Քննչական կոմիտեն այսօր քրեական գործ է հարուցել Արթուր Սարգսյանի մահվան դեպքի առիթով։
Կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն «Ազատությանը» փոխանցեց, որ քրեական գործը հարուցվել է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ-պատշաճ կատարելու հատկանիշներով: 49-ամյա Արթուր Սարգսյանի եղբայրը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։ Մահվան պատճառները պարզելու համար փորձաքննություն է նշանակվել, ինչին որոշում է կայացվել ներգրավել նաև միջազգային փորձագետներին:
Մինչ քննությունը կպարզի, թե ինչու մահացավ «Հաց բերողը», «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական գծով բժշկական տնօրեն Արսեն Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում հայտնեց՝ Արթուր Սարգսյանի մահը վրա է հասել վիրահատությունից ժամեր անց՝ սիրտ-անոթային անբավարարության հետևանքով։
Բժիշկն ասաց, որ իրենք արել են հնարավորը՝ նրա կյանքը փրկելու համար․ - «Ինքը ուներ ճողվածք, բարդացավ օղակումով, օղակումը բերեց անանցանելիության, անանցանելիությունը․․․ զարգացավ պերիտենիտ: Պերիտոնիտը արդեն բերում է հարաբերական անդարձելի փոփոխությունների»:
Արսեն Գրիգորյանը պատմեց, որ ճողվածքը Արթուր Սարգսյանի մոտ հայտնաբերվել էր տասն օր առաջ, երբ նա դատապարտյալների հիվանդանոցից շտապ բուժօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր իրենց բժշկական կենտրոն։ Նրան այդ ժամանակ էին առաջարկել վիրահատություն կատարել, բայց նա հրաժարվել էր՝ գրավոր այդ մասին տեղեկացնելով, սակայն պատճառը չէր նշել։
Ավելին, մարտի 6-ից հիվանդանոց տեղափոխված Սարգսյանը մարտի 10-ին ինքնակամ լքել էր հիվանդանոցը։
«Տանը, ըստ իր և ուղեկցողների խոսքերի, մոտ մեկ օրվա հիվանդության պատմություն ուներ ինքը: Օղակումը, ըստ երևույթին, մեկ օր առաջ էր տեղի ունեցել, իսկ սուր վիրաբուժական պաթոլոգիաների ժամանակ ժամանակը շատ մեծ կարևորություն ունի: Ընհանրապես ամբողջ աշխարհում ընդունված է առաջին ժամվա կանոնը», - փոխանցեց վիրաբույժը:
Մարտի 15-ին Արթուր Սարգսյանը կրկին տեղափոխվել էր հիվանդանոց։ Անմիջապես վիրահատություն էր կատարվել, որի արդյունքում, ըստ վիրաբույժ Գրիգորյանի, պարզվել էր, որ պորտի օղակաձեւ ճողվածքի հետևանքով զարգացել է մեկ այլ հիվանդություն, որն արդեն թունավորել էր օրգանիզմը․ - «Որպես վիրաբուժական դեպք, մեր համար սա կանխատեսելի էր: Որովհետև մենք, եթե ընդունում ենք հիվանդ, որը ունի օղակված ճողվածք, մենք նախավիրահատական հիմնավորման ժամանակ հարազատներին և հիվանդին բացատրում ենք նրա շանսերը: Մենք ասում ենք, որ ըստ վիճակագրության, կա այսքան տոկոս մահացություն, որովհետև արդեն դուք դիմել եք բարդությունների փուլում: Բայց ինչն էր բերել Արթուր Սարգսյանի մոտ այս վիճակի, դա չեմ կարող ասել: Ասեմ, որ եթե առաջին հոսպիտալացման ժամանակ նա չհրաժարվեր վիրահատությունից, միանշանակ տասը օր հետո նրա մոտ չէր զարգանա այն նույն ճողվածքի օղակումը»:
Ինչպես պնդում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական գծով բժշկական տնօրենը, բժշկական պրակտիկայում օղակված ճողվածքների դեպքում մահացությունը բարձր է՝ 10 տոկոս, իսկ Արթուր Սարգսյանի մոտ, հաշվի առնելով նրա մյուս լուրջ հիվանդությունները, հավանականությունն ավելի բարձր էր․ - «Եթե մենք հասցնում ենք օգնություն ցույց տալ շատ շուտ, փրկվելու հավանականությունը շատ մեծ է: Հաշվի առնելով իր ուղեկցող հիվանդությունները, հյուծումը, մենք կարող ենք ասել, որ հիվանդության ախտաբանական զարգացումը արագ էր տեղի ունեցել, և մեկ օրվա ընթացքում բերել էր հարաբերական անդարձելի փոփոխությունների»:
Հարցին, թե ինչ ազդեցություն կարող էր թողնել 25 օր տևած հացադուլն ու բուժումից հրաժարվելը, վիրաբույժն արձագանքեց․ - «Միանշանակ ասել հնարավոր չէ, սակայն բացառել էլ չի կարելի: Կոնկրետ երկրորդ հոսպիտալացման ժամանակ նրա սպիտակուցները շատ ցածր են եղել: Դրա պատճառը կարող էր լինել դրան նախորդող հացադուլը, բայց կարող էր նաև հենց նույն պերիտոնիտը լինել պատճառը»:
Արթուր Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում էր անցած ամռանը Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ: Գնդի տարածքը գրավելու օրերին նա կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել գնդի տարածք։
«Հաց բերողը» կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պատճառով ազատ արձակվեց դեկտեմբերի 30-ին, ապա կրկին կալանավորվեց՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ:
Իրեն ազատ արձակելու պահանջով Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց: