Մատչելիության հղումներ

Արայիկ Խանդոյանը կմնա կալանքի տակ


Արային Խանդոյան, արխիվ:
Արային Խանդոյան, արխիվ:

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց «Միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանի կալանքը վերացնելու և նրան գրավի դիմաց ազատ արձակելու դիմումը:

Պաշտպան Արայիկ Պապիկյանի փոխանցմամբ՝ իրենց համար անհասկանալի պատճառաբանությամբ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկն այսօր Խանդոյանին դատարան չէր բերել՝ թեև դատարանը բավարարել էր նրա պաշտպանների համապատասխան միջնորդությունը։

Փաստաբանը ասաց, որ դեռ չի ծանոթացել վերաքննիչ ատյանի որոշման պատճառաբանությանը, բայց արդեն ենթադրում է, որ դատարանը, ինչպես զինված խմբի մյուս անդամների պարագայում, կրկին որոշել է, որ ազատության մեջ Խանդոյանը կխոչընդոտի նախաքննությանը կամ էլ կազդի մյուսների վրա։

Արայիկ Պապիկյանն ասում է, որ հենց այս պատճառաբանությամբ է առաջին ատյանի դատարանը կալանավորել Խանդոյանին․ - «Դատարանը կայացրեց հերթական քաղաքական որոշումը: Ինչպես իմ գործընկերներից մեկը արդեն ասել է, մենք ունենք ընդամենը կառավարելի դատարաններ: Որևէ իրավաբանական քննարկում այս փուլում չի ընթանում: Ամբողջությամբ պրոցեսը ընթանում է քաղաքական հարթության մեջ: Ոչ միայն Արայիկ Խանդոյանին, այլ ընդհանրապես որևէ մեկին անհատական մեղադրանք դեռևս ներկայացված չէ: Դա հաստատել է նաև Հատուկ քննչական ծառայությունը՝ իր պաշտոնական հաղորդագրությամբ: Իսկ այն պայմանում, երբ անձին անհատական մեղադրանք չի առաջադրվել, հիմնավոր կասկածի մասին խոսք լինել չի կարող»:

Արայիկ Խանդոյանը, ինչպես և «Սասնա ծռերի» մի քանի անդամներ, մեղադրվում են պատանդ վերցնելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու, փոխադրելու մեջ։

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման քրեական գործը հարուցվել է նաև շենք, շինություններ զավթելու հոդվածով, որով մեղադրվում են «Սասնա ծռերի» մի շարք անդամներ։ «Ազատության» դիտարկմանը, թե ինչպես է ստացվել, որ Խանդոյանին այս մեղադրանքն առաջադրված չէ, Պապիկյանն արձագանքեց․ - «Ես կարող եմ ենթադրել, որ վարույթն իրականացնող մարմինը կիրառեց այն խրախուսական նորմը, համաձայն որի կամովին հանձնվելու դեպքում դա չի կիրառվում: Բայց եթե վարույթն իրականացնող մարմինն այդպես է մեկնաբանել, ապա նույնը վերաբերում է նաև 235 հոդվածին՝ զենք, զինամթերքի, որի 3-րդ մասը հստակ սահմանում է դարձյալ էդ խրախուսական նորմը: Պիտի նշեմ, որ և՛ մեկի, և՛ մյուսի դեպքում, եթե չեմ սխալվում, դատախազությունը հայտարարությամբ հանդես եկավ, որ կամովին հանձնվելու դեպքում․․․ չի լինի: Հիմա փաստորեն Արայիկ Խանդոյանի դեպքում տարբերակված մոտեցում եղավ՝ մի դեպքում կիրառվեց այդ խրախուսական նորմը, մյուս դեպքում՝ չկիրառվեց: Ինչո՞ւ կիրառվեց կան ինչո՞ւ չկիրառվեց մյուսը․․․ չկա որևէ պատճառաբանություն: Դա քաղաքական որոշում է, այսինքն՝ դա իրավաբանություն չէ»:

Հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործով 60 մեղադրյալ կա: Հատուկ քննչական ծառայության հաղորդմամբ, նրանք մեղադրվում են շենք շինություններ զավթելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու և փոխադրելու մեջ: Ոմանք մեղադրվում են նաև պատանդ վերցնելու մեջ։

Վերաքննիչն այսօր ավարտեց զինված խմբին սնունդ տարած Արթուր Սարգսյանին կալանքից ազատ արձակելու դիմումի քննությունը։ Վաղը դատարանը կհրապարակի որոշումը։

Պաշտպան Տիգրան Եգորյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախաքննական մարմինը չի կարող «Հաց բերող» անունը ստացած 48-ամյա Արթուր Սարգսյանին պահել կալանքի տակ, քանի որ նա առաջին ատյանի դատարանի կողմից կալանավորվել է «Սասնա ծռերին» մեղսագրվող հոդվածներով, որոնք հետագայում վերաորակվեցին։ Ըստ պաշտպանի, իրավապահները սկզբում կասկածներ են ունեցել, որ «Հաց բերողը» ևս զինված խմբի կազմում մասնակցել է ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը։ Կասկածները վերացել են, մեղադրանքը փոխվել է, և նա այժմ մեղադրվում է զինված խմբին օժանդակելու մեջ։

«Նոր մեղադրանքով ներկայացված հանցավոր արարքներին Արթուր Սարգսյանի առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածը չի քննարկվել, և դրա վերաբերյալ ռիկսերը, որոնք անհրաժեշտ և բավարար կլինեն նրան կալանավորելու համար, չեն գնահատվել: Ամբողջ հարցը, որ դատարանը պետք է անի, ներկայացված թղթերը կարդա, հասկանա սա, և վերացնի այն դատական ակտը, որի հիմքերը վերացել են: Իսկ եթե հետագայում վարույթ իրականացնող մարմինը ուզենա շարունակել Արթուր Սարգսյանին կալանքի տակ պահել, պետք է նոր միջնորդություն գրի, ներկայացնի ընդհանուր իրավասության դատարան և փորձի հիմնավորել այն»:

Եգորյանը հայտարարեց, որ Արթուր Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում․ - «Առհասարակ այդ մեղադրանքի էությունը անհասկանալի է, այն պարզ չէ: Անհասկանալի է, թե վարույթ իրականացնող մարմինը կոնկրետ ինչ գործողություններ կատարելն է համարում օժանդակություն․․․ դա պարզ չի: Նույն ձևով կարելի է բազմաթիվ այլ մեղադրանքներ ներկայացնել, որոնք հավասարապես պարզ չեն լինի և ոչ մի կապ չեն ունենա Արթուր Սարգսյանի արածի հետ»:

«Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց հետո մեկնարկած բողոքի ակցիաների ժամանակ, հիշեցնեմ, հավաքի մասնակիցներին իրավապահները արգելել էին սնունդ փոխանցել զինված խմբին, ինչից հետո հայտարարվեց, որ Սարի թաղի բնակիչներից մեկը՝ Արթուր Սարգսյանը, ավտոմեքենայով ճեղքել է ոստիկանական շղթան, սնունդ տանելով ծռերին։ Նա ՊՊԾ գնդի տարածքից դուրս եկավ զինված խմբի հետ միասին, երբ վերջիններս հանձնվեցին ոստիկանությանը։

Ընկերները բազմիցս ահազանգել են, որ Արթուր Սարգսյանը առողջական լուրջ խնդիրներ ունի և բուժման կարիք ունի։

XS
SM
MD
LG