Մատչելիության հղումներ

«Տարոն Մարգարյանի գլխավորությամբ բավականին լուրջ առաջընթաց է ապահովվել»․ Շարմազանով


Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ի շտաբի պետ Էդուարդ Շարմազանովի պնդմամբ՝ չկա մի ոլորտ, որտեղ ավագանու Հանրապետական խմբակցությունն ու Տարոն Մարգարյանը առաջընթաց արձանագրած չլինեն:

Հրայր Թամրազյանի վերլուծական ծրագրում կուսակցության խոսնակը հայտարարեց, որ երևանցի ընտրողներին առաջին հերթին արված աշխատանքն են ներկայացնելու, նոր հետո խոստումներ․ - «Կանաչապատումից սկսած մինչև բարեկարգում, քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարում․ վերջին չորս տարիների ընթացքում Տարոն Մարգարյանի գլխավորությամբ բավականին լուրջ առաջընթաց է ապահովվել: Ինչո՞ւ եմ նման համոզումով ասում: Որովհետև 2013 թվականին ինքս ղեկավարել եմ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբը, շատ լավ, անգիր հիշում եմ այն ծրագրային դրույթները, որոնք մենք խոստանում էինք, և դրանց մեծ մասը կատարվել է, հիմնական թեզերը»:

Փոխարենը Շարմազանովը թերահավատ է իրենց մրցակիցների՝ Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցության և Նիկոլ Փաշինյան առաջնորդած «Ելք» դաշինքի մասով․- «Այսօր մասնակցում է մի կուսակցություն, որի մասին, բացի տիկին Փոստանջյանից, Հայաստանը գրեթե ոչ մեկը չգիտի դա ինչ կուսակցություն է: Մենք ճանաչում ենք տիկին Փոստանջյանի ֆեյսով և ծիրանագույն զգեստով: «Ելքը» նոր քաղաքական ուժ է, որի համար այս ընտրությունները շատ լավ շանս է ստանալ երևանցիների ձայնը, որպեսզի կարողանա լեգիտիմացնել իր ընդդիմադիր կարգավիճակը»:

Արդեն հայտնի է, որ ընտրություններին մասնակցող երեք ուժերն էլ այս կամ այն չափով ներկայացված լինելու են քաղաքապետարանում, քանի որ ըստ օրենքի՝ ավագանին պետք է երեք ուժ ձևավորի:

Շարմազանովը, սակայն, ասում է՝ մեծամասնությունը կլինի Հանրապետականը․- «Կունենանք այնպիսի ավագանի, բնականաբար, ըստ իս՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, որը կարող է լուծել երևանցիների առջև ծառացած խնդիրները: Եվ մենք ժողովրդավարական քաղաքական ուժ ենք և գտնում ենք, որ տարբեր մոտեցումները շատ կարևոր են: Ես ինքս դեռևս ծանոթ չեմ մեր հարգարժան «Ելքի» և հարգարժան «Երկիր ծիրանիի» իմ գործընկերների նախընտրական ծրագրերին: Միգուցե իրենց մոտ էլ լինեն առողջ առաջարկներ: Կտեսնենք: Մենք որևէ մեկի դեմ սև փիառ, որևէ մեկի դեմ պայքարելու խնդիր չունենք»:շ

Տարոն Մարգարյանի մրցակից Զարուհի Փոստանջյանը հակադարձում է, թե գործող քազաքապետի աշխատանքի արդյունքը երևում է, օրինակ, ձմռանը՝ մայրաքաղաքի փողոցներում․ - «Ե՛վ հանրային տրանսպորտը ինչպես է աշխատում, և՛ խցանումները ինչպիսին են: Ամեն ինչ մեր աչքերի առջև է․․․ թե ինչպես է աղբահանությունը տեղի ունենում: Այնպես որ, Երևանում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում: Եվ այս լուծումները, հասկանալի է, որ տարիներ շարունակ ապարդյուն են եղել, այսինքն որևէ մեկը չի ցանկացել լուծում տրամադրել»:

Զարունի Փոստանջյան
Զարունի Փոստանջյան

Նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախ կոռուպցիայի դեմ պայքարն է կարևորում: Փոստանջյանի խոսքով, քաղաքապետարանում վերից վար պետք է փոխել ողջ համակարգը․ - «Առաջնահերթ է դադարեցումը գողության, հանրային գումարների յուրացման: Եթե մենք տեսնում ենք, թե ինչպես են պետական պաշտոնյաները այդ ընթացքում հարստացել, հասկանում ենք, որ այդ գումարները հանրային գումարներ են: Մենք խնդիր ունենք նաև մաքրելու այդ տարածքը, որովհետև հասկանում ենք՝ ամբողջ տարածքը փչացած է ը վերից վար կոռումպացված»:

Որքանո՞վ էական կլինի ընտրակաշառքը այս ընտրություններում: Իշխանական կուսակցությունում համոզված են, թե փողը դեր չունի, ընդդիմադիրները, մինչդեռ, փորձելու են քվեարկողներին համոզել, որ կաշառք չվերցնեն:

«Հասել ենք նրան, որ ընտրակաշառքի ազդեցությունը քաղաքացու գաղտնիության արտահայտման համար գրեթե զրոյացվում է: Ես, որպես արդեն նախընտրական շտաբի պետ, բնականաբար, էսօր էլ կարող եմ ասել, նախկինում էլ եմ ասել՝ մենք պետք է Հայաստանում զարգացնենք ժողովրդավարությունը: Օրենքը ով կխախտի՝ Հանրապետական կլինի, «Ելք»-ից կլինի, «Ծիրանի»-ից կլինի, թե այլ կուսակցությունից դիտորդ կլինի, պետք է պատժվի», - ասաց Էդուարդ Շարմազանովը:

«Որևիցե մի քաղաքական ուժ ինքնուրույն կամ մի քանի ուժեր միասին չեն կարող պայքարել այսպիսի ապօրինությունների դեմ, որովհետև իրենք իրենց ոստիկանությունը չունեն, դատարանը չունեն, դատախազությունը չունեն: Սա իրավապահ մարմինների գործառույթն է: Մեր պայքարը այլ տիրույթում է՝ բացատրել մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք չկաշառվեն, նրանք չվախենան, ովքեր չեն վախենում, միանան մեզ: Գալիս են ազատագրելու Երևանը», - նշեց Զարուհի Փոստանջյանը:

Ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է ապրիլի 21-ին:

XS
SM
MD
LG