Մատչելիության հղումներ

Սվիտալսկի․ «Տեսախցիկների տեղադրման շուրջ աշխատանքային կոնսենսուս կա»


Պյոտր Սվիտալսկի, 24-ը հունվարի, 2017 թ․
Պյոտր Սվիտալսկի, 24-ը հունվարի, 2017 թ․

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն անցած շաբաթ «Ազատության» հետ զրույցում չէր բացառել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկներ կարող են չտեղադրվել:

Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղամասերում տեսախցիկների տեղադրման շուրջ ձևավորվել է աշխատանքային կոնսենսուս, և առաջիկա ժամերի կամ օրերի ընթացքում պետք է այդ հարցով լուծում գտնվի:

Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ընտրական նոր մեխանիզմների հիմնական ֆինանսավորող՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Եվրամիությունը բանակցությունների կողմ չէ, բայց որքան ես տեղյակ եմ՝ շատ ինտենսիվ երկխոսություն է իրականացվել վերջին օրերին: Կարծում եմ՝ նույնիսկ երեկ խորհրդարանական հանձնաժողովն աշխատել է մինչև ուշ գիշեր, քննարկելով հնարավոր տարբերակները: Որքան ես եմ տեղյակ՝ նրանք որոշակի աշխատանքային կոնսենսուսի են հասել: Ես գնահատում եմ այն, որ նրանք իսկապես փորձում են գտնել լավագույն լուծումը»,- ասաց Սվիտալսկին:

ԵՄ Դեսպանը վստահություն հայտնեց, թե հնարավոր է գտնել տարբերակ, որը հնարավորություն կտա ապրիլի 2-ին, խորհրդարանական ընտրությունների ժամանակ, բոլոր տեղամասերում տեսախցիկների միջոցով վերահսկողություն իրականացնել:

«Հաջորդ հանգամանքն այն է, որ գտնվի լուծում, որն իրագործելի կլինի տեխնոլոգիան ներդնող կազմակերպության կողմից: Ես կարծում եմ՝ հնարավոր է հասնել լավ պայմանավորվածության այդ կազմակերպության հետ: Հավանաբար ժամանակ չկա գործընթացն ամենասկզբից սկսելու համար, կան տարբեր տեխնիկական տարբերակներ, և կարծում եմ, որ դրանք քննարկվելու են նաև այսօր և վաղը, քանի որ, հաշվի առնելով ժամանակի սղությունը՝ լուծումը պետք է գտնվի առաջիկա ժամերի կամ օրերի ընթացքում: Կարծում եմ՝ մինչև այս շաբաթվա ավարտն այս հարցում պարզություն կմտի՝ ի՞նչ է հնարավոր անել և ինչ՝ ոչ»,- շարունակեց ԵՄ դեսպանը:

Սվիտալսկին նաև վստահություն հայտնեց, թե Հայաստանի կառավարությունը կառուցողական է տրամադրված տեսախցիկների ներկրման դեպքում ավելացված արժեքի հարկ չգանձելու հարցում:

Ընտրական տեղամասերում տեսախցիկների տեղադրումը, որպես ոչ պարտադիր դրույթ, ամրագրված է նոր Ընտրական օրենսգրքում: Այդուհանդերձ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն անցած շաբաթ «Ազատության» հետ զրույցում չէր բացառել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկներ կարող են չտեղադրվել, քանի որ դրանց տեղադրման ու ծրագրային ապահովման համար դիմել է միայն մեկ ընկերություն՝ առաջարկելով բարձր գին:

Այսօր դեսպան Սվիտալսկին նաև ընդգծեց՝ արդար ու թափանցիկ ընտրությունները նոր որակ կհաղորդեն Հայաստանի ու Եվրամիության հարաբերություններին:

«Լավ, արդար, թափանցիկ ընտրությունները կօգնեն զարգացնել հարաբերությունները, կօգնեն բացել համագործակցության նոր հնարավորություններ և կստեղծեն շատ լավ միջավայր մեր շփումների ապագայի համար: Եվրամիությունն այնքան ներդրում է արել, ոչ միայն գումարի, այլև քաղաքական աջակցության առումով, որ մենք հիմա շատ խորը ու հստակ հետաքրքրություն ունենք այս գործընթացի հաջողության մեջ»,- նշեց նա:

Եվրամիության պատվիրակության ղեկավարն այսօր նաև վերահաստատեց, որ շրջանակային համաձայնագրի շուրջ Հայաստան-Եվրամիություն բանակցությունները հասել են ավարտական փուլին և մոտ են ստորագրմանը: Դեսպան Սվիտալսկին ընդգծեց՝ վերջին մի քանի հարցերը, որոնց շուրջ դեռ համաձայնություն չկա, կապված են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ:

«Իհարկե, դրանք կապված են այն նոր հանգամանքների հետ, որոնք ի հայտ եկան 2013-ից հետո և վիժեցրին ասոցացման համաձայնագիրը: Որո՞նք են այդ հարցերը: Դրանք կապված են Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու, ինչպես նաև այլ զարգացումների հետ, որոնք տեղի են ունեցել Եվրամիությունում»,- ասաց Սվիտալսկին:

Ըստ նրա, լուծում պահանջող հիմնական հարցը, որը խնդրահարույց է Եվրամիության համար, վերաբերում է ներդրումների պաշտպանությանը: ԵՄ դեսպանն, այդուհանդերձ, վստահություն հայտնեց, որ թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը, ունեն բավարար պատրաստակամություն՝ առաջիկայում համաձայնության հասնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG