«Ելք» դաշինքից Ալեն Սիմոնյանը Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին առաջարկում է քաղաքապետի իրենց թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճում ներկայացնել այս տարիների իր աշխատանքը:
Հրայր Թամրազյանի կիրակնօրյա վերլուծական հաղորդաշարի ընթացքում առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ի շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը պնդել էր, թե չկա մի ոլորտ, որտեղ ավագանու Հանրապետական խմբակցությունն ու Տարոն Մարգարյանը առաջընթաց արձանագրած չլինեն:
«Հետևյալ առաջարկն եմ անում, և մարտահրավերն են անում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սիմոնյանը․ - «կազմակերպել պարոն Մարգարյանի և պարոն Փաշինյանի բանավեճը, որտեղ պարոն Մարգարյանը համառոտ ձևով կներկայացնի երևանցիներին, թե ինչ աշխատանք է արվել: Եթե նման առաջարկը կընդունվի, ես միայն ուրախ կլինեմ, և իրոք կտեսնենք: Եթե չէ, ապա ես կհամարեմ, որ պարոն Շարմազանովը և այն շտաբը, որը ինքը ղեկավարում է և թեկնածուն ուղղակի վախեցան պատասխանատվությունից, և ուղղակի սա օդում ասված խոսքեր են»:
Երևանի ավագանու ընտրություններում Հանրապետականի հաղթանակը կասկածի տակ չառնող Շարմազանովը մրցակիցների մասին ասում է, որ «Երկիր ծիրանի»-ից միայն Զարուհի Փոստանջյանին են ճանաչում, իսկ «Ելք»-ը նոր քաղաքական ուժ է, որի համար այս ընտրությունները շատ լավ շանս է ստանալ երևանցիների ձայնը, որպեսզի «կարողանա լեգիտիմացնել իր ընդդիմադիր կարգավիճակը»:
Ալեն Սիմոնյանն էլ իրենց հաղթանակին է վստահ, նրա խոսքով՝ Երևանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացած մոտ 70 հազար ձայները եռապատկելու են․ - «Էդ լեգիտիմացնել բառը, կարծում եմ, ցայտնոտային իրավիճակի մեջ է գցում իշխանության յուրաքանչյուր ներկայացուցչի, որովհետև իրենք ինչ ընտրություն անցկացնում են, լեգիտիմացնելու խնդիր ունեն: «Ելք» դաշինքը որևիցե բան լեգիտիմացնելու խնդիր չունի: Մեր ընտրողները գնված ընտրողներ չեն: Մենք փողով պատգամավորներ «գործի չենք ընդունել»: Մենք ունենք ռեալ ձայներ, և այդ մարդիկ այս անգամ նույնպես գնալու են և քվեարկելու են «Ելք» դաշինքի օգտին: Ասեմ ավելին՝ մենք եռապատկելու ենք Երևան քաղաքում մեր արդյունքը»:
«Ելք» դաշինքը, Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ, մայրաքաղաքի ավագանու ընտրություններին կմասնակցի խորհրդարանականի մի փոքր խմբագրված՝ «Երևան ջան, ելք կա» կարգախոսով:
Դաշինքում վստահ են, որ իշխանությունն այս անգամ էլ գործի կդնի ընտրակեղսծիքների ողջ զինանոցը, ուստի վերջին խոսքն ընտրողինն է․ - «Մենք վստահ ենք, որ այս ընտրություններին կրկին փորձելու են օգտագործել պետական ռեսուրսը, և օգտագործվելու է փող բաժանելու մեխանիզմը: Այստեղ կա մի շատ լավ գործիք, որը որ շատ ռեալ է օգտագործելը՝ իր որոշումով քաղաքացին է: Նա, եթե որոշում կայացնի չվերցնել այդ գումարը և մասնակցի, որովհետև 400 հազար մարդ Երևանում չի մասնակցում ընտրություններին: Եթե քաղաքացին մասնակցի, գնա քվեարկի, մենք այդ քվեն կպահենք, և վստահեցնում եմ ձեզ՝ որևիցե ձայն չի կորելու, և Երևանը կունենա ընդդիմադիր քաղաքապետ, և դա կարող է շատ լուրջ հետևանքների բերել և շատ լուրջ փոփոխությունների՝ հանրապետական մասշտաբով»:
Հարցին՝ եթե առաջիկա ընտրություններում առաջինը չլինեն, Նիկոլ Փաշինյանը պատգամավորի՞, թե՞ ավագանու անդամի մանդատը կնախընտրի, Սիմոնյանն արձագանքեց․ - «Այն փաստը, որ մենք առաջադրել ենք որպես քաղաքապետի թեկնածու պարոն Փաշինյանին, խոսում է նրա մասին, որ մենք գնում ենք հաղթելու: Մենք չենք քննարկում այլ տարբերակներ: Բնական է, ժամանակը կգա, մենք դրա մասին կխոսենք․․․ Երևանցուց է կախված․ եթե գնա քվեարկի, մենք այդ ձայները կպահենք, և պարոն Փաշինյանը կլինի քաղաքապետ»: