Մատչելիության հղումներ

Caucasus Heritage Watch-ն ահազանգում է՝ Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին այլևս չկա


Լուսանկարները՝ Caucasus Heritage Watch-ի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարները՝ Caucasus Heritage Watch-ի ֆեյսբուքյան էջից

Քորնելի համալսարանիCaucasus Heritage Watch հետազոտական նախաձեռնությունն ահազանգում է՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում ավերվել է Շուշիի 177-ամյա հուշարձան Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։

Նախաձեռնությունը նշում է, որ այս կերպ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի որոշումը։

ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի վճռով Ադրբեջանը պարտավոր է ապահովել 2020 թվականի հակամարտության հետ առնչություն ունեցող գերեվարված բոլոր մարդկանց անվտանգությունը, ձեռնարկել բոլոր քայլերը` կանխելու ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու նպաստումը, այդ թվում` պաշտոնյաների և հանրային ինստիտուտների կողմից, որոնք թիրախավորում են ծագումով հայ մարդկանց, ինչպես նաև ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ կանխելու և պատժելու վանդալիզմի դրսևորումները հայկական մշակութային ժառանգության նկատմամբ, ներառյալ` պաշտամունքի վայրերի, հուշարձանների, գերեզմանատների և այլն։

Caucasus Heritage Watch-ը նշում է, որ Կանաչ ժամ (կանաչ մատուռ) կոչվող եկեղեցին հայերը կառուցել են 1847 թվականին։ Այն վնասվել է 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Պատերազմից հետո Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմը խոստացել էր վերականգնել այն, սակայն, փաստ է, որ այսօր եկեղեցին չկա։

Զանգակատան մուտքի մոտ հայկական արձանագրություններ կան, նշված է, որ «Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է Շուշի քաղաքի պարոն Հովհաննես և Բաբա Ստեփանյան Հովնանենցի կողմից՝ ի հիշատակ իրենց հանգուցյալ եղբոր՝ Մկրտիչի, 1847 թվականին»։

Փորձագետները բազմիցս են ահազանգել Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հետքը վերացնելու մասին։ Լեռնային Ղարաբաղում եկեղեցիների վրայից նաև խաչերն են հեռացվում, պատմական կոթողներ վերացվում։

Տարբեր հաշվարկներով՝ Ադրբեջանի վերահսկողության տակ է 4000-ից 6000 հուշարձան, այդ թվում՝ եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG