Մատչելիության հղումներ

«Սեյրան Օհանյանը շանտաժ է անում». Արմեն Աշոտյան


Նախկին վարչապետ, Հանրապետական կուսակցության նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի թեման այլևս ՀՀԿ-ին չի հետաքրքրում, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Ստորև ներկայացնում ենք զրույցից մի հատված, ինչպես նաև ամբողջական տեսանյութը:

«Աբրահամյանը իր համար քաղաքական այլ ճակատագիր էր պատկերացնում, քան Հանրապետականը»

«Ազատություն»․ - Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի ջրերը սկսեցին նույն հունով չհոսել: Ի՞նչ տեղի ունեցավ:

Աշոտյան․- Կարծում եմ, որ նման հարցադրումները իրենց ակտուալությունը կորցրեցին այն առումով, որ ասվեց այն, ինչ ասվեց, արվեց այն, ինչ արվեց: Իրականության բացատրությունը շատ պարզ է և Ձեր հարցադրման ձևակերպումը ես չեմ կիսում: Խոսքը չի գնում Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի մասին: Խոսքը գնում է Հայաստանի Հանրապետական կուսակցության և այդ կուսակցության նախկին անդամ, նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի քաղաքական հարաբերությունների խզման մասին:

«Ազատություն»․ - Ձեզ համար գոնե հասկանալի՞ էր, թե ինչու Հովիկ Աբրահամյանը նման կերպ վարվեց: Ի վերջո Ձեր կուսակցության փոխնախագահն էր, առանցքային դերակատարը, որևէ ընտրություն առանց նրա չի անցել:

Աշոտյան․ - Նման տեսակի հարցադրումներ պետք է ուղղել հենց պարոն Աբրահամյանին: Ես ունեմ իմ անձնական վերլուծությունները, և եթե մի նախադասությամբ փորձենք ասել, պարոն Աբրահամյանը իր համար այլ քաղաքական ճակատագիր է պատկերացնում, քան Հանրապետական կուսակցությունը և այստեղ, գուցե, իր մոտ առաջացել է ցանկություն իր ճակատագիրը կերտել առանց Հանրապետական կուսակցության:

«Ազատություն»․ - Դուք ասացիք, որ, ըստ էության, Հովիկ Աբրահամյանի քաղաքական ակնկալիքները չեն բավարարվել և դա է եղել պատճառը, որ նա լքել է կուսակցությունը: Կարո՞ղ ենք ասել, որ դա Սերժ Սարգսյանի պաշտոնապես արված այն հայտարարությունն էր, որ 2017-ին Հանրապետականի վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է:

Աշոտյան․ - Հայաստանում լրատվական միջոցները այնքան ազատ են, որ կարող են ասել ինչ ուզում են:

«Ազատություն»․ - Սերժ Սարգսյանը քննարկե՞լ է Ձեզ հետ այս հարցը:

Աշոտյան․ - Գործադիր մարմնի բոլոր նիստերում ունենում ենք բաց քաղաքական քննարկումներ: Այդ օրը, մինչև խորհրդի նիստը, բնականաբար Գործադիր մարմինը անդրադարձել է այդ հարցին, որը նաև քննարկվեց խորհրդի նիստի ժամանակ:

«Ազատություն»․ - Ափսոսանք չհայտնե՞ց նախագահ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի հեռանալու կապակցությամբ:

Աշոտյան․ - Դուք շարունակում եք թեմա զարգացնել, որը մեզ հետաքրքիր չէ: Մենք ունենք բազմաթիվ այլ հետաքրքիր թեմաներ, քան փորձել, կներեք բառիս համար, բզբզել այն թեման, որը առանց այդ էլ արդեն բզբզված է:

Աշոտյանը՝ պատասխանելով Ծառուկյանի մասին հարցին․ «Սկանդալ չեք ստանալու»

«Ազատություն»․ - Մյուս թեմաներին անդրադառնանք:

Քաղաքականություն վերադառնալու, քաղաքականության էջը կրկին բացելու մասին հայտարարեց Գագիկ Ծառուկյանը, որին հետևեց նաև Ձեր ֆեյսբուքյան հայտարարությունը, որտեղ Դուք ողջունեցիք Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձը, խոսելով քաղաքական մրցակցության մասին, կարևորելով, որ քաղաքական մրցակցություն կստեղծվի, բայց հենց այդ պահին շատերը հիշեցին Ձեր նախորդ հայտարարությունը, որտեղ Դուք նաև պիտակավորել էիք քաղաքական դերակատար Գագիկ Ծառուկյանին, անգամ նրան համեմատել կոլբայում մեծացող հրեշի հետ։ Ինչո՞ւ փոխվեց Ձեր կարծիքը Ծառուկյանի մասին:

Աշոտյան․ - Հետաքրքիր հարցադրումներ եք անում: Թեպետ համաձայն չեմ ձևակերպումների հետ, բայց ուշադրությամբ լսում եմ, որպեսզի պատասխանս նույնպես լինի շատ բաց:

Ամեն մի քաղաքական գնահատական իր ժամանակահատվածում է տրվում: Ժամանակին ասվածը պետք է դիտարկել բացառապես տվյալ ժամանակահատվածի մեջ, որովհետև քաղաքական զարգացումները այն ժամանակ և այսօր սկզբունքորեն տարբեր են: Ինչո՞վ են տարբեր՝ շատ պարզ: Այն ժամանակ մենք չունեինք ընտրական գործընթաց, չունեինք նախընտրական վիճակ, կար 2015 թվականին միջընտրական ժամանակահատվածում քաղաքական պայքարի սրացման և հնարավոր փողոցային պայքարի տարբերակ, ինչի մասին խոսեց նաև Գագիկը Ծառուկյան: Իսկ այսօր մենք ունենք 2017 թվականի խորհրդարանական ընտրություններ․․․

«Ազատություն»․ - Պարո՛ն Աշոտյան, շատ պարզ եմ հարցնում՝ Դուք փոխե՞լ եք Ձեր վերաբերմունքը Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարի վերաբերյալ:

Աշոտյան․ - Ամեն ժամանակահատված ունի իր քաղաքական գնահատականները՝ շատ պարզ պատասխանում եմ: Եթե այսօր ուզում եք ստանալ սկանդալ՝ չեք ստանալու:

«Ազատություն»․ - Դուք ափսոսո՞ւմ եք երկու տարի առաջ արված այդ հայտարարությունների համար:

Աշոտյան․ - Դուք եկել եք ինձ հոգեվերլուծության ենթարկելո՞ւ:

«Ազատություն»․ - Հարցեր ուղղելու:

Աշոտյան․ - Քաղաքական հարցադրումներ ուղղեք խնդրում եմ:

«Ազատություն»․ - Լավ, հաշվենք, որ չեք ցանկանում պատասխանել այդ հարցին:

Աշոտյան․ - Միևնույնն է՝ հաշվելու եք այնպես, ինչպես կցանկանաք:

«Ազատություն»․ - Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Ձեզ, հայտարարեց, որ չի ողջունում Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն: Ոչի՞նչ, որ այս հարցում Ձեր և նրա տեսակետները չեն համընկնում:

Աշոտյան․ - Իրար չեն հակասում:

«Ազատություն»․ - Հակասում են․ Դուք ողջունում եք, նա ասում է՝ չեմ ողջունում:

Աշոտյան․ - Եթե տեքստի շարունակությունը նայեք և՛ իմ, և՛ նախագահի, կտեսնեք պատճառաբանությունը:

«Ազատություն»․ - Նախագահը մեկ նախադասություն է ասում և դրանով եզրափակում է՝ «Ես չեմ ողջունում Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն»:

Աշոտյան․ - Բայց․․․

«Ազատություն»․ - Եվ վերջ՝ Ծառուկյանի մասով:

Աշոտյան․ - Բայց քաղաքական դաշինքների մասին՝ ի՞նչ․․․

«Ազատություն»․ - Ինչո՞ւ եմ այս հարցը տալիս, պարոն Աշոտյան, որովհետև, երբ Ծառուկյանը բավականին ակտիվացավ, հիշում ենք, թե ինչ տեղի ունեցավ․ և՛ Ձեր ելույթը, և՛ Սերժ Սարգսյանի ելույթը, որից հետո նա հեռացավ քաղաքականությունից: Դուք հնարավոր համարո՞ւմ եք նույն սցենարի կրկնությունը: Այսինքն՝ այնպիսի մի իրավիճակ ստեղծվի, որ նորից իշխանության ճնշման ներքո Գագիկ Ծառուկյանը փակի քաղաքականության էջը:

Աշոտյան․ - Ես չեմ զբաղվում քաղաքական կանխատեսումներով, եթե նրանք խարսխված չեն օբյեկտիվ տվյալների վրա:

Աշոտյանի մեղքը Օհանյանից «մի տարով քիչ պետք է լինի»

«Ազատություն»․ - Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահ է, որ եթե այս արատավոր համակարգը չփոխվի, եթե այս իշխանությունները ընտրությունների միջոցով չհեռանան, ապա անխուսափելի են դառնալու արյունոտ հեղափոխությունները, հեղափոխական ցնցումները: Դուք կիսո՞ւմ եք այդ մոտեցումը, որ եթե ընտրություններով փոփոխություն չլինի, իսկապես կարող է կրկնություն լինել «Մարտի 1»-ի իրադարձությունների:

Աշոտյան․ - Կարծում եմ Հայաստանը երբեք իրեն չպետք է այլևս թույլ տա նոր «Մարտի 1»: Կարծում եմ այդ դասերը սերտել են բոլորը, առաջին հերթին Սեյրան Օհանյանը պետք է սերտած լիներ պետք է սերտած լիներ որպես նման տեսակետ հայտնող մարդ:

«Ազատություն»․ - Նա զգուշացնում է:

Աշոտյան․ - Երևի ավելի շատ բան գիտի:

Երկրորդը՝ կարծում եմ շանտաժների լեզվով խոսելը նույնպես քաղաքական մշակույթի և հասունության մասին չի խոսում: Չեմ ուզում իմ նախկին գործընկերոջը․․․ գուցե Դուք եք սխալ մեջբերում, կամ ե՞ս եմ սխալ հասկացել հարցը, բայց եթե այդպես է՝ ապա շանտաժ է:

«Ազատություն»․ - Ծանոթ չե՞ք նրա այդ հայտարարությանը՝ Ֆեյսբուքով արված տեսաուղերձին:

Աշոտյան․ - Չեմ հետևում․․․ ես նայում եմ մամուլում գրված հիմնական մտքերը, չեմ կարդում ամբողջությամբ այդ մամուլի հաղորդագրությունները և տեսահոլովակներն էլ ամբողջությամբ չեմ նայում:

«Ազատություն»․ - Նա արատավոր է համարում այն համակարգը, որ ստեղծել եք Դուք:

Աշոտյան․ - Եթե անձամբ ինձ եք ասում, ես իշխանության մեջ եմ 2009 թվականից, ինքը՝ 2008-ից: Եթե մեղքի բաժին կա, կարծում եմ իմը մի տարով քիչ պետք է լինի՝ գոնե այդ տեսակետից, գոնե ժամանակագրային առումով: Մի տարի շուտ էլ դուրս եմ եկել, եթե այդպես է դրվում հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG