Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան․ Չի կարելի այլևս հանդուրժել անարդարությունը


Իր հերթական տեսաուղերձում Պաշտպանության նախկին նախարարը կոշտ քննադատության է ենթարկում երկրում ստեղծված սոցիալական դրությունը:

Պետքական ունեցվածքը, Ղարաբաղում և Հայաստանում շուրջ մեկ տասնամյակ պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Օհանյանի խոսքով, անարդար է բաշխված․ - «Հերիք է հանդուրժել, երբ երկրի ողջ ռեսուրսները կենտրոնացած են փոքրաթիվ մարդկանց ձեռքում, իսկ իրապես կարևոր աշխատանք կատարողներին ասում են՝ փող չկա, պետք է համակերպվել»:

Վարդան Օսկանյանի ու Վիկտոր Դալլաքյանի հետ նախընտրական դաշինք կազմած Սեյրան Օհանյանը կոչ է անում «ճեղքել ազատությանն ու արդարությանը խոչընդոտող բոլոր արգելքները»՝ այդուհանդերձ չտալով կոնկրետ անուններ․ - «Չի կարելի այլևս հանդուրժել այն անարդարությունը, այն սոցիալական վիճակը, որում ապրում է երկրի կրթա-գիտական սոցիալական շերտը: Երկրում պետք է գործեն սոցիալական արդարության, հավասարության մեխանիզմները: Բևեռացումը, որ կա հայ հասարակության մեջ, հասել է անթույլատրելի չափերի: Մեզ այսօր օդի պես ազատություն, ջրի պես մաքրություն, հացի պես արդարություն է պետք», - հայտարարում է Օհանյանը:

Նրա խոսքով՝ պետությունը չնչին փոխհատուցում է տալիս աշխատող մարդուն, չի գնահատում նրան․ - «Ուսուցիչներն ու դասախոսները, բժիշկներն ու գիտաշխատողները, մտավորականներն ու արվեստագետները, շինարարն ու հողագործը թվում է, թե հաշտվել են իրականության հետ, և պետությունը, իմ տպավորությամբ, կարծես չի արժեվորում նրանց պարկերշտությունը, օգտվում է այն հանգամանքից, որ տարիների ընթացքում մեզ մոտ այդպես էլ չձևավորվեցին աշխատող մարդու իրավունքների պաշտպանության գործուն ինստիտուտներ, իսկական արհմիություններ»:

Ավելի վաղ Սեյրան Օհանյանը «արյունոտ հեղափոխությունների վտանգի» մասին էր նախազգուշացրել՝ պնդելով, թե դրանից խուասփելու ճանապարհը ընտրություններով փոփոխությունների հասնելն է․ - «Մենք պետք է հասկանանք հասարակ և կարևոր մի բան․ եթե մենք չկարողանանք փոխել այսօրվա արատավոր այս համակարգը խաղաղ ճանապարհով և ընտրությունների միջոցով, ապա վաղը մենք կկանգնենք հեղաշրջումների, կամ էլ արյունոտ հեղափոխական ցնցումների վտանգի առաջ»:

Իշխանությունները, արձագանքելով նախկին գործընկերոջը, հիշեցնում են՝ նա համակարգի մաս է եղել: Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով, մեղքի բաժին, եթե կա, ապա նաև Օհանյաինն է․ - «Կարծում եմ, շանտաժների լեզվով խոսելը նույնպես քաղաքական մշակույթի և հասունության մասին չի խոսում: Ես իշխանության, կառավարության մեջ եմ 2009 թվականից, ինքը՝ 2008-ից: Հիմա եթե մեղքի բաժին կա, կարծում եմ, իմը մի տարով քիչ պետք է լինի՝ գոնե ժամանակագրային առումով»:

Սեյրանի Օհանյանի դաշնակիցներն են նաև Պարույր Հայրիկյանը, Տիգրան Կարապետյանը, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Դաշինքը հայտարարում է, որ դեմ չէ Ծառուկյանի հետ ընտրություններին մասնակցելուն:

XS
SM
MD
LG