Հայաստանում ԱՄՆ դեսպանը քննադատության ենթարկեց Հայաստանի իշխանություններին՝ հայտարարելով, որ մինչև այժմ Հակակոռուպցիոն խորհուրդն առաջընթաց չի ունեցել:
Այսօր հանդես գալով Հայ-ամերիկյան առևտրային պալատի ներկայացուցիչների առջև՝ դեսպան Ռիչարդ Միլզը նշեց․ - «Մինչ այժմ Հակակոռուպցիոն խորհուրդն այնքան առաջընթաց չի ունեցել, որքան հույս ունեինք, և այս պահի դրությամբ վերջինիս աջակցելու համար նախատեսված միջոցների 2.5 տոկոսից պակասն է փաստացի հատկացված: Հուսով եմ այս փաստը կփարատի բազմաթիվ մարդկանց այն կասկածները, որ ԱՄՆ ՄԶԳ-ն այս գումարը պորտֆելի մեջ դրած ամբողջությամբ հանձնել է Խորհրդին: Մենք ԱՄՆ կառավարությունն ենք ներկայացնում, մենք Ջեյմս Բոնդը չենք: Մենք Վարչապետին հայտնել ենք, որ կարիք ունենք տեսնել կոնկրետ առաջընթաց Խորհրդի կողմից, և ես տեղյակ եմ, որ նա ուզում է վերակազմավորել Խորհուրդը և վերանայել վերջինիս աշխատանքը: Վարչապետի հետ մեր քննարկումների հիման վրա մենք որոշում կկայացնենք հետագա քայլերի, այդ թվում Խորհրդին հետագա աջակցություն ցուցաբերելու կամ այդ միջոցներն այլ հակակոռուպցիոն մեխանիզմների ուղղելու վերաբերյալ»:
Մոտ երկու տարի առաջ Հայաստանի կառավարության որոշմամբ ստեղծվեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը՝ վարչապետի գլխավորությամբ: Հատկանշական է, որ ճիշտ նույն անվամբ խորհուրդ գործում էր դեռևս 2004թ․-ից, և այն ժամանակ լրատվամիջոցները գրեցին, որ հակակոռուպցիոն խորհրդի վերակազմավորման իրական նպատակը ամերիկյան դրամաշնորհն է:
Հակակոռուպցիոն խորհրդի վերակազմավորումից մեկ տարի անց՝ 2016թ․ փետրվարին, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը ստորագրեցին մի համաձայնագիր, ըստ որի ամերիկյան կառավարությունը մոտ 750 հազար դոլար դրամաշնորհ է տրամադրելու Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարի համար: Սակայն ամերիկյան կողմը այն ժամանակ նշեց՝ գումարը կհատկացվի Խորհրդի հաջողությունների դեպքում:
Հայաստանի իշխանությունները առաջին տարին չէ, որ խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Ավելի քան չորս տարի է անցել նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի հավաստիացումից, որ բիզնեսը պետք է տարանջատվի իշխանությունից: Սակայն լրատվամիջոցների էջերից չեն իջնում բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների անդամներին, ազգականներին պատկանող բիզնեսների մասին հրապարակումները:
«Այնուհանդերձ, կոռուպցիայի դեմ պայքարում բովանդակալի առաջընթաց ունենալու համար կառավարությունը պետք է հանդես բերի քաղաքական կամք: Կառավարությունը պետք է ամրապնդի ու լիազորություններ տա հանրային հաստատություններին՝ բոլոր մակարդակներում և հստակ ուղերձ հղի վերևից, որ կոռուպցիան այսուհետ չի հանդուրժվելու և որ ոչ ոք օրենքից վեր չէ: Քանի դեռ այս ուղերձը չկա, իրապես փոխակերպող ազդեցությամբ փոփոխություն չի կարող տեղի ունենալ», - այսօր հայտարարեց Ռիչարդ Միլզը:
Կոռուպցիայի դեմ պայքարի գործում ԱՄՆ դեսպանը հանդես եկավ երկու առաջարկությամբ՝ հակակոռուպցիոն քննություն սկսել ոչ միայն կաշառքի ստացման դեպքում, այլ եթե պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները գնահատելիս դրանց մեծությունը ողջամիտ կասկածներ առաջացնի: Բացի այդ՝ Միլզը առաջարկեց Հայաստանի կառավարությանը՝ «քննության առնել ամբողջովին անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը. մարմին, որը կունենա քննություն ու քրեական հետապնդում իրականացնելու իրավասություն»:
«Հայկական լրատվամիջոցները հայտարարագրերի լավ վերլուծություններ են ապահովում և կարողանում են վեր հանել այն դեպքերը, երբ պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները 40, 50 կամ 100 անգամ ավելին են, քան նրանց պետական աշխատավարձերը, սակայն կառավարության կողմից դրանք հիման վրա քայլեր ձեռնարկելու միտումներ չկան», - փաստեց դեսպանը:
«2016թ․ հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը լուրջ հանցագործություններ են եղել»
Անդրադառնալով նախորդ տարի ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններին՝ դեսպանը հայտարարեց՝ լուրջ հանցագործություններ են տեղի ունեցել, բայց մեղավորները դեռ պետք է պատասխանատվության ենթարկվեն:
«Դիմակայության 15-օրյա ժամանակահատվածի մեծ մասում հայ իրավապահները կարողացան լավ հավասարակշռություն ապահովել բնակչության և դեպքի վայրի շուրջ անվտանգության ապահովման հարցում՝ միաժամանակ ապահովելով Հայաստանի քաղաքացիների խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը: Այնուհանդերձ, մեզ համար խորապես մտահոգիչ էին հուլիսի 29-30-ին անզեն ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառման մասին վստահելի հաղորդումները: Այդ ժամանակ մենք մեր մտահոգությունները ներկայացրեցինք՝ նշելով, որ նման գործողությունները խախտում են մամուլի ազատության ու Հայաստանի քաղաքացիների ազատ արտահայտվելու ու հանրահավաքներ անցկացնելու իրավունքները: Թեպետ այդ օրվա գործողությունների համար որոշ ոստիկաններ պատժվել են, սակայն ավելին կարող էր արվել և պետք է արվեր: Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը լուրջ հանցագործություններ են եղել և կարևոր է, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն», - հայտարարեց Ռիչարդ Միլզը:
ԱՄՆ դեսպանը հորդորեց նաև Հայաստանի իշխանություններին քաղաքական կամք դրսևորել և անցկացնել իրապես ազատ ու արդար ընտրություններ: