Մատչելիության հղումներ

Լևոն Տեր-Պետրոսյան․ Ղարաբաղյան հարցը կողմնորոշիչ պետք է լինի ընտրողի համար


Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» ծրագրի եթերում նորանկախ Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ էության ներկայացնելով Կոնգրես-ՀԺԿ դաշինքի խաղաղության ծրագիրը, հայտարարեց, որ ժողովուրդն իշխանությունից պետք է պահանջի լուծել ղարաբաղյան խնդիրը:

«Ինքն է [ժողովուրդը] ընտրել, ինքը միայն մի բան պետք է պահանջի՝ լուծեք այս խնդիրը, վերջ տվեք այս մեր դժբախտություններին, մեր տառապանքներին, մեր երեխաների ամենօրյա զոհերին սահմաններում»:

«Ազատության» հետ զրույցում Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց․ - «Շատ կարևոր է, որ պետության առաջին նախագահը նաև ընդունում է, որ այսօրվա իշխանությունները ընտրված են, առաջինը: Երկրորդը՝ ղարաբաղյան հիմնահարցում չի իրականացնում քայլ, որը չի բխում մեր պետության շահերից: Եվ ավելին՝ նշում է, որ այս փաստաթուղթը՝ խոսքը մադրիդյան փաստաթղթի մասին է և կազանյան առաջարկների մասին է, որը մեր իշխանությունը ընդունել է որպես հիմք, դրանք դավաճանական չեն»:

«Ղարաբաղյան հարցի կարգավորման սկզբունքները որոշել ենք ոչ թե մենք կամ Ադրբեջանը, կամ Ղարաբաղը, այլ՝ միջազգային կառույցները», - հարցազրույցի ընթացքում հայտարարեց Տեր-Պետրոսյանը: Ըստ առաջին նախագահի՝ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը 2007-ից համաձայնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած մադրիդյան սկզբունքներին և ընդունել դրանք որպես բանակցությունների հիմք: Սզբունքների շուրջ՝ տարածքների վերադարձ, ուժի չկիրառման հավաստիացում և Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի սահմանում, Տեր-Պետրոսյանի կարծիքով վիճաբանություն չկա: ՀԱԿ առաջնորդն ասաց՝ տարաձայնությունները մեկ-երկուսն են, դրանց տեղյակ է, բայց՝ չհրապարակեց:

Պատասխանելով ընդդիմախոսներին՝ առաջին նախագահը կրկին պնդեց՝ եթե Ադրբեջանը պատրաստ չլիներ փոխզիջումների, չէր մասնակցի Մինսկի խմբի աշխատանքներին։

Կարգավորումը նա այսպես է տեսնում․ - «Եթե Հայաստանը վճռականորեն հայտարարի, որ հենց այսօր պատրաստ է ստորագրել փաստաթուղթը, Ադրբեջանը չի կարող մերժել: Թող փորձի: Հայաստանի այդ պատրաստակամությունից հետո միջազգային ողջ ճնշումն ուղղվելու են նրա դեմ»:

«Ազատ դեմոկրատների» ցուցակով առաջիկա ընտրություններին մասնակցող Ստեփան Սաֆարյանի խոսքով, իր ներկայացրած քաղաքական ուժը բացարձակապես համաձայն չէ Տեր-Պետրոսյանի մոտեցումներին․ - «Մենք, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, հավակնում ենք գալ իշխանության ոչ թե որպեսզի համակերպվենք իրողությունների հետ և համաձայնենք նրան, ինչը մեզ առաջարկում են Մինսկի խմբի համանախագահները, այլ փոխելու այդ տարբերակը և այդ տարբերակներում արտացոլելու Արցախի Հանրապետության ժողովրդի քաղաքական կամքը, հարգելու Արցախի Սահմանադրությունը, ինչպես գրել ենք մեր նախընտրական ծրագրում՝ Արցախի տարածքային ներկայիս ամբողջականության, դրա հետ կապված հնարավոր զարգացումների բոլոր պայմանների մասին»:

Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքով, ղարաբաղյան հարցից ավելի կարևոր հարց 88-ից հետո չկա, և ընտրողի համար քվեարկելիս այս հարցը պետք է կողմնորոշիչ լինի․ - «Բոլոր քաղաքական ուժերը պետք է պատասխանեին մեկ հարցի՝ միակ ռեալ, իրական հարցին, որը վերաբերում է արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին: Սա ռեֆերենդումի նման բան պետք է լիներ․ համաձա՞յն եք Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված և Հայաստանի իշխանությունների կողմից ընդունված կարգավորման ծրագրի ստորագրմանը, թե՞ ոչ: Մենք ասում ենք՝ համաձայն ենք: Ըստ էության, շատ հստակ չի ձևակերպել, Հանրապետական կուսակցությունը նույնպես այս գծի մեջ է, որովհետև շեշտվում է, որ Մինսկի խմբի գործընթացին պիտի ջանքեր գործադրեն: Մյուսների մոտ ուղղակի հեքիաթ է, հեքիաթ՝ ոչ մի կապ չունեցող այս իրականության հետ: Ես ընտրողին ուղղակի կոչ կանեի՝ եթե տեսնում եք այս հարցի պատասխանը չկա՝ այո կամ ոչ, ուղղակի այդ կուսակցություններին պետք է դեմ քվեարկել»:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը այս առնչությամբ «Ազատության» հետ զրույցում հայտարարեց․ - «Մենք մեր ծրագրում ներկայացրել ենք մեր կարծիքը՝ մադրիդյան փաստաթուղթը մեր երազանքների փաստաթուղթը չէ, բայց դա հիմք է բանակցությունների համար: Բայց առանցքը լինելու է Արցախի ժողովրդի ինքնորոշումը: Առանց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման խնդիրը լուծված չի կարող լինել, Արցախն էլ ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:

Հարցին, թե արդյոք Հանրապետականն ուզում է ոչ թե պահպանել ստատուս քվոն, այլ լուծել հարցը, Շարմազանովը պատասխանեց․ - «Հանրապետական ուզում է հարցը լուծել: Եվ մեկ անգամ չէ, որ Հանրապետության նախագահը նշել է, որ ստատուս քվոյի պահպանման պատճառը ոչ թե հայկական կողմերն են, այլ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը: Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք՝ և՛ Կազանում, և՛ մինչ այդ մենք պատրաստ են ք եղել ստորագրել փաստաթուղթը: Բայց դրանից հրաժարվել է Ադրբեջանը՝ ներկայացնելով ապակառուցողական տասը նոր առաջարկներ»:

«Ծառուկյան» դաշինքից պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իրենք Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջարկած օրակարգը բավական ռիսկային են համարում․ - «Ծառուկյան դաշինքը գտնում է, որ այս պահին Ադրբեջանը պատրաստ չէ ընդհանրապես քննարկել փոխզիջումային որևէ տարբերակ, և ՀԱԿ-ի առաջարկած օրակարգը այս պահին մենք համարում ենք բավականին ռիսկային»:

Տեր-Պետրոսյանը երեկ նաև կանխատեսեց՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացը երկար չի տևելու, հարցը լուծվելու է առաջիկայում։ ՀԱԿ առաջնորդը ևս մեկ անգամ պնդեց՝ Ղարաբաղյան հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է․ - «Ես ասում եմ՝ պրոցեսը այնպիսին է, որ շատ երկար չի տևելու: Եթե Հայաստանն էլ պատրաստակամություն հայտնեց, որ պատրաստ է հենց այսօր ստորագրել սեղանին դրված փաստաթուղթը, դա շատ արագ կարող է ընթանալ»:

Ի դեպ, նախկինում Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած գնահատականներին բավական կոշտ արձագանքող հանրապետական Էդուարդ Շարմազանովն այսօր ասաց՝ ինքը չէ, որ պետք է գնահատական տա առաջին նախագահի հարցազրույցին․ - «Զուտ կոռեկտությունից ելնելով՝ մենք տարբեր քաշային կատեգորիաների գործիչներ ենք: Ինքը շատ ավելի բարձր, մենք՝ կոնկրետ ես՝ սովորական մահկանացու: Դրա համար չեմ կարծում, որ նախագահների՝ նաև ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված հարցազրույցները պետք է մեկ կամ երկու բառով ես գնահատական տամ: Պարզապես պետք է նշեմ, որ Տեր-Պետրոսյանն ունի իր կարծիքը, որը նաև ասել է տարիներ շարունակ և նրա կարծիքը չի փոխվել»:

Այս հարցազրույցից հետո ՀԱԿ-ի վարկանիշը կբարձրանա, թե կիջնի՝ Շարմազանովը դժվարացավ ասել․ - «Ամենակարևորը նաև այն է, որ Տեր-Պետրոսյանը պոպուլիզմի հետևից չգնաց և ունեցավ այդքան ազնվություն, որ պնդեց իր կարծիքը: Պատմությունն ու ժամանակը ցույց կտան՝ նրա կարծիքը արդարացված էր, թե չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG