գավառում: «Քոզանի գավառապետ Մուսա Օզթյուրքը, համաձայն թուրքական մամուլի հրապարակումների, արդեն իսկ հայտարարել է՝ «մեր հողերից մի թիզ անգամ որևէ մեկին չենք տալու», - հիշեցնում է The New York Times-ի թղթակիցը, հարց ուղղելով նաև Արամ առաջին կաթողիկոսին` որքանո՞վ է Կիլիկիո կաթողիկոսության նման նախահարձակ կեցվածքը համապատասխանում քրիստոնեական հիմնարար արժեքներից մեկին` ներողամտությանը:
«Ներում են, երբ առկա է ապաշխարանք, խոստովանություն, երբ դիմացինն ընդունել է իր կատարած մեղքը», - նկատում է Արամ առաջինը՝ հավելելով․ - «Իհարկե, հաշտեցումը մարդկային արժեքների և հավատքի մի մասն է կազմում, բայց առաջին հերթին հենց Թուրքիան պետք է առերեսվի սեփական անցյալին»: