«Հայասատանի իշխանությունները քաղաքական կամք ունեն պայքարելու կոռուպցիայի դեմ», - հայտարարում է իշխող Հանրապետականի մամլո խոսնակ էդուարդ Շարմազանովը` հակադարձելով Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսի քննադատությանը, թե մինչև այժմ Հակակոռուպցիոն խորհուրդն առաջընթաց չի ունեցել:
«Մենք ունենք ա. քաղաքական կամք, բ. օրենսդրական նախաձեռնությունների գնում ենք էդ ուղղությամբ, և գ. բնականաբար, պատրաստ ենք մեր միջազգային պարտնյորների և քաղաքացիական հասարակության հետ ակտիվ աշխատել: Գտնում եմ, որ առաջընթաց կա, առաջընթացը բավարար է: Կարելի՞ է ավելի շատ սպասել: Իհարկե կարելի է», - հավելեց Շարմազանովը:
Որպես իշխանությունների հակակոռուպցիոն գործունեության օրինակ նա բերեց վերջերս ընդունված ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին օրենքը, որն ուժի մեջ կմտնի հուլիսին. - «Քաղաքական կամքի դրսևորումը երևացել է այն օրենսդրական նախաձեռնությունների ընդունմամբ, որը ընդունել է Ազգային ժողովը: Ես մեր մասով կարող եմ ասել, որ մենք արել ենք հնարավորինս»:
Շարմազանովի խոսքով՝ դեսպանի հայտարարությունն իրենք ոչ թե որպես քննադատություն են ընդունում, այլ որպես գործընկերոջ աջակցող հայտարարություն՝ միասին ավելի արդյունավետ կոռուպցիայի դեմ պայարելու մասին. - «Ես պարոն Միլսի գնահատականից այն կարծիքը չեմ ստացել, որ նա չի տեսնում պայքար: Իհարկե, պայքար տեսնում է, և մենք տեսել ենք, որ բազում անգամներ նաև նրանք են խոսել, որ դա անհրաժեշտ է: Արդյունավետ է, թե արդյունավետ չէ, սա մեր ցանկացածն է, թե մեր ցանկացածը չէ... իհարկե, անկախ պարոն Միլսի գնահատականներից, բնականաբար, մենք բոլորս, առաջինը իշխանությունն է շահագրգռված, որպեսզի կոռուպցիա դեմ պայքարը ավելի մեծ թափով գնա»:
Ինչ վերաբերում է դեսպանի հնչեցրած կոնկրետ առաջարկին՝ հակակոռուպցիոն քննություն սկսել ոչ միայն կաշառքի ստացման դեպքում, այլ եթե պաշտոնյայի հայտարարագրած կարողությունը նրա պաշտոնական եկամուտների հետ համեմատելիս ողջամիտ կասկածներ առաջանան, հանրապետականի մամլո խոսնակն արձագանքեց՝ անմեղության կանխավարկածը չեն կարող խախտել, կուլակաթափության ժամանակներն էլ անցել են. - «Ես դատավոր չեմ, ոչ էլ սուրճի բաժակ նայող եմ: Բայց ես մի բան գիտեմ, որ մենք գնալու ենք Հայաստանում իրավական պետության կառուցման ճանապարհով: Մենք անելու ենք և օգտագործելու ենք բոլոր հնարավոր գործիքները, որպեսզի մեր երկրում կոռուպցիոն ռիսկերը նվազեն, և բյուջեից փող ուտող պաշտոնյաները լինեն այնտեղ, որտեղ պետք է լինեն»:
Հայաստանի իշխանություններին ուղղված դեսպան Միլսի մյուս հորդորին՝ քաղաքական կամք դրսևորել և անցկացնել իրապես ազատ ու արդար ընտրություններ, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, որ Հայաստանի իշխանությունները ամենաշահագրգիռն են այս հարցում. - «Հանրապետականից շատ որևէ մեկը ավել շահագրգռված չէ, որ այս ընտրությունները լինեն օրինական ու ժողովրդավարական: Երկրորդ, հենց Հանրապետականն է գնացել փոխզիջումների և ստորագրել պատմական փաստաթուղթը Ընտրական օրենսգրքի բարեփոխման հետ կապված: Եվ երրորդը, ընտրությունները ցույց կտան, որ Հանրապետականն է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջամարտիկը»:
Անցալ հուլիսին էրեբունու ոստիականական գնդի գրավման օրերին Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ դեսպանի հայտարարությանը՝ թե՝ լուրջ հանցագործություններ են տեղի ունեցել, բայց մեղավորները դեռ պատասխանատվության չեն ենթարկվել, Շարմազանովն արձագանքեց՝ ՊՊԾ գնդի գրավումը ահաբեկչություն էր, իսկ իրավաչա՞փ էին արդյոք ոստիկանների գործողությունները, ցույց կտա քննությունը. - «Եղե՞լ է մի դեպք, որտեղ հետաքննություն չի արել ոստիկանությունը կամ քննչական մարմինները»:
«Ազատության» հարցին, թե արդյոք իշխող ուժին չի մտահոգում, որ ոստիկանների դեպքով կարծես թե հետաքննության արդյունքները բացակայում են, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. - «Ես այդտեղ արհեստական որևէ միջամտություն չեմ տեսնում»:
Մինչդեռ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր կարծիք հայտնեց, որ ոստիկանների կողմից անհամաչափ ուժ է կիրառվել այդ օրերին. - «Եվ ոչ միայն այդ օրերին: Էլի են օրեր եղել, որտեղ գործադրվել է անհամաչափ ուժ»: