Մատչելիության հղումներ

Պուտին․ Ձգտելու ենք, որ կողմերը գտնեն փոխզիջումային լուծում, որը ընդունելի կլինի երկու կողմերի համար


Իլհամ Ալիևը այսօր Բաքվում հատուկ շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերակատարության համար:

«Մենք այդ դերը գնահատում ենք, գնահատում ենք նաև Ձեր անձնական մասնակցությունը, որը շատ կարևոր նշանակություն ունի կարգավորման առաջընթացի հարցում: Մեր հանդիպումը Սանկտ Պետերբուրգում հունիսին մեծամասամբ հենց այս խնդրին էր նվիրված», - այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Ռուսաստանի նախագահն իր հերթին ընդգծել է․ - «Դուք նշեցիք, որ Ղարաբաղը իսկապես խնդիր է, որ մեզ բոլորիս հասել է մեր խորհրդային անցյալից: Գիտակցում ենք, թե ինչքան ցավոտ է այս հարցը Ադրբեջանի և Հայաստանի համար: Մենք ձգտելու ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն այնպիսի լուծում, որը փոխզիջումային կլինի, բայց ընդունելի երկու կողմերի համար էլ, որպեսզի հաղթողները լինեն երկու ժողովուրդները, որպեսզի երկու պետություններն էլ զգան, որ լուծել են այդ խնդիրը ներկա և ապագա սերունդների համար»:

Պուտին - Ալիև հանդիպման մեծ մասն անցել է դռնփակ: Դրանից հետո երկու երկրների պատվիրակությունները բազմաթիվ հարցեր են քննարկել, մի ամբողջ շարք փաստաթղթեր պետք է ստորագրվեն:

Այս հանդիպմանը պետք է քննարկվեին նաև զենքի վաճառքի նոր համաձայնագրեր: Այս մասին պաշտոնական հաղորդագրություն դեռ չկա, սակայն ռուսաստանցի փորձագետները գրում են, թե, «նավթի ցածր գների պայմաններում Բաքուն չի կարող նախկինի պես բազմամիլիարդանող գնումներ կատարել, սակայն մի քանի հարյուր միլիոն դոլարի զենքի համաձայնագրեր կարող է կնքել»:

Ռուսաստանի նախագահն այսօր Բաքվում երկկողմ հանդիպում է ունեցել նաև իրանցի պաշտոնակցի հետ:

Ադրբեջանի մայրաքաղաքում անցնող հիմնական միջոցառումը, սակայն, Ռուսաստան - Իրան - Ադրբեջան գագաթաժողովն է, որի նախաձեռնողը Իլհամ Ալիևն է: Այս նոր ձևաչափով տարածաշրջանային համագործակցության առանցքային հարցերն են Հյուսիս - Հարավ երկաթգիծը և համագործակցությունը էներգետիկայի ոլորտում: Բացի այդ, Թեհրանը, Բաքուն և Մոսկվան հայտարարում են ահաբեկչության դեմ համատեղ պայքարի մասին:

Ուշագրավ է, որ Բաքու մեկնելուց առաջ Վլադիմիր Պուտինն անցկացրել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ, պաշտոնական Կրեմլի փոխանցմամբ, քննարկվել է նաև առաջիկա օրերին նախատեսված երկրի նախագահի մի շարք հանդիպումների օրակարգը: Հիշեցնենք, վաղը Սանկտ Պետերբուրգում Պուտինը հանդիպելու է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, իսկ օգոստոսի 10-ին Մոսկվայում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հավելենք, որ Իրանի արտգործնախարարի տեղակալ Իբրահիմ Ռահիմպուրը ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության տված հարցազրույցում այսօր հայտարարել է, թե նախագահ Հասան Ռոհանին Բաքվում Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու է նաև Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին օգնելու հարցը:

Պաշտոնական Թեհրանը նաև հայտարարում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից հետո, որի արդյունքում հանվել են պատժամիջոցները, Իրանի հետ հարաբերությունները ամենաշատը ընդլայնել են Ռուսաստանը և Ադրբեջանը:

XS
SM
MD
LG