Այս հարցով ստեղծված ընդդիմադիրների և իշխանության ներկայացուցիչների հանձնաժողովը որոշեց, բավարարվելով եղած ֆինանսական միջոցներով, նկարահանում ապահովել ոչ թե բոլոր շաւրջ 2000, այլ առնվազն 1500 ընտրատեղամասերում։
«Իհարկե, սա հարյուր տոկոսով չի բավարարում մեր ցանկությունները, որովհետև մենք կնախընտրեինք, որպեսզի բոլոր տեղամասերը ապահովված լինեին տեսախցիկներով: Բայց հիմա պիտի իրականության հետ հաշվի նստենք: Կա տարբերակ՝ կա՚մ ունենալ հազար հինգ հարյուր տեղամաս, որը բավական լուրջ թիվ է, իմ կարծիքով, կա՛մ չունենալ ոչինչ», - ասաց հանձնաժողովի անդամ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:
Նրա խոսքով, ծրագիրը տապալվելուց փրկվել է, քանի որ գրեթե վերջին պահին Եվրամիությունը ավելացրել է հատկացված գումարը՝ այն հասցնելով 2 միլիոն եվրոյի: Բացի այդ Հայստանի իշխանությունները դեսպան Պյոտր Սվիտալսկկի գործադրած ջանքերից հետո ի վերջո համաձայնել են լուծել ավելացրած արժեքի հարկի հարցը։ Իսկ նախնական պայմանավորվածության համաձայն, Հայաստանի կառավարությունը պատրաստվում էր հարկելայս ծարգիրը, ինչի պատաճռով ավելի քիչ տեղամասերում հնարավոր կլիներ նկարահանում անել։
«Պետությունից լրացուցիչ ծախս չի պահանջվում ԱԱՀ-ի մասով, որովհետև այնպես չէ, որ պլանավորված մուտքեր էին: Եթե չլիներ ծրագիրը, այդ մուտքերը չէին էլ լինի: Տրամաբանական էր, որ ինչ-որ պահի պիտի այս հարցը բարձրացվի և լուծում ստանա: Մենք հանձնաժողովում բարձրացրեցինք սկզբից այդ հարցը, հենց ես եմ բարձրացրել: Դավիթ Հարությունյանը ֆորմալ պատասխանել է, որ դա իր լիազորություններից դուրս է, ինքը չի կարող այդ հարցին լուծում տալ: Այդ դեպքում մենք արդեն փորձեցինք դիմել Եվրամիության դեսպանի միջնորդությանը», - նշեց ՀԱԿ-ի ներկայացուցիչը:
Հավանաբար նաև ԱԱՀ-ի և ներկրման մաքսավճարների ֆինանսական բեռը հաշվի առնելով՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ ծրագիրը կարող է տապալվել, քանի որ ֆինանսական միջոցները բավար չէին։ Այս մոտեցումը հարուցել էր ընդդիմադիրների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների զայրույթը։
«Պարզ է, որ նվիրատուների հատկացրած գումարը չէր բավարարում, բայց, ասենք, լուծումներ պետք է իրենք էլ փորձեին առաջարկել: Կարող էին գալ ուղղակի, իրենց կողմից ասել, որ՝ գիտեք, մենք ավելացված արժեքի հարկը հանում ենք, քանի որ սա նվիրատվություն է, հետո պետական գույք է դառնալու և այլն: Ցանկալի կլիներ ավելի նախաձեռնողական մոտեցում տեսնել իրենց կողմից, բայց ի վերջո պետք է գնահատել նաև, որ այդ որոշումը կայացվեց», - ասաց Ավետիս Ավագյանը:
Ընտրությունների դիտորդական փորձ ունեցող կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը նկատում է, թե խայտառակություն կլիներ, եթե պետությունը ԱԱՀ գանձելուց ի վերջո հետ չկանգներ, թեև մաքսատուրքերն այնուամենայնիվ ուժ մեջ մնացին․ - «Մեղմ ասած՝ զարմանալի էր: Երբ միջազգային հանրությունը փող է տալիս, որպեսզի Հայաստանում ընտրությունների մի քիչ ավելի լավ անցնեն, այդ ֆոնին Հայաստանը փորձում է այդ գումարից ինչ-որ փող պոկել ու մուտքագրել բյուջե: Բարեբախտաբար, վերջում իշխանությունները հետ կանգնեցին այդ քայլից»:
Նա հիշեցրեց, որ ընտրատեղաասերում տեսանկարահանումը դեռ անցյալ տարի գարնանը քաղհասարակության ներկայացրած գլխավոր պահանջներից մեկն էր․ - «Բայց մենք ենթադրում էինք, որ դա պետք է լինի հինգ-վեց տեսախցիկ, և դա պետք է լինի պետության պոզիտիվ պարտականությունը: Արդյունքում մենք տեղամասերի ընդամենը յոթանասունհինգ տոկոսում ունենալու ենք ընդամենը մի տեսախցիկ, և դա չի լինելու պետության պոզիտիվ պարտականությունը: Սա նշանակում է, որ եթե անգամ բոլոր այդ հազար հինգ հարյուր տեղամասերում տեսանկարահանումը տապալվի, մինևնույն է, իրավական որևէ հիմք՝ կասկածի տակ դնելու այդ տեղամասերում կամ ամբողջ հանրապետությունում քվեարկության արդյունքները, չկա»:
Թեև նախագիծը չի իրականացվի այնպես, ինչպես պահանջում էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, այնուամենայնիվ, Իոաննիսյանի կարծիքով, անգամ այս տարբերակով 1500 ընտրատեղամասերում վերահսկողական գործիք կավելանա։
Պայմանավորվածության համաձայն ընդդիամադիրները կորոշեն, թե որ ընտրատեղամասերում կիրականացվի նկարահանում։ Իոաննիսյանի փոխանցմամբ՝ երկու մոտեցում կա․ - «Եթե փակել առավել մեծ տեղամասերը, այդ դեպքում կարելի է փակել ամբողջ էլեկտորալ զանգվածի մինչև 90-92 տոկոսը: Բայց խնդիրը նա է, որ հավանաբար մեծ քաղաքներում՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, մենք վստահաբար բոլոր տեղամասերում կունենանք առողջ ուժեր, որոնք կկանխարգելեն խախտումները: Եվ միգուցե խնդիր կա հենց ապահովել տեսախցիկները այն տեղամասերում, այն փոքր գյուղերում, հեռավոր գյուղերում, որտեղ միգուցե դիտորդները չհասնեն»: