Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պետական քաղաքականություն է վարում հայկական եկեղեցիները ավերելու, բռնությամբ յուրացնելու ուղղությամբ. Արցախի մշակույթի փոխնախարար


Ուդիական համայնքի ներկայացուցիչները մտնում են Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցի։
Ուդիական համայնքի ներկայացուցիչները մտնում են Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցի։

Ադրբեջանը պատերազմից հետո իր վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային հետքը վերացնելու նպատակով օգտագործում է երկրում ապրող փոքրամասնությանը՝ ուղղափառ քրիստոնյա ուդիներին, վստահ է Արցախի մշակույթի փոխնախարարը։

Լեռնիկ Հովհաննիսյանն այս պնդումն անում է օրերս Հադրութի և Տող գյուղի եկեղեցիներ ուդիական համայնքի ներկայացուցիչների այցելությունից հետո. - «Ազգային խտրականության ձևերից մեկն է և բռնությամբ յուրացնելու ձևերից մեկն է։ Նույնը, ինչ որ արել են ասենք Քարին Տակի Սուրբ Աստվածածին եկեղեցում Շուշիի շրջանում, երբ որ մահմեդական աղոթք էին կատարում հայկական եկեղեցում»։

Ուդիները իրենց համայնքի ղեկավարի հետ օրերս այցելել էին Հադրութի 17-րդ դարի Սուրբ Հարություն և Տող գյուղի 13-րդ դարի Ս. Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցիներ և ծիսական արարողություններ անցկացրել։ Ադրբեջանական ալիքների ռեպորտաժներում համայնքի ղեկավարն ասում էր, թե այդ եկեղեցիները ուդիական են։ Ցույց տալով հայերեն արձանագրությունները՝ նաև պնդել էր, թե հայերը նախորդ 30 տարիների ընթացքում իբր փորձել են հայկականացնել դրանք։

Ռեպորտաժներում խոսվում է հայկական եկեղեցիները ալբանա-ուդիական եկեղեցիների նմանությամբ վերականգնելու, նման «ուխտագնացությունները» պարբերական դարձնելու մասին։

«Երևում է, թե ինչպես են պղծում տապանաքարերը, մաքրում վիմագիր արձանագրությունները։ Այսինքն՝ հստակ պետական քաղաքականություն են վարում հայկական եկեղեցիները ավերելու, ոչնչացնելու, պղծելու, բռնությամբ յուրացնելու ուղղությամբ», - ասաց Հովհաննիսյանը։

Արցախում գրեթե երկու տարի է, սպասում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների այցին

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է գնահատողական առաքելություն իրականացնի՜ մշակութային ժառանությունը պահպանելու նպատակով։ Փաստացի չունենալով որևէ այլ լծակ՝ հայկական կողմը շարունակում է հույսը դնել միջազգային հանրության միջամտության վրա, որը, սակայն, արցախցի պաշտոնյայի խոսքով, շատ է ուշանում. - «Բացի մի քանի հերթապահ հայտարարություններից, գործնական քայլեր չեն ձեռնարկվում»։

ՅՈՒՆԵՍԿՕ-ից դեռ մեկ ամիս առաջ «Ազատությանը» հայտնել էին, որ աշխատում են բոլոր կողմերի հետ, որպեսզի ՄԱԿ-ի մշակութային կազմակերպության անկախ տեխնիկական առաքելության համար պայմաններ ստեղծվեն։ Ի՞նչ պայմաններ են դրանք, ինչո՞ւ է ուշանում առաքելության այցը. այս հարցերի պատասխանները չկան։

44-օրյա պատերազմից հետո Մայր Աթոռում հիմնված Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի պատասախանատու Գարեգին վարդապետ Համբարձումյանն ասում է՝ Հայ առաքելական եկեղեցին բոլոր միջազգային կառույցների հետ մշտական կապի մեջ է։ Մանրամասն զեկուցում են յուրաքանչյուր դեպք։

Մի քանի օր առաջ, Համբարձումյանի փոխանցմամբ, Վիեննայում կայացած միջազգային գիտաժողովում են ներկայացրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային արժեքների պահպանման հարցը. - «Մասնագետները և գիտնականները որոշակիորեն արձանագրեցին ամբողջ այն վնասը, որ պատճառված է հայ հոգևոր մշակութային ժառանգությանը Արցախ աշխարհում, և նաև քայլերը, թե ինչ կերպ հնարավոր է կասեցնել»։

Հայկական կողմը մտահոգված է, որ սպասման ու միջազգային կառույցների անհասցե հրապարակումների ընթացքում հայկական պատմամշակության ժառանգությունը՝ չորս հազարից ավելի հուշարձանները՝ եկեղեցիները, վանքերը, մատուռներն ու խաչքարերը կարող են ոչնչացվել։ Վանդալիզմի դեպքեր այս ընթացքում եղել են։

Այսօր բանակցություններ են ընթանում տարբեր ձևաչափերով և դրանցից մեկի ժամանակ փորձ եղել է մշակութային ժառանգության հարցը քննարկել հոգևորականների մակարդակով։ Համայն Ռուսիո պատրիարքը անցած տարի Մոսկվայում հանդիպել էր Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հետ։

«Այն առաջարկությունները, որ արվեց Հայ առաքելական եկեղեցու կողմից, բնականաբար մերժվեցին, որևէ ընթացք չստացան», - ասաց Արցախի մշակույթի փոխնախարարը։

Մայր Աթոռի ներկայացուցիցը ևս կարևորում է հարցը բանակությունների առարկա դարձնելը՝ պատմության խեղաթյուրման փորձերը կանխելու համար. - «Վերջ ի վերջո, հայ եկեղեցու մշակույթը մի պահ է գալիս, որ դառնում է համամարդկային ժառանգություն»։

Հայաստանի արտաքին գործերի նախարարութնից չհաջողվեց պարզել՝ արդյո՞ք հայկական կողմը շարունակում է այս հարցը պահել բանակցային օրակարգում։ Ուդիական համայնքի այցից հետո գերատեչսությունը հերթական դատապարտող հաղորդագրությունն էր տարածել։

XS
SM
MD
LG