Մատչելիության հղումներ

«Խաղաղության ծրագրի» իրագործման հարցում Կոնգրես-ՀԺԿ դաշինքը պատրաստ է օգնել ցանկացած ուժի


Եթե առաջիկա ընտրություններում հաղթի ՀՀԿ-ն և ցանկանա իրականացնել Կոնգրես-ՀԺԿ դաշինքի խաղաղության ծրագիրը, ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով, այդ հարցում պատրաստ են օգնել իշխանությանը:

«Մենք կոալիցիայի մեջ երբեք չենք մտնի, բայց եթե իրենք գնան այդ ճանապարհով, խաղաղության ծրագրի իրականացման ճանապարհով, մենք, բնականաբար, կօգնենք մեր հանրային մոտեցումներով՝ զուտ խաղաղության ծրագրի իրականացման հարցում: Մնացած հարցերում, կներեք, մենք շարունակելու ենք մնալ իրենց անխնա քննադատը: Ի՞նչ է եղել․․․ Մենք չե՞նք կարող միաժամանակ լինել խաղաղության ծրագրի իրականացման կողմնակից և լինենք կոռուպցիայի ոչնչացման, վերացման կողմնակից․․․ Դրանք անհամատեղելի բանե՞ր են», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Զուրաբյանը:

Ծրագրում են ծավալել խաղաղության շարժում, որը, անկախ ընտրությունների արդյունքից, ցանկացած իշխանության կպարտադրի իրենց ծրագիրը:

Զուրաբյանը կարծում է, որ Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» ծրագրին տված Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը ժողովուրդը «շատ դրական է ընկալել»:
Այնուհանդերձ նա հարկ համարեց պատասխանել ԱԺ-ի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին, ով անդրադառնալով առաջին նախագահի հարցազրույցին՝ ասել էր, թե «շատ կարևոր է, որ պետության առաջին նախագահը նաև ընդունում է, որ այսօրվա իշխանությունները ընտրված են»։

2008-ի և 2013-ի նախագահական ընտրություններից հետո, հիշեցնենք, Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին չընտրված նախագահ էր համարում:

«Սա տեսական մի մոտեցում է, որ ժողովուրդը կարող է պարտադրել իր կամքը մի իշխանության, որը ինքն իրեն պաշտոնապես ընտրված է համարում», - ասաց Զուրաբյանը: - «Բայց ես ուզում եմ ասել, որ Շարմազանովը շատ սխալվում է, եթե սա ընդունել է որպես Սերժ Սարգսյանի նախագահության լեգիտիմության ճանաչում: Տեր-Պետրոսյանի գնահատականները և՛ 2008 թվականի, և՛ 2013 թվականի վերաբերյալ ոչ մի սանտիմետր չեն փոխվել: Եվ ես կխնդրեի Շարմազանովին չհրճվել շատ, եթե ինքը չի հասկացել նախագահի խոսքի ենթատեքստը»:

Զուրաբյանը Շարմազանովից նաև պահանջեց չգովել Տեր-Պետրոսյանին․ - «Այդ գովասանքները թող իրենք պահեն: Մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ գովասանքների միակ ուղղվածությունը կամ նպատակը մեր աճոջ հեղինակությանը վնաս հասցնելն է»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե այնուհանդերձ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում իշխանության հասցեին որևէ քննադատություն չհնչեցրեց, Զուրաբյանն արձագանքեց․ - «Հիմա ես կարող եմ մի հինգ կամ տասը րոպե խոսամ ինչ-որ մի պրոբլեմի մասին և չհնչեցնեմ որևէ քննադատություն իշխանության հասցեին: Դա ի՞նչ է նշանակում․․․ Որ ես այսուհետև դարձել եմ իշխանության շահերի սպասարկո՞ւն․․․ Դա աբսուրդ է»:

Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրողներին կոչ էր արել դեմ քվեարկել բոլոր այն կուսակցություններին, որոնց նախընտրական ծրագրերում չկա հետևյալ հարցի պատասխանը՝ համաձա՞յն եք Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված և Հայաստանի իշխանությունների կողմից ընդունված կարգավորման ծրագրի ստորագրմանը:

«Մենք ասում ենք՝ համաձայն ենք: Ըստ էության, շատ հստակ չի ձևակերպել, Հանրապետական կուսակցությունը նույնպես այս գծի մեջ է, որովհետև շեշտվում է, որ Մինսկի խմբի գործընթացին պիտի ջանքեր գործադրեն: Մյուսների մոտ ուղղակի հեքիաթ է, հեքիաթ», - հայտարարել էր առաջին նախագահը:

«Ազատության» հարցին, թե արդյոք սա անուղղակի քարոզ չէ Հանրապետական կուսակցության օգտին, Զուրաբյանը պատասախանեց․ - «Ոչ: Դա ուղղակի քարոզ է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի օգտին»:

Զուրաբյանը այսօր պնդեց, թե ընտրարշավին մասնակցող 9 դաշինքներից և ուժերից 5-ը կաշառք է բաժանում ,սակայն հրաժարվեց անուններ հնչեցնել․ - «Անունները չեմ տա, ինչքան էլ դուք ինձ այստեղ խոշտանգեք»:

XS
SM
MD
LG