Ըստ Անթիլիասի պաշտոնական կայքէջի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ապրիլի 28-ին դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով պատմական Սիս քաղաքում գտնվող կաթողիկոսարանի վերադարձը:
«Հայոց ցեղասապանության 100-ամյակի առիթով ու մեր ազգային պահանջատիրությանը ավելի գործնական արտահայտություն տալու հեռանկարով՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը իր պատգամներում հաճախ է հիշեցրել հատուցման վրա շեշտը դնելու հրամայականը։ Այս առումով Սիսի Կաթողիկոսարանի և ապա ազգապատկան ու եկեղեցապատկան կալվածքների վերադարձը կարող է կարևոր քայլ դառնալ՝ մեր ժողովուրդի կալվածքների վերադարձի և բռնաբարված իրավունքների վերականգնման ուղղությամբ», - ասված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հայտարարությունում:
Կաթողիկոսությունը Կիլիկիայի Հայոց թագավորության մայրաքաղաք Սիսում հաստատվել է 1295 թվականին: 1921-ին Օսմանյան Թուրքիայի կառավարությունը ընդամենը երկու օր ժամանակ տվեց Սահակ Բ Խապայան կաթողիկոսին՝ վերջնականապես հեռանալու կաթողիկոսարանից:
ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասնեց՝ դատական այս հայցը չի վերաբերում Թուրքիայում գտնվող ու ժամանակին Հայոց եկեղեցուն պատկանած բոլոր կալվածքներին, այլ վերաբերում է միայն Սիսում գտնվող կաթողիկոսարանին, վանքին ու Սուրբ Սոֆիա մայր տաճարին:
Մանոյանի խոսքից պարզ դարձավ, որ առաջիկայում Թուրքիայի դեմ կարող են լինել նմանատիպ այլ հայցեր․ - «100-րդ տարելիցի պետական հանձնաժողովը իր համահայկական հռչակագրում արդեն ասել էր, որ մշակվում է հատուցման իրավական թղթածրար անհատական, համայնքային և համազգային իրավունքների հարցով: Այդ թղթածրարի ամբողջացումից կամ մշակման զարգացումների վրա հիմնված կարելի է եզրակացնել, թե ով ինչ դիմում պիտի ներկայացնի և որտեղ»:
Մանոյանի փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամներից է, առաջարկել է, որ այդ հանձնաժողովի հովանու ներքո ձևավորվի հատուկ գրասենյակ, որը կհամակարգի նշված գործընթացը․ - «Աշխատում են ընդամենը․․․ չհասած այն փուլին, որ պիտի ինչ-որ բան հրապարակվի: Կարծում եմ, մինչև աշուն որոշ բան պատրաստ կլինի, սեպտեմբերին այդ թղթածրարի վերաբերյալ որոշ զեկույց կներկայացվի: Սա այն հարցը չէ, որ ասենք՝ վեց ամսից, մեկ տարուց, երկու տարուց ամեն ինչ պարզ կլինի: Պետք է ընդհանուր գծերը հստակեցվեն․ մնացածը արդեն աշխատանք է: Եթե որոշվի, օրինակ, որ Ամենայն Հայոց կաթողիկոսությանը պատկանած կալվածքների հարց պիտի արծարծվի, դա արդեն լրիվ առանձին ճանապարհ է, պետք է ավելի մանրամասն այդ ուղղությամբ աշխատանք տարվի»:
Միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը հիսուն-հիսուն գնահատեց հավանականությունը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարող է բավարարել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հայցը՝ եթե Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժի այն, ու գործը հասնի Ստրասբուրգ:
«Հեռանկարային առումով պետք է նշեմ, որ այս քայլ առ քայլ իրավական միջոցներին դիմելը կարող է որոշ ժամանակ անց նաև մեծածավալ պահանջների հիմք հանդիսանա: Ամեն ինչ կախված է նրանից, թե դատարանը ինչ որոշում կկայացնի, և ինչ ճանապարհով կընթանանք առաջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանը: